«Գնացե՛ք մեր համայնքներ, գյուղեր, կտեսնեք, որ հուշարձանների մոտ նոր թաղումներ կան». փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ամփոփեց տարին՝ ներկայացնելով մշակութային ժառանգության ոլորտում  իրականացվող ծրագրերը:

Նրա փոխանցմամբ՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենսդրության կատարելագործման նպատակով այժմ լրամշակվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական  միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով կարգավորվելու են բնագավառի իրավական դաշտում տեսանելի բացերը, հստակ ձևակերպումներով մեկնաբանվելու են պատմամշակութային անշարժ ժառանգությանը վերաբերող  հասկացությունները, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման հիմնական չափորոշիչները:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ  դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի  14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել՝ Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

«Հայերենը մեր ինքնության պահպանման ամենակարևոր էլեմենտն է: Կուզեմ, որ այսուհետ, երբ ասում ենք՝ հայոց լեզու՝ փորձենք այլևս չտարանջատել արևելահայերենն ու արևմտահայերենը, այլ ընկալենք՝ որպես մեկ միասնական լեզու: Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների ցանկում արևմտահայերենը կա, և որքան էլ սփյուռքը ճիգ ու ջանք գործադրի՝ արևմտահայերենի մոռացության վտանգն անխուսափելի է: Լեզվի պահպանման համար, օրինակ, թանգարանում արևմտահայերենով էքսկուրսավարների առկայությունը պարտադիր է: Կարևոր է նաև  թատրոններում արևմտահայերենով ներկայացումների բեմադրումը»,- ասաց Նարինե Խաչատուրյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալն անդրադարձավ նաև դպրոցական աբոնոմենտային համակարգի ներդրման ծրագրին: Հիշեցնենք, որ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործել: Ամփոփելով ծրագիրը՝ նա հայտնեց, որ թանգարաններ են այցելել՝ 161.682, թատրոններ՝ 3500, իսկ համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցականներ և ուսուցիչներ:

Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանությանը՝ Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ Իտալիան մեծ փորձ ունի պատմական հուշարձանների պահպանության հարցում, և իտալացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց փորձով:

«Մենք նախապատրաստում ենք օրենսդրական փոփոխություններ՝ կապված հուշարձանների պահպանության հետ: Մեծ կարևորություն ենք տալիս գանձագողության դեմ պայքարին: Գնացե՛ք մեր համայնքներ, գյուղեր, կտեսնեք, որ հուշարձանների մոտ նոր թաղումներ կան: Օրինակ՝ Ագարակի Ոսկեհատ գյուղում ունենք նոր թաղումներ: ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարությունը, համայնքապետերը կփորձեն տարածքներ հատկացնել գերեզմանոցների համար»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ այսուհետ մարդկանց կտեղեկացնեն, թե իրենց շրջակայքում ինչ հուշարձաններ կան, որպեսզի զգույշ լինեն:

Հարցին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքը կաթում է, ի՞նչ է արվում այս ուղղությամբ, Նարինե Խաչատուրյանը պատասխանեց, որ մրցույթը կայացել է, իքս շինարարական կազմակերպություն հաղթող է ճանաչվել:

Դիտարկմանը, որ մասնագետները բարձրաձայնում են նաև «Զվարթնոց» տաճարի անմխիթար վիճակի մասին հարցը՝ ընդգծելով դրա վերականգնամն կարևորությունը, որևէ քայլ կատարվո՞ւմ է այդ ուղղությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը արձագանքեց. ««Զվարթնոց» տաճարը բարձրացնե՞նք. «Զվարթնոցն» արգելոց-թանգարան է, աղետալի վիճակի մասին տեղյակ չեմ, կճշտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս