Փաշինյանն ու կառավարությունն օրենք են խախտել. 70 միլիարդ դրամով նվազեցրել են կապիտալ ծախսերը չինովնիկների աշխատավարձը բարձրացնելու համար. Գագիկ Մինասյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, Ազգային ժողովն ընդունեց 2020թ. պետբյուջեի նախագիծը, որին դեմ քվեարկեցին խորհրդարանում ընդգրկված երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:  Արդյոք կարելի՞ է սա համարել ընդդիմության անվստահությունը գործադիր մարմնի գործունեության նկատմամբ։

– Պետական բյուջեն  հաջորդ տարվա քաղաքականության հիմքն է, և այդ քվեարկությամբ այդ խմբակցությունները ցույց տվեցին, որ այդ քաղաքականությանն իրենք կողմ չեն։ Հետաքրքիր է, որ այդ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել էին ավելի քան 200 առաջարկ. դրանք տարբեր բնույթի էին, սակայն այդ 200-ից որևէ մեկը չընդունվեց։

– Ինչո՞ւ, դա ինչո՞վ  եք պայմանավորում։

– Ակնհայտ է՝ այստեղ որոշումը եղել է քաղաքական։ Մյուս կողմից` հակասությունները խմբակցությունների միջև դարձել է անբնական. ԱԺ-ում այդ մոտեցումը դարձել է սովորական, երբ ընդդիմադիրներն անընդհատ դեմ են կառավարության բերած առաջարկներին, և՝ հակառակը։

– Ինչո՞վ եք պայմանավորում այդ հակասությունը, չէ՞ որ հենց այդ երկու ուժերը ոչ վաղ անցյալում  իրենց վստահությունն էին հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա ծրագրերին:

– Գիտեք՝ մի ֆիլմ կար բոլշևիկյան Սովետական Միության մասին, որտեղ ասվում էր՝ «նա ուներ մի յուրահատուկ հատկություն՝ իր բարեկամներին թշնամի դարձնելու»։ Հիմա, այդ ֆիլմի նմանությամբ, Փաշինյանի իշխանությունն իր բոլոր բարեկամներին դարձնում է թշնամի։

– Ն. Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ այս բյուջեն հեղափոխական է: Նաև որպես ապացույց՝ վկայակոչեց, թե, օրինակ՝ «9 ամսվա կտրվածքով՝  տնտեսական աճը 7.5 տոկոս է. սա մեր, ԵԱՏՄ և  հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ ցուցանիշ է»: Համոզիչ չէ՞:

– Այդ հաջողությունների առյուծի բաժինը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հետ։ Նախորդ իշխանությունները ներկաներին թողեցին մի մեծ հնարավորություն, որը մեծ քանակի՝ 115 միլիարդ դրամի կարգի ֆինանսական հնարավորություններ է բերում։ Օրինակ՝ այն արտոնյալ ռեժիմը, որով մեքենաները ներկրվում են ՀՀ և արտահանվում ԵԱՏՄ երկրներ, այս տարվա դեկտեմբերի 31-ով կավարտվի։

– Բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում բյուջեի հեղափոխական լինելու հանգամանքը, Փաշինյանը հակադարձեց՝ ասելով. «Հայաստանը 2019-ին 1 շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի Ադրբեջանից, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը, իսկ այդ սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը»: Այս փաստարկումից հետո՞ էլ կպնդեք, թե 2020թ. բյուջեն հեղափոխական չէ։

– Եթե դուք այդ եկամուտներից հանեք իմ ասած մասնաբաժինը, կտեսնեք, որ պատկերն այլ կլինի։ Պարզ հաշվարկ կարելի է անել և տեսնել, որ, եթե այդ մեքենաների ներկրումը չլիներ, ապա 2019թ. եկամուտների աճը նախորդող տարվա համեմատ՝ կլիներ ոչ թե 18 տոկոս, այլ 8, այս տարվա արձանագրվելիք եկամուտների նկատմամբ էլ 2020 թ. կլինի 8 տոկոս։

– Ըստ Ն. Փաշինյանի՝ անկում արձանագրվել է, թերևս, միայն գյուղատնտեսության ոլորտում, դա կառավարության ղեկավարը պայմանավորում է նրանով, որ «ձեր կառավարման տարիներին ներկայացրել եք նկարված ցուցանիշներ։ Ինչո՞ւ եք թվերը նկարել։

– Դե, հետո ինքը հասկացավ, որ իր ասածի մեջ հակասություն կա, և ասաց՝ եկեք մի կողմ դնենք վիճակագրությունը։ Երբ ինքն ասում է, որ ընդդիմադիրները բերում են մի տողը, մյուս տողը՝ ոչ, ապա ինքը նման վիճակագրություն ներկայացնելով՝ արեց նույնը։ Նա, հասկանալով դա, հետ քաշվեց իր իսկ բերած թվերից։

– Փաստորեն չե՞ք նկարել թվերը։

– Եթե նկարել ենք, ապա նկարվում է նաև այսօր։  Իսկ ինչ վերաբերում է բյուջեին՝ապա պետք է չափազանց ուշագրավ փաստ արձանագրեմ՝ 70 միլիարդ դրամով նվազեցվել են կապիտալ ծախսերը, իսկ դա անթույլատրելի է, դա նշանակում է՝ քանդել պետությունը։ 45 միլիարդ դրամով ավելացրել են ընթացիկ ծախսերի մասնաբաժինը։ Փաշինյանը և Կառավարությունը խախտել են բյուջեի մասին օրենքը, և այնպես չէ, որ իրենք չգիտեին սրա մասին։ Կրկնում եմ՝ խախտել է օրենքը, որ չինովնիկների համար բարձր աշխատավարձ ապահովեն։

– Այդ դեպքում ո՞րն է նպատակը։

– Նպատակը մեկն է՝ նվազեցնել կապիտալ ծախսերը, որոնք իրենց արդյունքը կտային տարիների ընթացքում, ավելացնում է այն ծախսերը, որոնք ավելի ականջահաճո են։ Այսպես վարվում է միայն այն իշխանությունը, որը չի մտածում, որ երկար ժամանակ է պատրաստվում իշխանության մնալ։

Հարցազրույցի մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս