«Ինձ հետ հողատարածքի մասին խոսք չի գնացել, ընդհակառակը՝ ասվել է ՝ Երևանում հող չկա, շատ բարդ է այդ հարցը». ԲՀԿ պատգամավորը հակադարձում է Հայկ Մարությանին
Աբու Դաբիի թագաժառանգը և ԱՄԷ-ի հյուրանցողային ցանցի ղեկավարը հանդիպել են Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի հետ, կես ժամ անց հիասթափված հեռացել են: ԱԺ-ում երեկ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի ուշ պատասխանեց, որ հանդիպում եղել է, եղել են ներդրողներ, սակայն նկատեց, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետևում, ըստ նրա՝ փաստեր չկան և ի թիվս մի քանի դրվագների՝ հիշեց նաև ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ հեռախոսազրույցը.
«Նաև կար հայտարարություն, որ մենք Աբովյանում անում ենք սոցիալական շինարարություն, ուզում ենք Երևանում էլ անել, մենք ասում ենք, Երևանը՝ ոչ ասում է, ոչ մասնակցում է և այլն: Ես տեսնում եմ այդ հաղորդագրությունը և ինքս եմ կապվում մերոնց հետ՝ ստուգեք, թե դիմում-առաջարկ եկե՞լ է՝ չկա, զանգում եմ ԲՀԿ իմ գործընկերոջը՝ Արմանին Աբովյանին, ասում եմ՝ եղբայր, մեզ մոտ նման դիմում չկա, եթե էդպիսի ցանկություն կա շատ ուրախ ենք, խնդրում եմ՝ կազմակերպեք- դիմում գրեք, եկեք՝ քննարկենք: Երկար ժամանկ էդ դիմումն էլ չէր գրվում՝ հետո վերջապես գրվեց՝ իմ օգնությամբ:
Մերոնց ասեցի՝ վայրկենական պատասխանեք, որովհետև հետաքրքիր է ՝ սոցիալական ինչ-որ կոմպոնենտով և այլն: Մերոնք նախ առաջարկում են, ասում են՝ էս տարածքը կարող ենք տրամադրել, բայց խնդրում եմ նաև եկեք, որ քննարկենք, և առայսօր ոչ մի ընթացք, այսինքն՝ կորան ու կորան. Չկան»:
Արմանն Աբովյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում այլ բան ներկայացրեց.
«Ասաց, որ դիմում է ուզել սոցիալական շինարարության համար, համապատասխան դիմումը տվեցինք և վերջ` գործը տեղից չշարժվեց։
Ընդ որում, ինձ հետ հողատարածքի մասին խոսք չի գնացել, ընդհակառակը՝ ինձ ասվել է որ Երևանում հող չկա, շատ բարդ է այդ հարցը։ Թե ինչ ընթացք ստացավ այդ գործը հետո, ես տեղյակ չեմ»: