«Աբու Դաբիի թագաժառանգը և ԱՄԷ-ի հյուրանցողային ցանցի ղեկավարը հանդիպել են Հայկ Մարությանի և Մեսչյանի հետ, կես ժամ անց հիասթափված հեռացել են». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են:

«Հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է մեր աշխատանքը կատարենք ու ժողովրդի սպասելիքներն իրականացնենք՝ լինի ընդդիմություն թե դիմություն: Օրինակ, ես Հայաստան էի հրավիրել իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիությունների «Ռոտանա» հյուրանոցների ցանցի ղեկավարին: Վերջինս եկել էր Երևան, որպեսզի երկու հյուրանոց կառուցեր Երևանում՝ զբոսաշրջությունն ավելի զարգացնելու նպատակով:

Իսկ թագաժառանգն ուզում էր Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին: Նրանք հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Հանդիպումը տևել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել, ժամանակավորապես սառեցրել են:
Ինչ ասում եմ, անձամբ կարող եք ճշտել Երևանի քաղաքապետից ու ճարտարապետից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ ասում է ներդրումների մասին, ոչ թե արդարանալու նպատակ ունի, այլ խոսում է՝ որպես մարդ, ով սրտացավ է երկրի ու ժողովրդի համար, ով իր «խոսքը միշտ գործ է դարձրել»:

«Ես դոկումենտալ եմ խոսում, չեմ հաճոյանում, ես թագաժառանգի հետ պայմանավորվել էի, որ որպեսզի Հայաստանում սիլիցիումի գործարան կառուցենք, բոլոր գումարներն արդեն փոխանցել էին, գործարանը պետք է կառուցեինք Արարատում, հողը մեր սեփականությունն էր, միայն կատեգորիան պետք է փոխվեր, որպեսզի արոտավայրը դառնար արտադրամաս: 1,5 տարի հողի կատեգորիան չփոխեցին, այդ մարդն էլ հիասթափվեց ու չէր ցանկանում գործը շարունակել: Ես իմ երկիրը սիրում եմ, ուզում եմ գործ անեմ, այլ ոչ թե դատարկ-դատարկ խոսեմ, ցանկացած խոսքիս տակ իմաստ կա»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ բոլոր տեղերում ներդրումներ կատարելիս կան խոչընդոտներ՝ տարբեր ոլորտներ զարգացնելու համար պետք է հետևողներ լինեն, ինչն այսօր չկա:

Նա նաև ընդգծեց, որ, եթե իշխանությունն ասում է՝ կոռուպցիա և մենաշնորհներ չկան, ապա դա չի նշանակում, որ տնտեսական հեղափոխություն է եղել, քանի որ դրանք որևէ առնչություն չունեն տնտեսական հեղափոխության հետ: Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխություն նշանակում է՝ տարբեր ոլորտների զարգացում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս