Բաժիններ՝

«Հայ արհեստավորների մեծ մասը Վրաստան է գնացել՝ աջ ղեկով մեքենաները վերասարքավորելու». Ավտոներկրող

ՀՀ Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում որոշվեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտնեց, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:

«Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողնում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ավտոներկրողներն ահազանգում էին՝ ասելով, որ Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև ահռելի հերթեր են, Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել այդ մեծ քանակությամբ ավտոմեքենաները, բացի դա՝ արդեն դիմում են խորամանկության. մեքենաները քանդում, փողը վերցնում և ասում են՝ պահեստամաս չկա, 500 դոլար ավելացրու, կամ էլ արի, մեքենադ վերցրու և գնա։

Ավտոներկրողները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ աջ ղեկով մեքենաներն արդեն պատրաստվում են բերել Հայաստան:

«Մենք դեռ 4 ամիս առաջ էինք ասում, որ աջ ղեկը թույլատրեն բերել Հայաստան ու վերասարքավորել, որպեսզի այստեղի արհեստավորները գումար աշխատեն: Հիմա հայ արհեստավորների մեծ մասը Վրաստան է գնացել, որոշակի պարտավորություններ ունեն, կիսատ հավաքած մեքենաները կվերջացնեն՝ կվերադառնան ՀՀ»,- նշեց Արման Գասպարյանը:

Մհեր Ոսկանյանի փոխանցմամբ էլ՝ Ճապոնիայից մեքենաները շարունակում են գալ, սակայն մեկ խնդիր կա՝ եղածներն էլ շուտ չեն բացում:

«Փոթիում և Բաթումում կան մեքենաներ, որոնք երկու ամիս առաջ են մտել ու մինչ օրս այդ կանտեյներները չեն բացել: Մեքենաների աննախադեպ քանակ է, չեն հասցնում:

Սակայն, մինչ այդ՝ Մաքսայինում կարող են սեփականատերերը դիմում գրել, որ մեքենան Փոթիում է, և դիմումից 30 օրվա ընթացքում ներմուծեն, հին մաքսային արժեքով էլ մաքսազերծեն»,- նկատեց ավտոներկրողը:

Հավելենք, որ սահմանային անցումային կետում լրացված տարանցման հայտարարագրի հիման վրա՝ տրանսպորտային միջոցները Գյումրիի մաքսատուն (իսկ հայ-իրանական սահմանով ժամանման դեպքում՝ Սիսիանի մաքսատուն) տեղափոխվելուց հետո հայտարարատուն ներկայացնում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր և ձևակերպման համար վերամշակման թույլտվություն: Վերջինս ստանալու նպատակով հայտարարատուն պետք է դիմի Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչություն (կամ Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն)՝ նշելով նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը։

ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվելու են տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, ուստի 2019 թվականին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրվա ընթացքում վերամշակման գործողություններն ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։

Կարևոր է նաև իմանալ, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգը, ինչպես նաև նախնական հայտարարագրումն ավարտվում են ապրանքային հայտարարագրի ներկայացմամբ, ինչն իրենից ենթադրում է ճանապարհածախսի և ապահովագրության գումարների ավելացում մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս