
«Եթե այս իշխանությունները նախկինում մեկ անձից գնումներն արդարացնում էին հրատապության գործոնով, ապա Ամանորի գալը ոչ մեկի համար չէր կարող անակնկալ լինել». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ 168.am-ը զրուցել է գնումների գործընթացում կառավարության կողմից հոկտեմբեր ամսին կատարած փոփոխության մասին:
– Հոկտեմբեր ամսին կառավարությունը գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարեց մի փոփոխություն, որով ըստ էության պետական մարմիններն այլևս պարտավորված չեն լինի մշակութային միջոցառումներ իրականացնելիս մրցույթ անցկացնելու և կարող են ընտրել իրենց նախընտրած կազմակերպությանը՝ անկախ նախատեսված գումարի մեծությունից։ Ըստ Ձեզ՝ այս որոշումն արդարացվա՞ծ է:
– Այս որոշումն արդարացված կլիներ, եթե վերաբերեր որոշ բեմական գնումների, որոնք իրենց տեսակով եզակի են, և բարդ է ստանալ տեխնիկական բնութագիր՝ ապահովելով ապրանքի բարձր որակը։ Ադյպիսիք են բեմական հագուստը, դեկորացիաները և այլն։ Սակայն կառավարությունը տվել է այնպիսի ձևակերպում, որով ցանկացած մշակութային միջոցառում՝ համերգ, հրավառություն, բեմային այլ միջոցառումներ, այսուհետ կարող են անցկացվել մեկ անձից գնումով։ Սա նշանակում է, որ այսուհետ միլիարդավոր դրամներ, որոնք պետության և տարբեր համայնքների կողմից հատկացվում էին միջոցառումների կազմակերպմանը, այլևս առանց որևէ խոչընդոտի՝ կարող են անցկացվել մեկ անձից գնումով, և դա չի հանդիսանա օրենքի խախտում։
– Կոռուպցիոն ռիսկեր չի՞ կարող առաջացնել այս որոշումը:
– Սա կոռուպցիոն ռիսկը բարձրացնում է շատ վտանգավոր մակարդակի և թույլ տալիս պաշտոնյաներին իրենց հայեցողությամբ ընտրել կազմակերպություններին, որոնք միլիոնավոր դրամների ծառայություն պետք է մատուցեն։ Սա վտանգավոր է նաև նրանով, որ ձևավորվելու է կազմակերպությունների շրջանակ, որոնք մշտապես կրկնվելու են և իրականացնեն միլիոնավոր գնումների պատվերները։
– Երևանի 2020թ. ամանորյա միջոցառումների գնումներն իրականացվել են հենց այս տրամաբանությամբ՝ մեկ անձից գնումով։ Մի դեպքում ընտրվել է մի կազմակերպություն, որը վերջին շրջանում բազմաթիվ մեծածավալ միջոցառումներ է իրականացրել, մյուս դեպքում՝ մի կազմակերպություն, որն ամիսներ առաջ է ստեղծվել։ Խնդրահարո՞ւյց չէ արդյոք մեկ անձից գնումը կատարել մի կազմակերպությունից, որը մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է, ո՞րն է սրա տրամաբանությունը։
– Եթե այս իշխանությունները նախկինում մեկ անձից գնումներն արդարացնում էին հրատապության գործոնով, ապա Ամանորի գալը ոչ մեկի համար չէր կարող անակնկալ լինել։ Սա նշանակում է նաև, որ տնտեսումներ այս ոլորտում ևս չեն կարող լինել, որովհետև մեկ անձից գնման դեպքում պայմանագիրը կնքվում է՝ ըստ նախնական որոշված արժեքի, և հնարավոր չէ այն սակարկել։
Մենք հիշում ենք, որ թե ԱԺ-ի առջև գորգերի լվացման անճաշակ միջոցառումը, թե Անկախության տոնի միջոցառումները, թե շատ այլ միջոցառումներ իրականացվել են առանց մրցույթի և պաշտոնյաների հետ փոխկապակցվածության բազմաթիվ հարցեր են առաջացրել։ Հիմա դա դառնալու է համատարած երևույթ, բայց արդեն «օրինական»՝ կառավարության որոշմամբ հաստատված։
Օրինակ՝ Վարդավառի տոնի առիթով ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» ԱՁ-ներին: Գիտենք, որ միջոցառման համար հատկացվել է մոտ 5 մլն դրամ՝ 4 մլն 941 հազար ՀՀ դրամ: Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում ներկայացված տվյալների՝ «ՄԵՐԻ ՍՈԼՈՅԱՆ ԱԼԲԵՐՏԻ Ա/Ձ»-ն գրանցվել է Վարդավառի տոնակատարությունից (28-07-2019) ընդամենը 5 օր առաջ՝ 2019 թ. հուլիսի 23-ին:
Հետո պարզվեց՝ Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է, ինչը չէր հերքել նաև պատգամավորը:
– Ինչպե՞ս այս որոշմանը կարձագանքեն նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունները:
– Բնականաբար, գիտակցելու են, որ կորցրել են նույնիսկ մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Եթե նախկինում ասում էին, որ մրցույթին մասնակցելու բարենպաստ պայմաններ չկան, ապա այժմ պետք է ասեն, որ առհասարակ չեն կարող կատարել այդ գործառույթը, որովհետև մրցույթ չի հայտարարվում։
– Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ ինչպե՞ս էր այս հարցը կարգավորվում: Ավելի թափանցի՞կ էին աշխատում, թե՞ ընդհակառակը:
– Տարոն Մարգարյանի ժամանակ մեծ մշակութային միջոցառումները միշտ «Շարմ» ընկերությունն էր իրականացնում, փոքրերը հնարավորինս բաշխում էին: Բայց նույնիսկ «Շարմ» ընկերությունն էր մրցույթով ընտրվում: Մրցույթ, ամեն դեպքում, անցկացվում էր:
Ի դեպ, Ամանոր-2020 մեծ միջոցառումն իրականացնում է «Ֆակտորի պրոդաքշըն» կազմակերպությունը: Ես Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին ավագանու նիստի ժամանակ հարց ուղղեցի՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը մի կազմակերպության, որին ամիսներ առաջ սև ցուցակ ուղարկեց՝ ընթացակարգային խախտման համար, ներգրավել է՝ որպես մեկ անձից գնման տեսքով ծառայություններ մատուցող կազմակերպություն: Քաղաքապետի տեղակալն ասաց, որ «Ֆակտորի պրոդաքշըն» կազմակերպությանը սև ցուցակ է ուղարկվել նախորդ գնումների ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո՝ փաստաթղթերից մեկի ուշ ներկայացման պատճառով, բայց այս հանգամանքը քննվել է, խախտումը որակվել է՝ որպես ոչ էական, ինչի արդյունքում ընկերությունը չի հայտնվել սև ցուցակում: Սա առնվազն հարցեր է առաջացնում: