Ավետիք Չալաբյանը՝ 10 մլն դրամ վճարելու և բանակում ընդամենը 1 ամիս ծառայելու օրինագծի վերաբերյալ

Անցած շաբաթը հագեցած էր իրադարձություններով, սակայն նրանցից մեկը հատուկ անդրադարձ է պահանջում։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նա առաջարկվում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բյուջե վճարել 10 000 000 ՀՀ դրամ, և ծառայել բանակում ընդամենը 1 ամիս (այսինքն փաստացի չծառայել):

Ես չէի անդրադառնա Հայկ Սարգսյանին կամ նրա նախաձեռնությանը, սակայն այս խնդիրը ցավոք ոչ իրենով է սկսվել, ոչ էլ իրենով է վերջանալու՝ այն մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական ուժեղ մի քանի փաստարկ ունեն՝

ա) հարուստները միևնույն է տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ չի պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե

բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հեռանում են նաև ծնողները՝ սա կկասեցնի արտագաղթը

գ) ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, ուստի բանակը չի տուժի

Այս փաստարկները անհիմն չեն, ուստի նրանց ևս խիստ հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Փորձեմ շարադրել մի քանիսը՝

ա) ժամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը, սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել,

բ) նախնական հաշվարկներով, երկրի բնակչության 20-25% ֆինանսապես հնարավորություն կունենա “օգտվել” այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի խիստ շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի։ Արդեն հիմա էլ բանակի մոտ 2/3-ը պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր ցանկացողներ գտնել,

գ) ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, առանց որևե փոխհատուցման

դ) առաջնագծի այն հատվածներում, որոնք հեռու են բնակավայրերից, պայմանագրային զինծառայողներով համալրումը ընդհանրապես խնդրահարույց է, ուստի ժամկետային ծառայողները սահմանի այդ հատվածը պաշտպանող հիմնական ռեսուրսն են, նրանց փոխարինելը հաճախ նույնիսկ իրատեսական էլ չի,

ե) պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության քաղքենի և նյութապաշտ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները,

զ) բանակում ժամկետային ծառայությունը քաղաքացու կարևորագույն պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես տուգանք մուծի, և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։

Մեր Պաշտպանության նախարարությունը արդեն կոշտ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը, և դա լրիվ արդարացված է։ Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու փոխարեն, այդ ծառայությունը պետք է դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած։

Այդ դեպքում յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ կգնա ծառայության, իսկ նրանց ծնողներն էլ երբևիցե չեն մտածի արտագաղթելու մասին։ Մեր Պաշտպանության նախարարությանը պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը, դրա համար է նաև պետք ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը և բարձրացնել բանակում կառավարման որակը, իսկ տարբեր իմքայլականներին՝ պետք է վերջ տալ ծնողների վախերի էժանագին շահարկումը, և անմտածված նախաձեռնություններով այլևս վնաս չհասցնել մեր երկրի անվտանգությանը։

Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ

 

Տեսանյութեր

Լրահոս