«Մարդկանց զուտ Զինված ուժեր հրավիրելով՝ պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում». Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու մասին

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

ՀՀում անցած շաբաթ բուռն քննարկման արժանացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրինագիծը: Ըստ նախագծի՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն դրամ, ծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով, և ընթացքում կսովորի Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը: Ի՞նչ ռիսկեր է պարունակում առհասարակ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծերի հեղինակումը:

– Անկեղծ ասած, չեմ հասկանում այն հապճեպությունը, որը նկատելի է այս հարցի շուրջ: Սա լուրջ մասնագիտական փորձաքննություն պահանջող գործընթաց է, և հատվածական քայլերով ոչ մի լուրջ խնդիր չենք կարող լուծել: Շատ մանրամասներով դեռ չեմ ցանկանում անդրադառնալ այդ նախաձեռնությանը, որովհետև ընթացակարգային առումով դեռևս սաղմնային փուլում է, և համոզված եմ, որ այս տեսքով այն ընդունման հնարավորություն չունի: Զինված ուժերի արդիականացման հարցը ցանկացած երկրի կառավարության առաջնահերթություններից է, և ընթացիկ օրենսդրական կարգավորումներն ու օրենքները պետք է ընդունվեն՝ նկատի ունենալով Զինված ուժերի զարգացումը տարբեր ժամանակահատվածների կտրվածքով: Չստացվի, որ ընթացիկ մեկ-երկու խնդիր լուծելու համար ռազմավարական ձախողումներ թույլ տանք:

Ի դեպ, հաճախ է խոսվում պայմանագրային զինծառայողների թվաքանակի աճի և պայմանագրային զինծառայության զարգացման մասին, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ: Եվ որքանո՞վ են իրատեսական պայմանագրայինների միջոցով առաջնագծի անվտանգության ապահովման պնդումները:  

– Պայմանագրային ծառայության զարգացման ու Զինված ուժերում նրանց թվաքանակի ավելացման հարցին զուգահեռ՝ պետք է ամբողջական վերլուծվի և գնահատական տրվի ժողովրդագրական վիճակին՝ նաև ըստ մարզերի, շրջանների:

Ի վերջո, կա՞ ուսումնասիրություն, թե մեր հասարակության քանի տոկոսն է պատրաստ կամ ցանկություն ունի դառնալու պրոֆեսիոնալ զինվորական: Կամ՝ նույն հարցադրումը տարբեր ֆինանսական առաջարկների դեպքում:

Հասկանալի է, չէ՞, որ, երբ խոսքը հնարավոր ռազմական գործողություններին պահեստազորի, կամավորականների մասնակցության մասին է, ապա դա լրիվ այլ հարց է, ու այդպիսի մարդկանց թիվը բավականին մեծ է: Իսկ երբ հարցը պրոֆեսիոնալ զինվորական դառնալու մասին է, ապա մարդկանց հնարավորություններն ու ակնկալիքները շատ տարբեր են: Երկրորդ ու ամենակարևոր հարցերից մեկը՝ երբ խոսում ենք, որ տնտեսության հնարավորությունների ավելացման դեպքում կարող ենք բարձրացնել պայմանագրայինների աշխատավարձը և դրանով ավելացնել նրանց թիվը զինված ուժերում: Նախ՝ պայմանագրայինների ինստիտուտը Զինված ուժերի բաղադրիչներից է, սակայն, երբ հաշվարկվում է նրանց աշխատավարձի հնարավոր բարձրացումը, ապա զուգահեռ՝ պետք է հաշվարկել այդ տրամաբանությանը համաչափ սպայական աշխատավարձերի բարձրացման հարցը: Ի դեպ, նաև հակառակ դեպքում:

Եթե նպատակ կա, օրինակ, շարքային պայմանագրայինի աշխատավարձը 50.000 դրամով բարձրացնել, ապա պետք է նկատի ունենալ, որ նվազագույնն այդքանով էլ պետք է բարձրացվի այդ զինծառայողի վերադաս հրամանատարների՝ սպայական կազմի աշխատավարձը: Թեմայի առանձնահատկությունները շատ են, այս հարցը բազմակողմանի քննարկման կարիք ունի, և դա մենք պետք է ունենանք տարբեր ժամանակահատվածների կտրվածքով:

Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու դեպքում ամրապնդում ենք առաջնագծի անվտանգությունը, ապա նշեմ, որ պայմանագրային ծառայություն կամ պրոֆեսիոնալ բանակ ասվածը միայն նրան չի վերաբերում, որ տվյալ զինծառայողը բանակից զորակոչվելուց հետո շարունակում է ծառայությունը՝ որպես պայմանագրային: Այսինքն՝ մարդկանց զուտ Զինված ուժեր հրավիրելով՝ պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում: Մարդկային ռեսուրսի վրա պետք է մեծ ներդրում անել՝ պրոֆեսիոնալ զինվորական ունենալու և դրվող խնդիրներն առավել բարձր մակարդակով կատարելու համար:

Այս համատեքստում ի՞նչ հաջողություններ են գրանցում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, արդյո՞ք ակտիվություն նկատվում է:

– Այս երկու ծրագրերն ընթացիկ հարցեր լուծող նախագծեր են, ես կարծում եմ, որ ավելի մեծ ռեսուրսներ պետք է ներդրվեն ռազմաուսումնական հաստատությունների զարգացման, բազայի ընդլայնման ու առհասարակ ժամանակակից պատերազմների հատուկ ուսուցման ծրագրերի ներդրման համար:

Պետք է պայմաններ ստեղծել սպայական դպրոցի ուժեղացման, հասարակության մեջ սպայի դերի բարձրացման համար, ապահովել բարձր ինտելեկտ ունեցող, կրթական բարձր ցենզ ունեցող անձանց մուտքը Զինված ուժեր:

Մեկ շաբաթ առաջ մամուլում քննարկման թեմա դարձավ Արցախում Ադրբեջանի կողմից դիվերսիոն փորձ լինելչլինելու մասին լուրը, պաշտոնական ոչ մի հաստատում չեղավ: Մյուս կողմից՝ սա հերթական անգամ ի ցույց դրեց տեղեկատվական պատերազմի բացերը, թերությունները՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ պետական պատկան մարմինների: Ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:

– Ինչ խոսք, տեղեկատվական անվտանգության հարցն անվտանգության ընդհանուր կոնցեպտի կարևոր բաղադրիչներից է, որի ապահովումը, այս դեպքում՝ ռիսկերի կառավարումը, առաջնահերթ հարց է: Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգի մասը կազմելով՝ այս ուղղությամբ բացթողումներ ունեն, և դրանք պետք է կարգավորվեն ներդաշնակ աշխատանքով:

Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Գաղտնիք չէ, որ այս օրերին սահմանային լարվածությունը և սադրանքները հակառակորդի կողմից չեն բացառվում:

– Սադրանքների և սահմանային իրադրության փոփոխությունների միշտ ենք պատրաստ, պետք է հուսալ, որ դիվանագետներին կհաջողվի «մենամարտը» դիվանագիտական հարթություն տեղափոխել: Չէի ասի, թե շատ լավատես եմ, բայց չեմ էլ համարում, որ ճանապարհ էլ չկա:

– 2016-ի ապրիլյան իրադարձությունները ՀՀ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո դարձյալ ակտիվացել են: Այսօր որքանո՞վ են հայկական ուժերը պատրաստ հանկարծակի գործողություններին, ի՞նչ սրբագրումներ են եղել՝ ռազմատեխնիկական և մարդկային գործոնի, մարտավարության և ռազմավարության առումով:

– Այդ հանձնաժողովի աշխատանքների մանրամասներին չեմ տիրապետում, չեմ էլ կարող կռահել, թե ինչ խնդիր կլուծի: Որքան ես եմ տեղյակ, 2016 թվականի ռազմական գործողությունների բացթողումների վերաբերյալ ՊՆ-ում ժամանակին ուսումնասիրություններ իրականացվել են: Նման ամփոփումներ տեղի են ունենում նույնիսկ Զինված ուժերի տարբեր զորավարժություններից հետո: Այս աշխատանքը պետք է կատարել նրբանկատ ձևով, որպեսզի օգտակար լինելու փոխարեն՝ հակառակը չլինի:

– Արցախում 2020թ. տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոշ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը՝ Վիտալի Բալասանյան, Աշոտ Ղուլյան: Այս ֆոնին զինվորականներն անգամ կուսակցություն են ստեղծում, օրինակ՝ Արցախի բանակի բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը  հիմնել է «Վստահություն» կուսակցությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում զինվորականների կողմից քաղաքական հայտերին, թեպետ Արցախի դեպքում սա նորություն չէ:

– Զինվորականները մեր հասարակության մասնիկն են, ավելին՝ կարևոր ծառայություն մատուցած անձինք: Իրենք են որոշում, թե ծառայությունից հետո ինչով զբաղվեն, և զբաղվում են: Հասարակությունն էլ որոշում է՝ ով որտեղ լինի: Ընտրությունները կլինեն, քաղաքացին իր որոշումը կկայացնի:

– ՀՀ-ի աջակցությունն ի՞նչ տարբերակով եք տեսնում Արցախում սպասվելիք ընտրություններին, ի վերջո, այստեղ Արցախի՝ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համբավի հարցն է, որով միշտ աչքի է ընկել:

– Տեխնիկական աջակցության, միջազգային դիտորդների հրավերների ձևով, միգուցե նաև այլ ձևով:

Տեսանյութեր

Լրահոս