Բաժիններ՝

«40-ից ավելի դիմորդ է եղել, ոմանք չեն անցել՝ չափանիշերը խստացվել են»․ Հայաստանի նկարիչների միությունն ամփոփեց տարին

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ամփոփեց 2019 թվականը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում մի շարք աշխատանքներ են կատարել, եղել են ցուցահանդեսներ, կազմակերպվել են անվճար արվեստաբանական դասախոսություններ՝ երեկոյան ժամերին, հանդիպումներ մշակութային անվանի գործիչների հետ, բարձրացվել է միության աշխատողների աշխատավարձը, միության անդամներին անվճար հատկացրել են արվեստանոցային սենյակներ, ներվել է միության անդամների կողմից անդամավճարների պարտքը։

«Ինչպես խոստացել էինք 2018թ․ դեկտեմբերի 15-ի համագումարի ժամանակ՝ միության 65 տարեկանից բարձր անդամներին սրահները տրամադրեցինք անվճար, ցուցահանդեսների գովազդային պաստառները նույնպես անվճար տպագրվեցին։ Նկարիչների միության երկու անդամի տրվեց դրամական օգնություն՝ բժշկական ծախսերը հոգալու համար, կատարվել է մասնակի վերանորոգում միությանը պատկանող ստեղծագործական տանը․ ներկվել են շենքերի ֆասադները, նոր սանհանգույցներ, նոր հոսանքալարեր են անցկացվել, գնել ենք նոր սառնարաններ, ջրատաքացման կաթսաներ, լվացքի մեքենա, ամբողջովին սալիկապատվել է առաջին մասնաշենքի դիմացի ճանապարհը, վերանորոգվել է պահակատան կտուրը, նոր նստարաններ ենք ձեռք բերել, հիմնովին վերանորոգվել է հանգստյան տանը գտնվող տնօրենի գրասենյակը, որովհետև շատ վատ վիճակում էր գտնվում, վերանորոգել ենք տարածքի ցանկապատը, մաքրել ափը։

Կատարվել է միության երեք սրահների հարդարում։ Մարվել է նախկին նախագահության սխալ կառավարման արդյունքում գոյացած 18 միլիոն դրամ պարտքը, որը գոյացել էր ԱԱՀ չվճարելու պատճառով։ Շնորհակալ ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով արձագանքեց մեր խնդրանքին և խնդրին լուծում տվեց։ Ձեռք ենք բերել գրասենյակային նոր գույք, որովհետև  խայտառակ վիճակ էր։ ԿԳՄՍ-ի հետ Կոմիտաս վարդապետին և Հովհ․Թումանյանին նվիրված մեծածավալ ցուցահանդես ենք կազմակերպել, տպագրվել է 2 պատկերագիրք։ Մասնաճյուղեր են հիմնվել հանրապետության 3 մարզերում»,- մանրամասնեց Սուրեն Սաֆարյանը։

Հայաստանի նկարիչների միության նախագահը հայտնեց, որ այս տարի աննախադեպ ակտիվություն է եղել, շատերն են ցանկացել դառնալ միության անդամ։

«40-ից ավելի դիմորդ է եղել, ոմանք չեն անցել։ Չափանիշերը խստացվել են»,- ասաց նա։

168.am-ի հարցին՝ ո՞ր երեք մարզի հետ են համագործակցում, Սուրեն Սաֆարյանը պատասխանեց․

«Խոսքը Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերի մասին է։ Այս երեք մարզերում գրասենյակներ չկային, հիմնել ենք, ունենք պատասխանատուներ, ովքեր համակարգում են տեղի արվեստագետների և Նկարիչների միության փոխգործակցությունը։ Մասնաճյուղերից մեկն Էջմիածնում է գտնվում, և այնտեղի մեր միության անդամները կարողացան մեկնել Լիոն և այնտեղ ունենալ ցուցահանդես»։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա միության հաշվապահը նշեց, որ հիմնականում բարձրացվել է նկարիչների «Շորժա» հանգստյան տան աշխատողի աշխատավարձը՝ 42 տոկոսով, իսկ Նկարիչների միությանը սպասարկող անձնակազմինը՝ 29,9 տոկոսով։

Ի պատասխան մեր  հարցի, թե Նկարիչների միությանն անդամակցելու չափանիշերն ինչպիսի՞ն են, վարչության անդամ Վահագն Գալստյանը նկատեց․ «Դեռ ԽՍՀՄ-ից մնացած կանոնակարգով ենք ուղղորդվում, աշխատանքներ են տարվում այն արդիականացնելու համար։ Ինչ վերաբերում է դիմորդներին, ապա կարևոր է մասնագիտական կրթությունը, առնվազն երեք ցուցահանդեսի մասնակցություն և երաշխավորագրեր՝ միության անդամների կողմից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս