Բաժիններ՝

«ԿԲ մեղադրանքի հասցեատիրոջը պետք է այլ տեղ փնտրել». 168.am

 Այսօր «168 Ժամի» և 168.am-ի «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածին ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել բոլոր լրատվամիջոցներին, որում ասվում է.

«168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է, և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա, և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:

Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով:

Հոդվածի հեղինակը համեմատություն է անցկացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էր արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա նշենք, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը:

Կարող ենք նաև ավելացնել, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ:

Ամփոփելով, կարող ենք պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում՝ դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի համեմատ։

168.am-ի պատասխանը՝ ՀՀ Կենտրոնական բանկին

Այն, որ Հայաստանի միջազգային պահուստները նոյեմբերին ավելի քիչ են եղել, քան հոկտեմբերին, փաստ է։ Փաստ է նաև, որ նոյեմբերին դրանք ցածր էին նաև 2013թ. սեպտեմբերից։ Ու կարևոր չէ, թե 2013թ. սեպտեմբերին քանի օր է պահպանվել պահուստների այդ մակարդակը։

Այս առումով միանշանակ է, որ նոյեմբերին արտաքին պահուստները չեն գտնվել պատմականորեն ամենաբարձր դիրքում։ Դրանք զիջել են՝ ինչպես հոկտեմբերի, այնպես էլ՝ 2013թ. սեպտեմբերի մակարդակին։ Եվ մենք արձանագրել ենք այս փաստը։

Իսկ որ արտաքին պահուստները կարող են անընդհատ փոփոխվել, այդպես էլ կա, ու դա հատուկ ընդգծված է հոդվածում։ Եթե հարկ կա, կարող ենք նորից հիշեցնել` «Արտաքին պահուստների փոփոխությունն իրականում նորմալ երևույթ է։ Տարօրինակն այն է, որ վարչապետը փորձում է դրանում էլ «հեղափոխության» հետք փնտրել։

Միջազգային պահուստներն ինչ-որ պահի միշտ էլ կարող են աննախադեպ լինել կամ գտնվել պատմականորեն ամենաբարձր դիրքում։ Հետո նորից իջնել ու կրկին բարձրանալ։ Դրանում զարմանալու կամ հպարտանալու ոչինչ չկա։ Ոչ առաջին, և ոչ էլ վերջին անգամ է այդպես լինում։ Ինչպես արտառոց ոչինչ չկա նրանում, որ հոկտեմբերին արտաքին պահուստները գտնվել են պատմականորեն ամենաբարձր դիրքում, այնպես էլ ոչ մի ողբերգություն չկա նրանում, որ նոյեմբերին դրանք կրկին կրճատվել են։ Ամենևին չի բացառվում, որ մեկ ամիս հետո պահուստները դարձյալ ավելանան և վերստին գտնվեն պատմականորեն պիկի վրա։

Միջազգային պահուստների նման փոփոխություններ դեռ շատ են լինելու։ Կարևորը, սակայն, ոչ թե այդ փոփոխություններն են, այլ այն, թե դրանք ինչքանո՞վ են կտրուկ»,- մեջբերում ենք մեր հրապարակումից։

Ինչ վերաբերում է նրան, որ տեղին չէ ԿԲ արտաքին պահուստների մասին դատողություններ անել մեկ ամսվա կտրվածքով, ապա այդ մեղադրանքը մեզ չէ, որ պետք է վերագրել։ Դրա հասցատիրոջը պետք է այլ տեղ փնտրել։ Մենք ընդամենն արձագանքել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 26-ի այն հայտարարությանը, որ հիմա Հայաստանի միջազգային պահուստները  գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։

Փաստ է, որ պահուստները նոյեմբերին պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս