Ալեն Սիմոնյանի հայտարարության հետքերով. ՍԴ դատավորների հետ շփում կա՞

Դեկտեմբերի 12-ին 168.am-ի եթերում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե որքան որ ինքն է տեղյակ, կան դատավորներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից: Մեր հարցին, թե ի՞նչ կարող է սա նշանակել՝ գործա՞րք, պայմանավորվածությո՞ւն, ՍԴ նախագահի խորհրդականն ասաց, որ տպավորություն է, որ այս քաղաքական իշխանություններն իրենք իրենց դատավճիռն են կայացնում:

«Մայիսի 20-ին արդեն դա արեցին, հիմա յուրաքանչյուր հաջորդ քայլով դատարանների առնչությամբ վատթարացնում են իրենց վիճակն օրենքի առաջ, և սա ոչ թե՝ քաղաքական, այլ՝ զուտ իրավական տեսանկյունից: Եթե օրենքի ընդունումից առաջ դեռևս նման հայտարարություն է արվում, հարց է ծագում. սա գործա՞րք է, քաղաքական կոռուպցիայի դրսևորո՞ւմ է, որոշ դատավորներ ազդակնե՞ր են հղել քաղաքական իշխանությանը, որ մենք պատրաստ ենք գնալ վաղ կենսաթոշակի, և Ալեն Սիմոնյանը դա բարձրաձայնո՞ւմ է: Թե՞ ընդամենն անիմաստ հայտարարություն է: Եթե երկրորդն է, ուրեմն թող գնահատականը տա մեր ժողովուրդը, այդ թվում՝ հաջորդ ընտրությունների ժամանակ: Եթե առաջինն է, թող ՀՔԾ-ն անհապաղ քրեական գործ հարուցի և զբաղվի այս հարցով»,- ասել էր Գրիգոր Մուրադյանը:

168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) փորձեց ճշտել, թե արդյո՞ք գործընթաց սկսել են Ալեն Սիմոնյանի այս հայտարարության վերաբերյալ, քանի որ, կարծում ենք՝ հանրությունն իսկապես պետք է իմանա՝ ինչ հիմքեր ունի այս հայտարարությունը: Արդյո՞ք ՍԴ դատավորներն իրենք են  ուղղակի կամ միջնորդավորված ձևով տեղյակ պահել ԱԺ փոխնախագահին, թե՞ դրանք սոսկ կենցաղային մակարդակի խոսակցություններ են կամ ենթադրություն, նվիրական բաղձանք է, որը բարձրաձայնվում է ԱԺ փոխխոսնակի մակարդակով: Թե՞ այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը մեսիջ է ուղարկում ՍԴ դատավորներին՝ վերջիններիս որոշակի ակնարկներ անելով իրենց հետագա գործողությունների վերաբերյալ: Ի վերջո, որտեղի՞ց կարող էր Ալեն Սիմոնյանն իմանալ, ինչպե՞ս կարող էին իր ականջին խոսակցություններ հասնել ՍԴ դատավորների առաջիկա քայլերի մասին. չէ՞ որ ՍԴ դատավորները ոչ վերադասության խնդիր ունեն, ոչ էլ որևէ պարտավորություն, և եթե նույնիսկ որևէ մեկը պատրաստվում է գրել վաղ կենսաթոշակի անցնելու դիմումը, ապա ինքը պետք է հայտարարի այդ մասին:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունն իրավական ընթացակարգով ձեռք բերված տեղեկատվություն չէ, և այստեղ հարցն այն է, թե օրինակա՞ն է այն, թե՞ ոչ, զուտ կենցաղային մակարդակի խոսակցություն է:

«Որպեսզի ՀՔԾ-ն այս հայտարարությամբ վարույթ սկսի, թերևս, ավելի հստակ հանցակազմ կցանկանա ունենալ: Միգուցե ուսումնասիրություն են սկսել, չեմ կարող ասել: Ամեն դեպքում այստեղ պետք է դիտարկվի ոչ թե ենթադրյալ հանցագործության, այլ առերևույթ հանցագործության հատկանիշների հարցը»,- ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս կարծում է, որ հարցն ամեն դեպքում ավելի շատ էթիկայի դաշտում է:

«Մեծ զսպվածություն պետք է ցուցաբերեն բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, հատկապես, եթե խոսքը Սահմանադրական դատարանի մասին է, որպեսզի հանրությանը չգեներացնեն»,- կարծում է Արա Ղազարյանը:

ՀՔԾ-ից մինչ այս պահը մեզ չհաջողվեց մեր հարցմանն ի պատասխան տեղեկատվություն ստանալ, սակայն տեղեկատվություն ունենալուն պես մենք կներկայացնենք իրավապահ այս կառույցի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Ինչևէ, փորձեցինք հասկանալ նաև, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունն Ալեն Սիմոնյանի այս հայտարարության մեջ խնդիր չի տեսնում, և միգուցե հենց դատախազության մոտ առաջացած հարցերի արդյունքում մենք հասկանայինք՝ ՀՔԾ-ն գործընթաց սկսելո՞ւ է, թե՞ ոչ, սակայն դատախազությունն էլ լռեց այս թեմայով:

Տեսանյութեր

Լրահոս