Տիգրան Արզաքանցյանին առնչվող գործ է քննվում ՔԿ-ում

Երկու ամիս է,  ինչ հեղափոխական իշխանության թիրախում է  հայտնվել ՀՀԿ-ական երբեմնի օլիգարխ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեում (ՔԿ) քննվում է նախկին պատգամավորին առնչվող 3 տարբեր  ընկերությունների միջև կնքված մի քանի դրվագներից բաղկացած մութ գործարքի հետագիծը, որը տանում է մինչև Արզաքանցյանի ազգակցական կապեր։ Մեղադրանքն առաջադրված է, իհարկե,  այլ անձի՝ Մարտիկ Արզաքանցյանի նկատմամբ, ով ոչ միայն  Տիգրան Արզաքանցյանի ազգականն է, այլև նրա աջ ձեռքն է համարվում։  Ծնունդով գավառցի սույն անձի դեմքով՝ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ոչ վաղ անցյալում մասնակցում էր շինարարական մրցույթների ու հանքարդյունաբերական բիզնես ոլորտում ծանրակշիռ գործարքներ էր կնքում։

ՔԿ-ում քննվող սույն գործով 168.am-ին հայտնի են դարձել որոշ դրվագներ։ Արզաքանցյանին նախկինում պատկանող  «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում նոր իրավատիրոջ կողմից բացահայտվել են առանձնապես խոշոր չափի՝ 6 մլն 251 հազար  դոլարը գերազանցող գույքային վնասներ, որոնք իրականացվել են Տիգրան Արզաքանցյանի վստահորդ Մարտիկ Արզաքանցյանի տնօրեն եղած շրջանում։

Պարզվում է, վերջինս  մեծահոգաբար  փորձել է  ժեստ անել և «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ հաշվին մարել է  Տիգրան Արզաքանցյանի հետ փոխկապակցված  երկու այլ ընկերությունների՝  «Գրեյթ Վելլի Հ/Ձ»  և «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ  կողմից «Արդշինբանկում» ունեցած ահռելի ծավալի դոլարային վարկի  պարտավորությունները,  և ներքին պայմանավորվածությունների արդյունքում գրավադրվել է  «Պարամաունտ Գոլդ Մայնինգի» ունեցվածքը։ Հետագայում այս երկու ընկերությունները՝ «Գրեյթ Վելլի Հ/Ձ» ՍՊԸ-ն  և «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ-ն, սնանկացել են, իսկ  բանկի հանդեպ ունեցած պարտավորության դիմաց փաստի առջև է կանգնել  «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն։

Սակայն ուշագրավ է այն, որ Մարտիկ Արզաքանցյանի և իր ղեկավարած ՓԲԸ-ի  անունները համացանցում որոնելիս՝ ի հայտ են գալիս առավել ուշագրավ տեղեկություններ։ Օրինակ,  Մարտիկ Արզաքանցյանը հանդիսացել է նաև  2005թ. հիմնադրված  «Նիկել սար» ՍՊԸ տնօրենը, որի փաստացի հիմնադիրն ու  100 տոկոսանոց բաժնետերը, ըստ Արդարադատության նախարարության ռեգիստրի տվյալների, Տիգրան Արզաքանցյանն է համարվում։  Իսկ «Նիկելի սար»  ՍՊԸ-ն 2012թ․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ստացել է Շիրակի մարզում թվով երկու բազմամետաղ հանքերի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն։

Իսկ ահա «Պարամաունտ գոլդ մայնինգի» մասով գործել է երկու նույնանուն ընկերություն՝ գրանցված տարբեր իրավական կարգավիճակներով՝ ՓԲԸ և ՍՊԸ, և, ընդ որում, երկուսն էլ Տիգրան Արզաքանցյանի անձի հետ են կապված, միայն մի տարբերությամբ, որ ՍՊԸ-ի դեպքում նրա բաժնետերերից մեկը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է եղել։  Համացանցում տեղեկություն կա  նաև այն մասին,  որ  2010թ. ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է  հանքարդյունահանման լիցենզիա:

Սյուզի Բադոյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս