Ի՞նչ է նշանակում՝ քանդենք, հետո կկառուցենք. «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» պարսպի հարցը դեռ չի լուծվել
Դավիթ Անհաղթի 8 հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» պարիսպը հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով շարունակում է վնասվել:
Գործարանի գործադիր տնօրեն Հրանտ Երիցյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Հերթական անգամ քանդել են պարիսպը՝ 18 մետրը դարձել է 30 մետր, և էլի քանդելու են, որովհետև կառուցվող շենքի ներքևի հատվածում ավտոկայանատեղի են կառուցում և այնպիսին չափեր են տվել, որ գալիս է մեր պարսպի տակ: Փորելու արդյունքում մոտ 12 մետր հարթությունների տարբերություն կա: Եթե պարսպի տակ 10 մետր կտրեն՝ է՜, պարիսպը մաքսիմում 1 մետր հիմք ունի, հետևաբար՝ ինքն իրեն շուռ է գալու: Ասում են, որ դա պատահական է եղել, բայց 1000 անգամ մեզ հետ բանակցել են, երկու գրավոր նամակ ունեմ այն մասին, որ կառուցապողը խնդրում է թույլ տալ պարիսպը քանդել, հետո նորը կառուցել: Ի՞նչ է նշանակում՝ քանդենք, հետո կկառուցենք: Այսինքն՝ իրենց շինարարությունը մեկ կամ երկու տարի կտևի, իսկ մեր պարիսպը պետք է քանդվա՞ծ մնա: Բացի այդ, 12-13 մետր բարձրության դեպքում հողը սողանք է ունենում, հիմա 1.5 մետր արդեն փլուզվել է, հետևաբար՝ 1000-ավոր խմ հող կթափվի մեր մոտից»,- պարզաբանեց Հրանտ Երիցյանը:
Նրա փոխանցմամբ՝ խնդրի հետ կապված՝ համայնքապետարանից են եկել, ասել են, թե՝ կասենք, ձեզ հետ կբանակցեն:
«Ես չեմ ուզում, որ բանակցեն, իմ սեփականությունը քանդեն: 100 անգամ ասել եմ՝ ինժեներական լուծումներ տվեք, իմ պարիսպը մի քանդեք: Իսկ թույլտվությունն այնպիսին է, որ, եթե այսպես կառուցվի՝ պարիսպն անպայման պետք է քանդվի: Այսպիսի անարխիկ վիճա՞կ»,- դժգոհեց մեր զրուցակիցը:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ գնացել են բողոքի հետքերով:
Նրանց փոխանցմամբ՝ կառուցապատողն ուզում է փոխհատուցել պատճառած վնասի համար, պարիսպը վերականգնել, տնօրենը, սակայն, համաձայն չէ: Իսկ շենքերը, ըստ տեսչական մարմնի՝ կառուցվում են համաձայնեցված նախագծով, որն անցել է համալիր փորձաքննություն:



