Նիկոլը՝ ընդդիմության «կատալիզատոր»
Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա: Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Ավելին, կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Փաստ է մի բան՝ միանձնյա կառավարման մոդելի գոյությունը վտանգավոր է ցանկացած պետության համար:
Իշխանության ներսում և քաղաքական դաշտում հակակշռող և զսպող մեխանիզմների բացակայությունը, «գրպանային խորհրդարանը» Փաշինյանին թույլ են տալիս նեղ անձնական շահերի շրջանակում պետության կառավարումը հաճախ վերածել արկածախնդրության, ինչի ականատեսն ենք դառնում վերջին մեկուկես տարվա ընթացքում։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ «մաքրել» քաղաքական համակարգը՝ ցանկացած մեթոդով այն հարմարեցնելով իր «քաղաքական քիմքին»։ Ասվածի վառ օրինակն է ընդդիմադիր հատվածի նկատմամբ կիրառվող տարբեր մանիպուլյատիվ և քաղաքական մախինացիաների դեմարշը։ Ներկայումս, եթե փորձենք Փաշինյանի համար ռեալ քաղաքական սպառնալիք և հակակշիռ հանդիսացող ուժերին առանձնացնել, ապա դրանց կարելի է մի քանի խմբի բաժանել։ Առաջին և բովանդակային քննադատող կառույցներից առանձնացնենք ՀՀԿ-ին, որը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլից ցույց տվեց, թե ինչպիսի կոշտ ընդդիմություն է լինելու։ Մյուս բևեռը Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են, ովքեր քաղաքական բաց պայքարի մեջ մտան ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալելուց հետո և բավականին ակտիվ քաղաքական գործողությամբ աչքի ընկան՝ հիմնականում անկանխատեսելի և կրեատիվ լուծումներ առաջարկելով։ Միքայել Մինասյանն իր համախոհներով Նիկոլ Փաշինյանի համար կարևոր «գլխացավանքներից» մեկն է, քանի որ իր վերլուծություններով նախկին դեսպանը կարողանում է Փաշինյանին լուրջ դիսկոմֆորտի մեջ դնել՝ պարբերաբար հիշեցնելով նոր և իսկական հեղափոխության ու հասարակության գիտակցության վերականգնման մասին։ Փաշինյանն իր համար նոր քննադատողների մի լուրջ բանակ ստեղծեց՝ ի դեմս ՀՅԴ-ի՝ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, չնայած հանուն արդարության պետք է փաստենք, որ Դաշնակցությունն արդեն տևական ժամանակ ոլորտային լուրջ քննադատության է ենթարկում «թավշյա» իշխանություններին՝ բավականին փաստարկված ու թիրախային խնդիրներ բարձրացնելով։
Իշխանությունների գործողություններին լրջորեն հետևում և խիստ քննադատում են նաև նորաստեղծ 2-3 կուսակցությունները։
Քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանին քննադատողների մնացած հատվածը հիմնականում քաղաքական դաշտում նոր ձևավորված հասարակական-քաղաքական կառույցներ են («Ադեկվադ», «Վետօ», «Վերնատուն» և այլն), որոնք նույնպես Փաշինյանի համար բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում և անընդհատ գտնվում են իշխանությունների քարոզչական կենտրոնների ուշադրության ներքո։
Իշխանության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է իր ընդդիմախոսներին «մաշեցնել»՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները՝ սկսած քաղաքական հետապնդումները, կալանավորումներն ու հետախուզումներ հայտարարելը, մինչև սոցիալական ցանցերում կեղծ՝ ֆեյք օգտատերերի «ֆաս» հրաման արձակելն ու Ֆեյսբուքում մարդկանց էջերն արգելափակելը։ Ըստ էության, ակնհայտ է մի բան․ նմանօրինակ քաղաքական ռեպրեսիաները միանշանակ կոնսոլիդացնելու են ընդդիմադիր թևը՝ այն դարձելով մեկ ամբողջական ընտանիք։
Օրինակ, Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք (որը, ի դեպ, լայն հանրության մոտ չունեցավ մեծ շոկային ռեակցիա, ինչի պատճառով իշխանությունների մոտ յուրահատուկ տրամադրության անկում առաջացրեց, քանի որ նրանք ավելիին էին սպասում) ներկայացնելով՝ իշխանությունները մի յուրօրինակ «նվեր» մատուցեցին ՀՀԿ-ին, քանի որ այդ ընթացքում կուսակցության շուրջ առանձնակի համախմբում տեղի ունեցավ, ինչը միանշանակ առիթ կհանդիսանա իրավիճակի վերագնահատման և կուսակցության քաղաքական դիրքի էլ ավելի ամրապնդման։
Իր քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով և «ասֆալտին պառկացնելով»՝ Փաշինյանը, ըստ էության, մոբիլիզացիայի մի յուրահատուկ կատալիզատորի դեր է կատարում՝ խթանելով քաղաքական ուժերի համախմբմանը։
Արմեն Հովասափյան