Բաժիններ՝

Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը

Հայաստանը 2018-ի տվյալներով դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 189 երկրների և ՄԱԿ-ի կողից ճանաչված տարածքների շարքում: 2019 թվականի Մարդկային զարգացման զեկույցի արդյունքները Երևանում ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«Հայաստանը գրանցել է խիստ զգալի փոփոխություններ, մեծ առաջխաղացում է գրանցվել մարդկային զարգացման համաթվում (ՄԶՀ): 2018-ին Հայաստանը հասել է 81-րդ տեղը: Սա զգալի ձեռքբերում է, և սա միանշանակ պետք է գնահատել»,-ասաց Շարփը:

1990-ից մինչև 2018թթ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը աճել է 0.633-ից մինչև 0.760, որը կազմում է 20 տոկոս աճ: Կյանքի տևողությունն աճել է 7.1 տոկոսով: Ակնկալվող դպրոցական տարիները աճել են 2.3 տարով: Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2018թթ ընթացքում աճել է մոտ 157.7 տոկոսով:

Շարփը նշեց՝ ՄԱԿ-ի թիմը ձեռք ձեռքի հետ համագործակցում է կառավարության, քաղհասարակության ներկայացուցիչների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կայուն արժեհամակարգի, սննդի անվտանգության, ներառական շուկաների, մարդու իրավունքների և այլ ուղղություններով:

2018թ ՄԶՀ համաշխարհային վարկանիշում առաջատար հնգյակը կազմում են Նորվեգիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Գերմանիան և Հոնկոնգը: Նվազագույն ՄԶՀ վարկանիշ ունեն Բուրունդին, Հարավային Սուդանը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը և Նիգերը:

2019թ ՄԶԶ-ն ներկայացնում է 2018թ Մարդկային զարգացման համաթիվը 189 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս