Իրանում հայկական եկեղեցիները գտնվում են կառավարության հոգածության ներքո
Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը, որը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ, համարվում է Իրանի և «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։
9-րդ դարում կառուցված կրոնական համալիրը գտնվում է Իրանի իշխանությունների անմիջական հոգածության ներքո, որի պահպանության համար հարյուրավոր դոլարներ են ներդրվում և իրազեկման աշխատանքներ են կատարվում այն աշխարհին ավելի լավ ներկայացնելու համար։
Եկեղեցին վերանորոգելու համար Իրանի կառավարությունը տրամադրել է մոտավորապես 4 մլրդ թուման՝ բարեկարգելով նաև վանական համալիրի հարակից տարածքը։ Այս պահին համալիրի գլխավոր եկեղեցին դեռևս ունի ամրակայելու անհրաժեշտություն, բայց քանի որ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, անհրաժեշտ է թույլտվություն։
Վանական համալիրին կից գործում է մեծ թանգարան, որտեղ պահպանվում են տարբեր տեսակի ցուցանմուշներ՝ սկսած հին Աստվածաշնչից՝ մինչև տրեխներ ու հայկական տարազով զգեստներ, զարդեր ու խաչքարեր։ Ցուցանմուշները տարբեր տարիներին թանգարանին նվիրաբերել են Իրանում ապրող հայերը։ Թանգարանի աշխատակցի խոսքով՝ վանական համալիր այցելողներին առաջինը հետաքրքրում է հենց թանգարանը, քանի որ այնտեղ ներկայացված ցուցանմուշները բացառիկ են։ Թանգարանի հարևանությամբ գտնվող շենքը, որտեղ վանականների խցերն են, նույնպես բաց է այցելուների համար, նեղլիկ ու փոքր դռներով խցերը հետաքրքիր են՝ ինչպես իրանցի, այնպես էլ՝ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
Այնտեղ ոչինչ փոփոխության չի ենթարկվել, վերանորոգումից հետո պահպանվել է նախկին տեսքը: Սուրբ Ստեփանոս եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռու, Արաքս գետի ափին է գտնվում Հովվի վանքը, որը տարիներ առաջ վերանորոգվել և դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, այն 24 ժամ հսկում է Ալիե Բեհրուզիեն, որը դարձել է Հովվի եկեղեցու «պահապան հրեշտակը»։ Եկեղեցին նույնպես ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
Եկեղեցի այցելած հայ լրագրողների հետ զրույցում Ալիե Բեհրուզիեն պատմեց.
«Մեր թվարկության 1390 (իրանական թվագրությամբ) թվականին սկսել եմ պահպանել այս եկեղեցին, այս տարածքին ինքս վերաբերվում եմ՝ որպես սրբավայրի ու պատմական վայրի»։
«Հովվի եկեղեցին» 1518 թվականին կառուցել են հայ հովիվները, որը դարձել է նրանց աղոթատեղիներից մեկը։
Հայկական հետք ունի նաև Խոջա Նազարի քարավանատունը, այն գտնվում է Նախիջևանի Գյուլիստան գյուղի հարևանությամբ։ Քարավանատունը կառուցել է վաճառական Խոջա Նազարը, որին ժամանակին շատ հարգել է Իրանի Շահը։ Այն նույնպես գտնվում է Իրանի կառավարության հոգածության ներքո, որը վերանորոգվել է տարիներ առաջ։ Քարավանատունն ունի 450 տարվա պատմություն։
Զվարթ Խաչատրյան