«Փոքր և միջին խանութների ՀԴՄ տպելով՝ տնտեսության թռիչքային զարգացում, կայուն զարգացում չի կարող լինել» . Սուրեն Պարսյան

2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ անցյալի տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299-ով ավելի ՀԴՄ կտրոն. Ֆեյսբուքյան լայվով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի տեղեկություն է, քանի որ ավելի շատ ՀԴՄ տպելով՝ կրճատվում է ստվերը, բայց  դա որևէ կերպ մարդկանց կենսամակարդակի վրա ազդել չի կարող:

«Այս տարի մանրածախ առևտուրն աճել է 9 տոկոսով՝ ոչ թե այն պատճառով, որ  մարդիկ շատ են առևտուր կատարել, այլ որովհետև ստվերն է բացահայտվել: Այսինքն՝ նախկինում էլ եղել է, հիմա օրինականացվում է: Մենք խնդիր ունենք մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու: Փոքր  և միջին խանութների ՀԴՄ տպելով՝ տնտեսության թռիչքային զարգացում, կայուն զարգացում չի կարող լինել: Այս տարի միջին անվանական աշխատավարձը մասնավոր ոլորտում աճել է ընդամենը 4.1 տոկոսով, առաջին ահհրաժեշտության ապրանքներն աճել են ավելի շատ, մեր ազգաբնակչությունը բարձրացող գների պայմաններում ավելի աղքատ է, պետք է մտածենք եկամուտների աճի մասին, մենք ընկնում ենք ոչ առաջնային երևույթների ետևից՝ մոռանալով  կարևոր տնտեսական ռազմավարության մշակումը և իրականացումը: Եթե կառավարությունն այս տարվա իր կապիտալ ծախսերն իրականացներ ամբողջ ծավալով և ժամանակին, մեր տնտեսական էֆեկտն ավելի մեծ կլիներ, քան այս 106 մլն ՀԴՄ կտրոնների տպագրությունը»,- ասաց տնտեսագետը:

2020թ. հունվարի 1-ից տարեկան  մինչև 24 մլն եկամուտ ունեցող տնտեսվարողներն ազատվելու են հարկերից, վարչապետը պնդում է, որ սրանով ՀԴՄ չտպելու որևէ տեսակի լեգիտիմություն վերանում է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ հարկերից ազատված տնտեսվարողները նորություն չեն, միայն թե առաջ անվանումն է այլ եղել, և այժմ շեմն է բարձրացվել՝ 18-ից դառնալով 24 մլն դրամ: Մարզային խանութների աշխատակիցները հաճախ առաջ են քաշում «նիսյա» կոչվող երևույթի խնդիրը, ինչը, իրենց պնդմամբ, խանգարում է աշխատել ՀԴՄ-ով:

«Բոլոր երկրներում կա ստվերի որոշակի թույլատրելի մակարդակ: Փոքրի և միջինի դեպքում, հատկապես՝ մարզերի պարագայում, այդ ստվերը կարևոր սոցիալական խնդիր է լուծում նաև:  Այսինքն՝ մենք, ընկնելով նրանց հետևից, ըստ էության որևիցե մեծ արդյունք չենք ստանալու, կարող ենք հակառակ էֆեկտն ունենալ: Եթե, օրինակ, մտնենք ինչ-որ գյուղի խանութ ու 180.000 տուգանենք ՀԴՄ չտպելու համար, այդ խանութն ուղղակի կփակվի: Ասում ենք՝ խիստ ենք լինելու, 180 հազար այդ գյուղի խանութը, հնարավոր է,  եռամսյակում է աշխատում, դա՝ լավագույն դեպքում, եթե «նիսյաները» տան: Լուրջ խնդիր է իրականում: Ոչ միայն պատժելու գործիքը պետք է օգտագործենք, այլ նաև խրախուսելու, ավելի մեղմ հարկային քաղաքականություն վարելու մարզերի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս