Մազերի ներկերը մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. International Journal of Cancer

Գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք կանոնավոր կերպով օգտագործում են պերմանենտ ներկեր եւ մազերի համար քիմիական ուղղիչներ, ենթակա են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկի, քան այն կանայք, որոնք չեն օգտագործում այդ արտադրանքը: Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Cancer հանդեսում։

Առողջության ազգային ինստիտուտից ամերիկացի գիտնականները վերլուծել են 46 հազար 709 կանանց տվյալները, որոնք 2003-2009 թվականներին մասնակցել են Sister Study-ի հետազոտությանը, որն ուղղված էր այն բանի ուսումնասիրությանը, թե շրջակա միջավայրը եւ գեներն ինչպես են ազդում կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության վրա: Այդ բոլոր կանանց մերձավոր ազգականներից մեկը՝ քույրը կամ մայրը, ունեցել է ուռուցքային այդ հիվանդությունը, բայց նրանք իրենք հետազոտության պահին առողջ են եղել:

Հեղինակները բացահայտել են, որ այն կանանց մոտ, որոնք կանոնավոր կերպով մազերի համար պերմանենտ ներկ են օգտագործել հետազոտությանը մասնակցելուն նախորդած տարվա ընթացքում, 9 տոկոսով ավելի մեծ է եղել քաղցկեղի զարգացման հավանականությունը, քան այն կանանց մոտ, որոնք այդ ներկը չեն օգտագործել:

Խոսքը հատկապես վերաբերում է մշտական ներկանյութերին, որոնք խախտում են էնդոկրին համակարգը եւ քաղցկեղածին են: Մազերի գույնի ժամանակավոր փոփոխության միջոցների համար ոչ մի ռիսկ չի հայտնաբերվել: Եվս մեկ բացահայտում է դարձել կաթնագեղձի քաղցկեղի եւ մազերի համար քիմիական ուղղիչների կիրառման միջեւ հայտնաբերված կապը: Հետազոտողները պարզել են, որ ուռուցքային հիվանդության զարգացման ռիսկը նրանց մոտ, ովքեր այդ միջոցներն օգտագործել են յուրաքանչյուր հինգ-ութ շաբաթը մեկ անգամ, 30 տոկոսով ավելի բարձր է եղել այն կանանց համեմատությամբ, որոնք երբեք դրանք չեն օգտագործել:

Ընդ որում՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում, ներկերի եւ ուղղիչների համար, ռիսկն աճել է մազերի համար միջոցների ավելի հաճախակի օգտագործման համեմատ: Գիտնականները նշում են, որ իրենց տվյալները նախնական են եւ հաշվի չեն առնում այլ գործոնների ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս