Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարադրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։

Այդ հայտարարությունից հաշված օրեր անց Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն։ Դրանք նույնիսկ ավելի քիչ են, քան 2013թ.։

«Մեկ տարում Հայաստանի արտաքին պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Միջազգային պուհուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ են։ Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- նոյեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս գրառումից մի քանի օր հետո Կենտրոնական բանկը հրապարակեց արտաքին պահուստների նոյեմբեր ամսվա վիճակագրությունը, ու պարզվեց, որ Հայաստանի արտաքին պահուստները նոյեմբերի 30-ի դրությամբ այլևս չեն գտնվում պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Հիմա դրանք ավելի քիչ են, քան ընդամենը մեկ ամիս առաջ, նաև ավելի քիչ, քան 2013թ. սեպտեմբերին էին։

Եթե հոկտեմբերին արտաքին պահուստները հասնում էին 2 միլիարդ 468 մլն դոլարի, ապա արդեն նոյեմբերին կազմել են շուրջ 2 մլրդ 375 մլն դոլար։

Այսինքն` 1 ամսում նվազել են 93 մլն դոլարով։ Ու դրա հետևանքով՝ հիմա արտաքին պահուստները չեն գտնվում պատմականորեն ամենաբարձր դիրքում, ինչպես նոյեմբերի 26-ին շտապում էր որպես ֆինանսական ու տնտեսական լուրջ ձեռքբերում` հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։

Որ արտաքին պահուստները վերստին նվազել են և այլևս աննախադեպ չեն, այդ մասին վարչապետը, բնականաբար, գրառում չի անելու։ Ու շատերն այդպես էլ չեն իմանալու, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը 4 օր հետո Հայաստանի արտաքին պահուստներն արդեն պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա չեն գտնվում, որ մեկ ամսում դրանք կրկին նվազել են, այն էլ` 93 մլն դոլարով։

Թե դա ինչո՞վ է պայմանավորվել, էական չէ։ Բայց դա տեղի է ունեցել ներքին շուկայում պահպանվող տարադրամային միջոցների առատության պայմաններում, ինչը թույլ է տվել Կենտրոնական բանկին այս տարի իսկապես աննախադեպ քանակությամբ արտարժույթ ձեռք բերել։ Վերջին տվյալներով, որը հայտնեց վարչապետը, գնվել է շուրջ 522 մլն դոլար։

Թեև դա էլ հավանաբար վերջը չէ։ Պետք է ենթադրել, որ վարչապետի հայտարարությունից հետո էլ Կենտրոնական բանկը շարունակել է մեծացնել գնված տարադրամի քանակը։

Ու անգամ այդ պայմաններում` արտաքին պահուստները նոյեմբերին նվազել են։ Մի բան, ինչը կարող էր պայմանավորված լինել 2 հիմնական գործոնով` արտաքին պարտքի սպասարկմամբ և ներմուծման ֆինանսավորմամբ։

Պարտքի սպասարկման առումով կարծես ամեն ինչ պարզ է։ Ինչ մնում է ներմուծմանը, ապա այն որոշակի կապ ունի սեզոնայնության հետ. Ամանորին ընդառաջ` ներքին շուկայում ձևավորվող բարձր պահանջարկը բավարարելու համար էապես ավելանում է ներմուծումը։ Ու դա պետք է ֆինանսավորել։

Թե այս գործոններից ո՞րն է առավել մեծ ազդեցություն ունեցել միջազգային պահուստների վրա, դեռ պետք է ճշտել։ Բայց փաստն այն է, որ դրանք նվազել են։ Ու հիմա գտնվում են ավելի ցածր մակարդակում՝ ոչ միայն այս տարվա հոկտեմբերի, այլև՝ 2013թ. սեպտեմբերի համեմատ։ Եթե 2013թ. սեպտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները հասնում էին 2 մլրդ 430 մլն դոլարի, ապա այս տարվա հոկտեմբերին կազմել են 2 մլրդ 375 մլն դոլար։ Այլ կերպ ասած, 55 մլն դոլարով քիչ են։

Որ արտաքին պահուստներն անընդհատ կարող են փոխվել, ավելանալ և պակասել, այլ կերպ չի էլ կարող լինել։ Դա կապված է տարբեր գործոնների հետ։ Նայած, թե այդ պահին, որ գործոններն են ավելի ուժեղ։

Արտաքին պահուստների փոփոխությունն իրականում նորմալ երևույթ է։ Տարօրինակն այն է, որ վարչապետը փորձում է դրանում էլ «հեղափոխության» հետքը փնտրել։

Միջազգային պահուստներն ինչ-որ պահի միշտ էլ կարող են աննախադեպ լինել կամ գտնվել պատմականորեն ամենաբարձր դիրքում։ Հետո նորից իջնել ու կրկին բարձրանալ։ Դրանում զարմանալու կամ հպարտանալու ոչինչ չկա։ Ոչ առաջին, և ոչ էլ վերջին անգամ է այդպես լինում։ Ինչպես արտառոց ոչինչ չկա նրանում, որ հոկտեմբերին արտաքին պահուստները գտնվել են պատմականորեն ամենաբարձր դիրքում, այնպես էլ ոչ մի ողբերգություն չկա նրանում, որ նոյեմբերին դրանք կրկին կրճատվել են։ Ամենևին չի բացառվում, որ մեկ ամիս հետո պահուստները դարձյալ ավելանան և վերստին գտնվեն պատմականորեն պիկի վրա։

Միջազգային պահուստների նման փոփոխություններ դեռ շատ են լինելու։ Կարևորը, սակայն, ոչ թե այդ փոփոխություններն են, այլ այն, թե դրանք ինչքանո՞վ են կտրուկ։

Այս առումով տարեսկզբին իսկապես խնդիրներ կային։ Սակայն հետագայում հաջողվեց չոր դուրս գալ այդ իրավիճակից։ Դրան մեծապես նպաստեց ներքին շուկայում առկա տարադրամային միջոցների առատությունը։ Լուրջ կասկածներ կան, որ այդ հնարավորությունը հաջորդ տարի այլևս չի լինելու, կամ, առնվազն, այդպիսի ծավալներով չի լինելու։ Եվ դա կարող է արտահայտվել հատկապես տարվա երկրորդ կեսից, երբ դադարեն որոշ ուղղություններով այս տարի ստացվող տարադրամային հոսքերը։

Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների վերարտահանման արդյունքում ներքին շուկայում ձևավորվող տարադրամի մասին է։ Հաջորդ տարի, երբ Հայաստանը դադարի լինել ավտոմեքենաների վերաարտահանման հարթակ` մի շարք երկրներից այդ հոսքերը կնվազեն։

Ինչքանո՞վ հնարավոր կլինի գտնել փոխարինման այլ աղբյուրներ, դեռ շուտ է ասել։ Չնայած կառավարությունը լուրջ ակնկալիքներ ունի զբոսաշրջության հետ կապված, այնուհանդերձ, այս պահին այդ ակնկալիքները չափազանցված են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս