Բաժիններ՝

«Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» պարիսպը փլուզվել է. Տնօրենն ահազանգում է՝ հրավիրելով Քաղաքապետարանի ուշադրությունը

Դավիթ Անհաղթի փողոցի 8 շենք հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրեն Հրանտ Երիցյանն ահազանգում է՝ հարակից տարածքում ընթացող շինարարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է գործարանի պարիսպը, որը գործարանին ծառայել է մի քանի տասնամյակ:

«Մեր գործարանի պարսպի մոտ՝ շուրջ 100 գծային մետր երկարությամբ երեք 16-հարկանի բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն են տվել: Միակողմանի շենքեր են կառուցում, հետնամասում փակ պատ է: Շենքերի տակ՝ 150 մետր երկարությամբ, 29-31մ լայնությամբ ավտոկայանատեղի է: Տարբեր ժամանակահատվածներում «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունից զանգել են մեզ՝ խնդրելով թույլ տալ, որպեսզի մեր պարիսպը քանդեն, հետո՝ վերականգնեն: Կարծում եմ, որ իրենք ունեն նաև մակերեսի խնդիր: Մենք էլ ասել ենք, որ թույլ չենք տալիս պարիսպը քանդել: Իրենց բանվորին ասել ենք, որ թույլ ենք տալիս պարիսպն օգտագործել՝ ինժեներական ամրացումներ կատարելուց հետո: Իսկ այսօր պարսպի տակ արդեն որոշ հատվածներում 10 մետր խորությամբ փոս են փորել:

Հոկտեմբերի 9-ին դիմել էինք Երևանի քաղաքապետարան, որպեսզի քայլեր ձեռնարկեն՝ մեր պարիսպը կանգուն պահելու համար, այն վերահսկեն համապատասխան ծառայությունները, որպեսզի չքանդեն:

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 22-ին Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Մելիք-Քարամյանը  պատասխանել է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի պահանջի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարության սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում  համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտի հետ՝ հասցվելիք  վնասների փոխհատուցման վերաբերյալ:

Իսկ թե ինչո՞ւ պետք է գործարանը մեկ այլ սուբյեկտի պատճառով վնասներ կրի, որպեսզի հետագայում էլ հասցվելիք վնասները փոխհատուցելու խնդիր առաջանա, հայտնի չէ:

Այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, մեր գործարանի պարսպից՝ այդ 150 մետր երկարությունից արդեն 18 մետր իրենք փլուզել են. տեղ կա՝ 5 մետր, տեղ կա՝ 10 մետրից ավելի քանդված է: Հիմա վտանգի տակ է մնացած 132 գծային մետր պարիսպը: Կոչ ենք անում, որպեսզի դադարեցնեն պարսպի քանդումը: Պարսպի ամրացումը ֆինանսական միջոցներ է ենթադրում, սակայն չեն ուզում փող ծախսեն  և անարխիկ ձևով քանդել են մեր պարիսպը:

Խախտվել է անվտանգությունը, տեղի է ունեցել 18 մետր երկարությամբ պարսպի հողային փլուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Երիցյանը:

Նրա փոխանմամբ՝ «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ընկերությունը շինարարարական աշխատանքները սկսել է սեպտեմբերի 27-ից:

«Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրենը հայտնեց, որ այսօր դիմել են Ոստիկանություն, Քաղաքապետարան և ԱԻՆ: Միայն ԱԻՆ-ից են արձագանքել՝ ասելով, որ տեղյակ կպահեն համապատասխան մարմիններին:

Անի Կարապետյան

Հ.Գ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ անպայման կգնան ահազանգի հետքերով, քանի որ պետք է ուսումնասիրեն տեղանքը, ձեռք բերեն քաղաքաշինական փաստաթղթերը, հասկանան՝ դրանք ճի՞շտ են տրված, թե՞ ոչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս