«Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով նախատոնական գնաճին՝ ասաց, որ դա բնորոշ է հետսովետական երկրներին. «Իսկ արտերկրում, ընդհակառակը՝ համարյա բոլոր ապրանքատեսակներն էժանանում են, որովհետև ավելի շատ վաճառք են կատարում, քան տարվա մյուս օրերին, և իրենց եկամուտն ապահովում են: Ես չեմ ուզում դատել մեր տնտեսվարող սուբյեկտներին, հատկապես՝ գյուղացիներին, որովհետև իրենք, ասենք՝ խոզ են պահում, և տարին մեկ անգամ է, որ մարդիկ խոզի ազդրամիս են գնում, և ուզում են իրենց եկամուտ ապահովել: Իհարկե, ուրիշի հաշվին չի կարելի հարստանալ, դա գեղեցիկ չէ, բայց իրականությունը դա է: ԱՊՀ տարածքի բոլոր երկրներում այդպես է: Քանի որ մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, ձեր ապրանքն է, ինչքանով կուզեք՝ կվաճառեք»:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ թելադրողը սպառողներն են. «Եթե մենք, օրինակ, մի տարի բոյկոտենք և ազդրամիս կամ չրեղեն և այլն չգնենք, ինչպես քաղաքակիրթ երկրներում են անում, հաջորդ տարի դրանց գներն այնպե՛ս կնվազեն: Պահանջարկն է ստեղծում այդ գինը»:
Ինչ վերաբերում է ներկրվող ապրանքներին, ապա, ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահի՝ դրանց գներն էլ են բարձրանում նախատոնական օրերին:
Նրա խոսքով՝ Հայաստանում լինում են և՛ իրական, և՛ «բլեֆային» զեղչեր. «Բլեֆային զեղչերի դեպքում սկզբից բարձրացնում են տվյալ ապրանքի գինը, հետո հայտարարում են զեղչեր: Բայց կան և իրական զեղչեր, և, իրոք, կան տնտեսվարող սուբյեկտներ, որ սպառողի հետ ազնիվ են: Տարվա ընթացքում մենք այնքան բողոքներ ենք ունենում զեղչերի մասով, հատկապես՝ բողոքում են զեղչերի ընթացքում վաճառվող անորակ, ժամկետանց ապրանքներից»:
Անդրադառնալով փողոցային առևտրին, նա ասաց, որ չի կարելի ընտանիք պահելու համար գումար աշխատել՝ ուրիշի առողջության հաշվին. «Սուպերմարկետներում պայմաններ են ստեղծված՝ տարբեր ապրանքների համար: Կան պայմաններ, որ պահպանվում են, և տվյալ մթերքը չի փչանում, իսկ դրսում, իհարկե, փչանում է: Պատկերացրեք՝ դրսում դրված է ձուկ կամ միս. Ինչքան ավտոմեքենաներ են անցնում, ինչքան շմոլ գազ է այդ մթերքների վրա նստում, հատկապես, եթե հաց է վաճառվում: Ինչքան մարդիկ են անցնում՝ փռշտում, նույնիսկ քայլելիս մարդու ոտքի տակից տարբեր միկրոօրգանիզմներ են դուրս գալիս, և դա նստում է այդ ապրանքների վրա: Մի՞թե մենք մեր առողջությունն այդքան ենք գնահատում: Դա գալիս է նրանից, որ մենք քաղաքակիրթ սպառող չունենք: Այսինքն՝ մենք չենք դաստիարակում մեր երեխային՝ սկսած մանկապարտեզից՝ մինչև բուհ, և իրեն ցիվիլ սպառող չենք դաստիարակում»:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ վերջին օրերի ընթացքում ահազանգեր են ստացել, թե սահմանի վրա մեծ քանակով միս են ներկրել, որպեսզի մոնոպոլիա չլինի, բայց ներկրված մսի որակը, ըստ նրա՝ շատ ցածր է. «Ընկերներ, ներկրեք, բայց ձեզ ո՞վ է ասում, որ գնաք ամենացածրորակ, ամենափտած միսը գնեք և հասցնեք Հայաստան: Սահմանին վերահսկողություն եղել է, թույլ չեն տվել՝ մտնի Հայաստան, բայց չգիտեմ՝ ինչ պայմաններով, այդ միսը հայտնվել է Հայաստանում: Հիմա ես մեր սպառողներին զգուշացնում եմ, որ, եթե գնան խանութներ և տեսնեն, որ վաճառվում է տարբեր տեսակի մսեղեն արտադրանքներ՝ 30-40 տոկոս պակաս գնով, չգնեն, որովհետև դրանք պատրաստված են ցածրորակ մսից»:
Սպառողը, ըստ նրա՝ պետք է ուշադիր լինի նաև ապրանքների ժամկետներին. «Ժամկետը տպվում է հենց արտադրանքի պիտակի վրա, իսկ պիտակը եթե պոկեն, չեն կարող խանութում նորը կպցնել, դրա համար նոր ժամկետը վրան են կպցնում, և պետք է ուշադիր լինել»:
Տոնական օրերին թունավորումներից խուսափելու համար նա հետևյալ խորհուրդները տվեց. «Նախ՝ խոզի ազդրամիսը, եթե ուզում են շատ երկար ժամանակ ուտել, ապա առաջին օրը սեղանին դնելուց հետո պետք է կտրտել, դնել սառցարան, հետո կտոր-կտոր հանել, որպեսզի հյուրերին չթունավորեն: Պետք է աղցանները թարմ մատուցել: Ես իմ տանն ամեն օր նորն եմ պատրաստում: Ես չեմ ուզում՝ հանկարծ ինչ-որ մեկը գա՝ իմ տանը վատանա: Ես ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վատություն անեմ: Ամեն մարդ պետք է այդպես մտածի: Այլ ոչ թե՝ հյուրը գալիս է, ասում են՝ մի 7-8 օրվա մնացած սնունդը դնենք, թող ուտի՝ գնա, որպեսզի չմնա»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում