Ինչու հենց «Սիլ Ինշուրանսը». պարզապես բիզնե՞ս, թե՞…
Կառավարության egov.am-ի կայքի՝ մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկացանք, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։
Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանս»-ին։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։
168.am-ը Քրեակատարողական ծառայությանը հարցում ուղարկեց նշված տեղեկատվության վերաբերյալ՝ ցանկանալով ճշտել որոշ դետալներ առհասարակ գերատեսչության, այդ թվում՝ նաև ապահովագրական անցյալից:
Եվ այսպես, ցանկացել էինք իմանալ, թե 2016, 2017, 2018 թթ. ո՞ր ապահովագրական ընկերությունն է իրականացրել ԱՆ ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը, հայտարարվե՞լ է արդյոք մրցույթ, ո՞ր ապահովագրական ընկերություններն են մասնակցել այդ մրցույթին, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է որոշվել ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել «Սիլ-Ինշուրանսին», և արդյո՞ք ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրության պարագայում էլ գործում է Բոնուս-Մալուս սկզբունքը, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:
ՔԿԾ-ից մեզ պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների ապահովագրման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մեկ անձից գնման ձևով՝ համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 04.05.2017թ N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված աղյուսակի 18-րդ կետի:
ՔԿԾ պատասխանի մեջ նշվում է, որ տարբեր ապահովագրական ընկերություններ իրենց պատրաստակամությունն են հայտնում նշված ծառայությունը մատուցելու համար, և ՔԿ ծառայությունն ընտրում է դրանցից ամենաշահավետ տարբերակը:
Այստեղ, իհարկե, նախ և առաջ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են ապահովագրական ընկերություններն առաջարկներ ներկայացրել, երբ այդ գնային առաջարկի ներկայացման համար ապահովագրական ընկերությանը պետք է հայտնի դառնար ծառայության ավտոպարկի մասին բոլոր տվյալները՝ մեքենաների քանակ, մակնիշ, շարժիչի հզորություն և այլն։ Արդյո՞ք ԱՆ Քրեակատարողական ծառայությունը բոլոր ապահովագրական ընկերություններին ուղարկել է նման տվյալներ պարունակող հարցում, թե՞ այդ տվյալները սահմանափակ հասանելի են եղել միայն նախընտրելի ապահովագրական ընկերության համար։
Այնուհետև ՔԿԾ-ն պետք է հասկանա, որ պետական գնումների գործընթացն օրենքի պահանջների համաձայն՝ որոշակի թափանցիկություն է ենթադրում. Մասնավորապես, յուրաքանչյուր գնման ընթացակարգի համար պատվիրատուն պարտավոր է հրապարակել պայմանագիր կնքելու մասին որոշում և կնքված պայմանագրի մասին հայտարարություն։ Օրենքի այս կետը, ի ուրախություն բոլորիս, ՔԿԾ-ն պահել է և gnumer.am կայքում 2019-01-21-ին հրապարակել է այդ հայտարարությունները (ի դեպ, սա ևս գնումների մասին օրենքի խախտում է, քանի որ չէր կարող պայմանագիրը կնքելու որոշումը, պայմանագրի կնքումը և դրա մասին հայտարարությունն իրականացվել 1 օրվա ընթացում)։
Սակայն, ի դժբախտություն ՔԿԾ-ի՝ այդ հայտարարություններից պարզ երևում է, որ ընթացակարգին մասնակցել և գնային առաջարկ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, իսկ թե ինչպես են մնացած ընկերությունները դրսևորել իրենց պատրաստակամությունը, որ չեն մասնակցել ընթացակարգին, թերևս, պարզ չէ, կամ միգուցե ընթացակարգի կազմակերպման փուլում արդեն իսկշրջանցելով բոլոր օրենքները՝ ՔԿԾ-ն նախապես որոշե՞լ էր, թե ով է լինելու հաղթողը։
Բացի այդ, Ավտոապահովագրության բյուրոյի կողմից սահմանված խաղի կանոնների համաձայն՝ ավտոմեքենայի ապահովագրական արժեքի հաշվարկման համար կան հստակ սահմանված սակագներ, ինչը նշանակում է, որ նույն մեքենայի ապահովագրության համար բոլոր ապահովագրական ընկերությունները պարտավոր են առաջարկել միևնույն սակագինը։ Արդյունքում՝ առաջանում է հերթական հարցը, թե ինչպե՞ս կարող էր «Սիլ-Ինշուրանս»-ը ներկայացնել ավելի շահավետ առաջարկ։ Եվ եթե անգամ այդպիսի բան եղել է, ապա ուրեմն ընկերությունը խախտել է բյուրոյի կողմից սահմանված սակագների հաշվարկմանկանոնները, և սա արդեն անառողջ մրցակցության դրսևորման երևույթ է, որով պետք է զբաղվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Հարց է ծագում՝ արդյո՞ք ընտրությունը կատարվել է այն պատճառով, որ «Սիլ Ինշուրանսը» պատկանում է իշխանությունների ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանիհետ մտերիմ հարաբերություններ ունեցող գործարար Խաչատուր Սուքիասյանին, Սուքիասյանների ընտանիքին, թե՞ իսկապես համարել են, որ այս ընկերության առաջարկը լավն է։
2016թ., օրինակ, ըստ ՔԿԾ պատասխանի, այդ գերատեսչության տրանսպորտային մեքենաների ապահովագրությունն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն, ու ժամանակի ընդդիմադիր մամուլի հավաստմամբ՝ այդ ապահովագրական ընկերությունը կապվում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, ու հենց այդ պատճառով էր պետական հիմնարկ-ձեռնարկությունների մեծ մասի ապահովագրությունը վստահվում այդ ՍՊԸ-ին:
2017 և 2018թթ. Քրեակատարողական ծառայության տրանսպորտային միջոցների ապահովագրությունն իրականացրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն:
Ցավոք, չգիտենք նաև, թե նախորդ տարիներին արդյո՞ք «Սիլ Ինշուրանսը» մասնակցել է մրցույթին ու առաջարկներ ներկայացրել, և օրինակ, ի՞նչ չի արել նախորդ տարիներին, որ արել է այս տարի, ու դրանով իսկ բոլորից գրավիչ դարձրել իր առաջարկը:
ՔԿԾ-ից հայտնում են նաև, որ տրանսպորտային միջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման հաշվարկները կատարվում են «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից՝ սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան, որտեղ գործում է նաև Բոնուս-Մալուս սկզբունքը: