«Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է». Աղվան Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-հարցին ի պատասխան՝ ասաց Ռ. Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները, և աչք ու ականջ ունեցողը կտեսնի՝ մեր երկրի իրական խնդիրներին առնչվող նրա ներքաղաքական և արտաքին քաղաքական գնահատականները բացառիկ լայն ու ամբողջական հայացք ունեցող, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ են, որոնք դանդաղ, բայց տարածվում են հասարակության մեջ: Այլ գործունեության, անմիջական կամ ամենօրյա շփման հնարավորությունից Երկրորդ նախագահն ապօրինաբար զրկված է, բայց, որ նա քաղաքականության մեջ է, քաղաքական օրակարգ թելադրող ամենաառանցքային գործիչներից մեկն է, ակնհայտ է»,- նշեց նա:

168.am-ի հաջորդ հարցին, թե՝ Արցախի նախագահի թեկնածուներից ո՞վ է վայելում Ռոբերտ Քոչարյանի համակրանքը, քանի որ նա վերջերս հայտարարել էր, թե ճիշտ կլինի, որ Արցախի նախագահը լինի պատերազմով անցած մեկը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է այն, ինչ ասել է, և բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ տեղյակ են արցախյան իրադարձություններին, կարծում եմ՝ պատկերացում ունեն, ոչ թե՝ ով, այլ՝ ովքեր կարող են հավակնել, որովհետև որևէ անուն այդտեղ չի տրված:

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժամանակ առաջ դավադրության մեջ է մեղադրվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանցագործներ են համարվել պատերազմով անցած գեներալները: Այս իրավիճակում բնական է, որ այն, ինչ ունեցել ենք արցախյան ազատամարտի տարիներին, նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, այդ վճռականությունը, կամքն է հաղթանակ բերել մեր ամբողջ ժողովրդին: Բնական է՝ բանակցությունների այսօրվա հեղհեղուկ փուլում կարևոր է, որ Արցախը սեփական հստակ դիրքորոշում ունենա, և Արցախը ղեկավարեն պատերազմով անցած խիզախ առաջնորդներ: Արցախում այս գիտակցումը շատ մեծ տարածում ունի, շատերն են տեսնում այսօրվա վիճակն ու հնարավոր վտանգները: Կապրենք՝ կտեսնենք, ընտրությունները ցույց կտան»:

Տեսանյութեր

Լրահոս