«Կողմերը բանակցում են, թե ինչպես սկսել բանակցությունները». Հովհաննես Իգիթյան
«Չէի ասի, որ երկու երկրների արտգործնախարարների հայտարարություններում կա փոփոխություն, բայց կասեի, որ զարգանում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել է։ Այն է, որ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր է անցնել բանակցային հիմնական փուլին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո երկուստեք արված հայտարարություններում տեսնո՞ւմ է փոփոխություն։
Ըստ նրա, ամենակարևոր բանը, որը արտգործնախարարների հանդիպումից հետո նկատել է արված պաշտոնական հայտարարության մեջ, այն է, որ կոնֆլիկտի լուծումն այլընտրանք չունի, բացի խաղաղ լուծման տարբերակից։
Հարցին՝ իսկ Ադրբեջանը տրամադրվա՞ծ է հարցի խաղաղ կարգավորմանը, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ տեսել են ու գիտեն Ադրբեջանի գործողություններն ու ցանկությունները, մասնավորապես՝ տեսել են երեք տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլին։
«Կարծում եմ՝ այս իրավիճակում Ադրբեջանին շատ ավելի դժվար կլինի փորձեր անել՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Իհարկե, հայտարարության մեջ նշված է, որ շփման գծում ավելի քիչ լարվածություն է, սակայն այդ քիչ լարվածությունը մեզ չի բավարարում, որովհետև մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ որևէ կրակոց կամ պայմանավորվածության խախտում Ադրբեջանի կողմից ունենա իր քաղաքական համապատասխան գնահատականը»,- շեշտեց նա։
Հաջորդ հարցին՝ փորձագիտական շրջանակներն ասում են, որ երկու երկրների նախարարները հանդիպում են, այլ ոչ թե բանակցում, հիմա բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ երկու արտգործնախարարները պարզապես հանդիպում են, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ այստեղ ընդամենը բառախաղ է, և եթե դիտարկեն միայն Արցախի հարցի լուծման հետ կապված բանակցությունը, որի համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա այդպիսի բանակցություններ չկան։ Սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա՝ կողմերը բանակցում են, թե ինչպես սկսել բանակցությունները։
«Այն հիմնական ու սկզբունքային մոտեցումը, որ Հայաստանը հայտարարել է, որ բանակցային սեղանի շուրջ պետք է լինի Արցախի Հանրապետությունը, դա շատ կարևոր է։ Այսինքն՝ մենք բանակցային փուլ կհամարենք այն ժամանակ, երբ հաշվի կնստեն Արցախի հետ»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ, որտեղ նշված էր, որ այդ ամբողջ գործընթացի նպատակն է՝ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, նա ասաց, որ Սերժ Սարգսյանին որևէ մեկը չի լռեցրել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում