Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին. «Փաստինֆո»
«Դա մարդկության պատմության հիմարագույն երեւույթներից մեկն է։ Ինչպե՞ս կարող է քաղաքացին վճարել 10 միլիոն դրամ եւ ծառայել մեկ ամիս։ Ես չգիտեմ, ում մտքով է նման հիմարություն անցել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագծին։ Հիշեցնենք, որ այն շրջանառության մեջ է դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծել հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։
Գեներալ-լեյտենանտը շեշտել է՝ Հայաստանի նման երկրի քաղաքացին ուղղակի պարտավոր է ծառայություն անցնել եւ դրանով իսկ պաշտպանել հայրենիքը՝ թույլ չտալով հայ ժողովրդի հետագա ցեղասպանությունը։ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ այդ նախագծի ընդունումն ուղղակի կործանարար կարող է լինել Հայաստանի համար։
«Գիտեք, հայ ժողովրդի պատմության մեջ պետք է գրել այդպիսի դավաճանությունը, այդպիսի հանցագործությունը։ Դա մեծագույն հիմարություն է։ Քաղաքացին պետք է պաշտպանի իր մորը, հորը, քրոջը, դստերը, բոլորին։ Այդպես պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ շրջապատող ագրեսիվ պետությունների՝ Թուրքիայի ու հատկապես Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգը չի վերացել։ Դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ ձեռնտու է հակառակորդին»,- «Փաստինֆո»-ին ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հիշեցնենք, նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նախօրեին անգամ ֆլեշմոբ հայտարարեց ու կոչով դիմեց իր առաջարկած նախագծի պոտենցիալ շահառուներին. «Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետև քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է ՀՀ-ում երկու տարի ծառայելը, և եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստան վերադառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ՝ դրա մասին հայտնեք ինձ, դրա մասին տեղադրեք ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։
Անդրադառնալով այսպես ասած, արագացված ծառայության ժամկետին, ռազմական գործիչը ընդգծել է՝ ծառայության 2 տարիների ընթացքում երիտասարդների հետ հստակ աշխատանք է տարվում. «Ենթադրենք, նա տանկի հրամանատար է կամ մեխանիկ, նրա հետ կոնկրետ աշխատանք է տարվում, նա սովորում է, ծանոթանում է տեխնիկային, զինված պայքարին, նա սովորում է տեսությունը…Եթե չծառայի, գումարի դիմաց ազատվի, ի՞նչ է անելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի, 5 րոպեում զոհվելու է, որովհետեւ չգիտի, թե ինչ է պատերազմը, ինչ է կրակահերթը, չգիտի՝ ինչպես պաշտպանվել»։
Նորատ Տեր-Գրիգորյանցն նաեւ նշել է, որ այդ նախագիծը կարող է դառնալ բացառապես հարուստների մենաշնորհը։
«Ես՝ որպես ռազմական գործիչ, որպես պրոֆեսիոնալ, ասում եմ՝ դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է»,-եզրափակել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: