Կանադայում ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը թռիչք է կատարել
Աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին վկայում է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրությունը։
Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաեւ magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը «հեղափոխություն է իրականացնում էլեկտրական ավիացիայի ոլորտում»:
«(Ընկերություններն) այսօր հայտարարել են ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռի հաջող թռիչքի մասին: Այսօր առավոտյան… Կանադայի Ռիչմոնդ քաղաքում տեղի է ունեցել ePlane-ի՝ de Havilland Canada DHC-2 Beaver մակնիշի վեցտեղանոց ինքնաթիռի հաջող թռիչքը, որն ուժեղացված է 750 ձիաուժ հզորությամբ magni500 շարժիչով… Այդ պատմական թռիչքը նշանավորում է երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբը ավիացիայում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «մտել է պատմության մեջ»:
Ինքնաթիռի շարժիչը, ինչպես հավաստիացրել է ընկերությունը, «ինքնաթիռների սնուցման մաքուր եւ արդյունավետ եղանակ է ապահովում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: