Վարչապետը 2 նոր թեկնածուի անուն է առաջադրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հաստատմանն է ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի (ՏՊՊՊՀ) 2 թեկնածուների անուններ: Ըստ այդմ, առաջարկված վերջին թեկնածուների հաստատումով ՏՄՊՊՀ կազմը կհամալրվի վերջնականապես, իսկ 2 տարի պաշտոնավարման ժամկետով առաջարկվող թեկնածուներն Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն են: Առաջինը մասնագիտությամբ տնտեսագետ է։
1984 թվականին ծնված Էդգար Ճաղարյանն ավարտել է Պետական տնտեսագիտական համալսարանը, ունի տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականից՝ Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում բաժնի պետի պաշտոնից, 2017-ին աշխատանքի է անցել Նախագահի Պետական վերահսկողական ծառայությունում, հեղափոխությունից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ է նշանակվել, 2019թ. հունիսի 14-ին ազատվել է այդ պաշտոնից, որպեսզի ՏՄՊՊՀ անդամ դառնա: Նրան այս պաշտոնում վարչապետն առաջարկել է 2 տարի պաշտոնավարման ժամկետով։
Վարչապետի առաջարկած մյուս թեկնածուն՝ Կարեն Սեդրակյանը, գործազուրկ է։ Նա ևս նույն բուհն է ավարտել և ունի տնտեսագետի գիտական աստիճան, սակայն նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից՝ դեռևս 2002 թվականից: 2008-ից Արաբկիրի թաղապետարանում բաժնի պետի տեղակալ է եղել, 2009-2010 թվականները եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարիչ: 2012թ. հուլիսից Կարեն Սեդրակյանն աշխատանքի է անցել Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ), մինչև 2018թ. հունիս ամիսը նա զբաղեցրել է ՊԵԿ-ի ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը: Հատկանշական է, որ Կարեն Սեդրակյանի թեկնածությունը վարչապետն ընդամենը 1 տարի ժամկետի պաշտոնավարման համար է առաջադրել:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո իշխող ուժը որոշեց իր քաղաքական ամբիցիաներն ու արկածախնդրությունը դրսևորել նաև անկախ տնտեսական մարմնի նկատմամբ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ փոխեց ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմն ամբողջությամբ:
Եվ ուշագրավն այն է, որ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որ բառի ուղիղ իմաստով, կարելի է ասել, տեղափոխվեց Արտակ Շաբոյանի զբաղեցրած ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնին՝ պաշտպանելու երկրում տնտեսական մրցակցության արդար սկզբունքները, իրականում դարձավ առաջամարտիկը՝ պետական պաշտոնյայի իրավունքները խախտելու հարցում:
Գեղամ Գևորգյանն իր ընտրվելուց հետո առաջինը ձեռնամուխ եղավ կոպտորեն խախտել օրենքի պահանջը և ազատվել հանձնաժողովի անդամներից, որոնք օժտված էին պաշտոնավարելու լեգիտիմ իրավունքով, քանի որ նրանք նշանակված էին նախագահի կողմից՝ մինչև 5 տարի ժամկետով:
Ավելին, Գեղամ Գևորգյանն ապրիլի 22-ին ՏՄՊՊՀ նախագահի իր պաշտոնը զբաղեցնելուց սառեցրել է հանձնաժողովի աշխատանքները, տնտեսվարողների բողոքարկումների մասով նիստեր չի նշանակել՝ իբր նախկին կազմին չվստահելու նկատառումով, և սա՝ այն դեպքում, երբ հեղափոխական իշխանությանը դուր գալու համար նախկիններից հրաժարվող Գևորգյանն իրականում ամենաամուր կապով է կապված նախկին իշխանություններին: Գևորգյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, «Գիլյոտին» ծրագրով կառավարման համակարգում շատերին հայտնի դարձած պաշտոնյային նախկինում՝ կառավարությունում, թերևս, այս հարաբերությունների տեսանկյունով էին ընկալում:
Սյուզի Բադոյան