Ուշացած «պատիժ»՝ Սամվել Ալեքսանյանին
Գործարար Սամվել Ալեքսանյանին պարբերաբար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) հանդիպող ներսի պաշտոնյաներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անում ՀՀԿ-ական նախկին օլիգարխը հեղափոխությունից հետո տնտեսական անկախ կառույցի պաշտոնյաների սենյակներում։
Հիշեցնենք, այդ հանդիպումներից մեկը պատահաբար ֆիքսել էր «Ազատություն» ռ/կ լրագրողը՝ Երևանի քաղաքապետարանի կամազների մասին հայտնի տեսանյութում։ ՏՄՊՊՀ պաշտոնյան բանավոր պարզաբանման փոխարեն՝ ակնարկել էր, թե աննախադեպ ծավալի ուսումնասիրություներ է սկսել հանձնաժողովը շուկայի կենտրոնացման դեմ, և 6 ամիս է՝ դրա արդյունքները ՏՄՊՊՀ-ն չի հանրայացնում։
Պարզվում է՝ 6 ամիս առաջ սկսած դիտարկումներով կարագի շրջանառության ոլորտում հայտնաբերված միակ խախտումը կրկին Սամվել Ալեքսանյանի ընկերությանն է առնչվում։ Գործարարի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, խախտել է օրենքը, գործողության մեջ է դրել չհայտարարագրված համակենտրոնացում։
Ուշագրավ է, սակայն, որ այս հանգամանքն ավելի քան 4 ամիս չի արձանագրվել ՏՄՊՊՀ կողմից, և որպես խախտում չի հարուցվել վարչական վարույթ, իսկ այդ ժամանակահատվածում Սամվել Ալեքսանյանը բազմիցս այցելել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Փաստացի հուլիսին հայտնաբերված խախտումով վարույթը հարուցվել է միայն նոյեմբերի վերջին, հավանաբար «պատշաճ բանակցություններից» հետո՝ կողմերին ձեռնտու արդյունքներից ելնելով։
Ստացվում է՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի բարձրագոչ հայտարարած շուկայի ուսումնասիրությունները, այո, աննախադեպ էին, բայց հատկապես ՏՄՊՊՀ թույլ տված բացթողումների առումով․ 6 ամիս, փաստորեն, ուսումնասիրվել են 5 ապրանքային շուկաներ՝ բենզինի, կարագի, շաքարավազի, բնական գազի և կոնյակի, և հակառակ կանոնակարգի՝ եռամսյակը մեկ արդյունքները չեն հրապարակվել, այն դեպքում, երբ արդյունքների հիման վրա խախտման դեպքերով պարտավոր էին առանց ձգձգումների վարչական վարույթ հարուցել։
Նշենք, որ կարագի շուկայում հայտնաբերված խախտման դեպքով օրենքը նախատեսում է պատասխանատվություն՝ տնտեսվարողի նախորդ տարվա բիզնեսից ստացած հասույթի մինչև 10%-ի չափով, սակայն հայտնի չէ Շողերինա Մկրտչյանի կրած պատասխանատվության չափը:
Ամիսներ առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ ջանքերով, իրեն հարմար ձևաչափով ձևավորում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կազմը (ըստ հրապարակումների՝ թեկնածուներն իր հետ են համաձայնեցվել), իսկ նախագահը պիտի դառնար նույն Ավինյանի մտերիմ ընկեր Գեղամ Գևորգյանը, շատերի մոտ սկսեց կասկած հարուցել այդ կառույցի անկաշկանդ գործունեությունը։ Թերահավատությունը կառույցի նկատմամբ ավելի խորացավ, երբ մամուլը գաղտնաձերծեց որոշ անդամների բիզնես գործունեությունը, կապերն ու կասկածելի հետագիծը՝ նախկին իշխանության հետ։ Շատ ավելի տպավորիչ էր ՏՄՊՊՀ դրսևորած վերաբերմունքը Սամվել Ալեքսանյանի գործունեության նկատմամբ։ Օրեր առաջ 168.am-ը գրել էր ՌԴ Կառավարությունից այս գործարարի մասին ստացված կոշտ նամակագրության մասին, առ այն, որ հեղափոխությունից հետո էլ Ալեքսանյանը շարունակում է բրենդային օղիներ կեղծել։
Ստացվում է՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն իր գործառույթների շրջանակներում քայլեր չի ձեռնարկել, որպեսզի կանխի Սամել Ալեքսանյանի կողմից կեղծված օղիների շշալցումը։
Հակառակ դեպքում ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հարկադրված չէր լինի պաշտոնական գրությամբ նախազգուշացնող նամակ հղել ՀՀ Կառավարությանը, իսկ ՀՀ ՊԵԿ-ն էլ իր հերթին՝ ուշացած արձագանքով, մեր հրապարակմանն ի պատասխան՝ «արդարանար» իր գործողությունների մասով։
Սյուզի Բադոյան