Բաժիններ՝

Ֆեդերիկա Մոգերինին նոր պաշտոն է ստացել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներքին տեղահանված անձանց խնդիրների բարձր մակարդակի խմբի համանախագահ է նշանակել Ֆեդերիկա Մոգերինիին, որը դեկտեմբերի 1-ից դադարել է զբաղեցնել Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝ դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ։

«Խումբը կգլխավորեն Ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչը, եւ Դոնալդ Կաբերուկան՝ Աֆրիկայի զարգացման բանկի նախկին նախագահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նոր խմբի մեջ, որի ստեղծման մասին հայտարարվել էր հոկտեմբերին, նաեւ կմտնեն Կոլումբիայի, Հորդանանի, Նորվեգիայի, Եթովպիայի, Հարավային Սուդանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները: Այն աշխատանքի ձեռնամուխ կլինի 2020 թվականի սկզբին, պետք է անցկացնի առնվազն չորս հանդիպում եւ տարեվերջին գլխավոր քարտուղարին ներկայացնի զեկույց՝ հանձնարարականներով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2018 թվականին հակամարտությունների պատճառով ներքին տեղահանված անձանց թիվն աճել է մինչեւ 41 միլիոն: Եվս17 միլիոն մարդ հարկադրված է եղել լքելու իր տունը բնական համաղետների պատճառով:

Գուտերիշը նոր մարմնի առջեւ դրել է «կոնկրետ երկարաժամկետ որոշումների որոնման» նպատակ, որոնք ՄԱԿ-ին թույլ տան ավելի լավ օգնել այն երկրներին, որոնք ներքին միգրացիայի խնդիր ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս