«Վրաստանը չմտնի ԵԱՏՄ, իրենք վայելեն, մենք էլ այստեղ կռիվ տա՞նք». ավտոներկրողը դժգոհում է
Ավտոներկրողներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս անգամ, սակայն, ոչ միայն բողոքում, այլև շնորհակալություն էին հայտնում: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բարձրացրած խնդիրների մի մասին լուծում է տրվել, օրինակ՝ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան Կառավարության երեկվա որոշմամբ թույլատրվել է, միայն թե դրանք աջ ղեկով շահագործել թույլ չի տրվի, կա՛մ ղեկը կփոխվի մեր երկրում, կա՛մ այն կվաճառվի ու կարտահանվի:
Նախկինում ավտոներկրողները բողոքում էին նաև, որ ամեն մեքենայի համար 20 տոկոս հարկ պետք է վճարեն, ինչը հիմա կառավարության որոշմամբ դարձել է 1 տոկոս, քանի որ, ինչպես ներկրողներն էին պնդում, շատ մեքենաներ իրենց պարզապես ուղղակի նվիրում էին: Կառավարությանը մեկ խնդրանք էլ ունեին, ասում էին, թե արտերկրից շատ գնորդներ գալիս են մեր երկիր, ժամանակավոր կացության ապօրինի քարտ ձեռք բերում, ապա հարևան Վրաստանից մեքենա գնում, Հայաստանում մաքսազերծում են, գործարքներն էլ արվում են առանց սոցքարտերի, ուստի խնդրում էին վերահսկել գործընթացը:
«Երեկ 140 ղազախ իջել է Հայաստան ու գնացել Վրաստան՝ մեքենա գնելու: Գնում են, մեկի գրպանից տեղեկանք են ձեռք բերում, բացարձակ անօրինական տեղեկանքներ են գնում, մենք գիտենք, բայց ոչ մի բան չենք կարողանում անել: Կարող ենք մեր տանը գրանցել իրենց, գույքահարկը վճարել տանք, ինքներս էլ պատասխանատվություն կրենք իրենց համար: Վրաստանը չմտնի ԵԱՏՄ, իրենք վայելեն, մենք էլ այստեղ կռիվ տա՞նք, թող գան մեզանից գնեն»,- ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Շուկան դատարկվում է, գնորդ չունենք: Այն մեքենան, որը Հայաստանից պետք է առնեն 3000 դոլարով, գնում են, Վրաստանից 2500-ով են գնում»,- ասաց ավտոներկրող Արմեն Փիլոյանը:
«Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի համակարգ, որ օտարերկրացին առևտրային հարաբերություններում մեր երկրում որպես առաջին սուբյեկտ հանդես չգա, ինչպես ԵԱՏՄ ողջ տարածքում է: Տնտեսվարող սուբյեկտները ցանկացած երկրում տնտեսական հարաբերություններում՝ բացի իրենց երկրի քաղաքացուց, այլ երկրի քաղաքացի չեն ճանաչում: Այստեղ խախտվում է նաև իրավահավասարությունը, մեր երկրի քաղաքացուց գործարք կատարելիս սոցքարտ են պահանջում, իրենցից՝ ոչ»,- ասաց իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանը: