Բաժիններ՝

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից: Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, 2018 թվականին կարմրուկից մահացել է ավելի քան 140 հազար մարդ, ինչը գրեթե 20 հազարով ավելի է, քան մեկ տարի առաջ։2018 թվականին ԱՀԿ-ն իր անդամ երկրներից ստացել է տեղեկություններ, որոնց համաձայն, տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 353 հազար 236 դեպք, մինչդեռ կազմակերպությունում վստահ են, որ այդ հիվանդության տարածման իրական մասշտաբները բազմակի գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը:

ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, անցյալ տարի աշխարհում կարմրուկով հիվանդացել է մոտավորապես 9 մլն 769 հազար 400 մարդ, իսկ մահացել է 142,3 հազարը: 2000 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվը նվազել է ավելի քան երեք անգամ, իսկ մահացածներինը՝ գրեթե չորս անգամ, սակայն 2017 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվն աճել է գրեթե 2 միլիոնով, իսկ մահացածներինը՝ գրեթե 20 հազարով:

ԱՄՆ-ում գրանցվել են վերջին քառորդ դարի ընթացքում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները. չորս եվրոպական երկրներ՝ Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Չեխիան, 2018 թվականին կորցրել են այն պետությունների կարգավիճակը, որոնցում բացակայում է կարմրուկը: Կարմրուկն առավել մեծ տարածում է ստացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիում, Ուկրաինայում եւ Մադագասկարում:

«Այս հինգ երկրներին բաժին է ընկնում աշխարհում կարմրուկի բոլոր դեպքերի գրեթե կեսը»,-արձանագրում է ԱՀԿ-ն: Ըստ փորձագետների գնահատումների՝ անցյալ տարի մահացու ելքով ամենից շատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում՝ 52,6 հազար, Արեւելյան Միջերկրականում մահացել է 49 հազար մարդ, Հարավարեւելյան Ասիայում՝ 39,1 հազար, Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում՝ 1,3 հազար, Եվրոպայում՝ 0,2 հազար մարդ:

Հիվանդացածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավարեւելյան Ասիայում՝ 3 մլն 803 հազար 800: Աշխարհում կարմրուկից մահացածների մեծամասնությունը կազմում են մինչեւ հինգ տարեկան երեխաները: Ինչպես ընդգծում է ԱՀԿ-ն, «նորածինները եւ փոքր երեխաները ենթարկվում են կարմրուկով վարակվելու ամենալուրջ ռիսկին՝ հնարավոր բարդություններով, ներառյալ թոքաբորբը եւ գանգուղեղի բորբոքումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս