Ինչքան փող է դուրս մնում բյուջեից
Հարկային արտոնությունների տեսքով պետական բյուջեն մեծ գումարներ է կորցնում։ Խոսքը տարեկան շուրջ 455 մլրդ դրամի կամ գրեթե 950 մլն դոլարի մասին է։
Սա այն գումարն է, որը պիտի մտներ բյուջե, եթե չլինեին հարկային արտոնությունները։ Բայց դրանք կան, և բյուջեն շարունակում է լուրջ կորուստներ ունենալ։
Անկասկած, 950 միլիոնը մեծ գումար է Հայաստանի բյուջեի համար։ Այն գրեթե համարժեք է հարկային եկամուտների մեկ երրորդին։ Պատկերացնելու համար ասենք, որ այս տարի ակնկալվում է պետական բյուջեում ապահովել 3 միլիարդ, իսկ հաջորդ տարի` 3,3 մլրդ դոլարի հարկային եկամուտ և պետտուրք։ Ու եթե չլինեին արտոնությունները, ապա բյուջեի այդ եկամուտները հիմա կարող էին գերազանցել 4 միլիարդը։
Իհարկե, հարկային արտոնություններն ինքնանպատակ չեն։ Դրանք տրամադրվում են տնտեսության այս կամ այն ոլորտը, այս կամ այն գործունեությունը խթանելու համար։ Այլ բան, թե արտոնություններն ինչքանո՞վ են ծառայում իրենց նպատակին։
Այս հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ։ Միանշական չէ, որովհետև արտոնությունները միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս։ Ու չնայած դրան՝ արտոնությունների տրամադրումն այսօր էլ շարունակվում է։ Ավելին, վերջին շրջանում դա նոր թափ է ստացել։ Գրեթե չկա կառավարության նիստ, որ որևէ ընկերության հարկային արտոնություն չտրամադրվի։
Ոչ վաղ անցյալում էլ կառավարությունն արտոնություն տրամադրեց Տիեզերքն ուսումնասիրել ցանկացողներին։ Թեև անգամ դժվար է պատկերացնել, թե դա ի՞նչ է տալու Հայաստանին։ Ամեն դեպքում որոշվեց նման գործունեություն իրականացնողներին ազատել ԱԱՀ-ից։ Լավ է, որ գոնե կառավարությունում գտնվեց մեկը, ով դեմ արտահայտվեց նման արտոնության տրամադրմանը։ Խոսքը ֆինանսների նախարարի մասին է։ Բայց նախարարի ասածը չանցավ, որովհետև գործին խառնվեց վարչապետը` հայտարարելով, որ, միևնույն է, այս պահին նման ընկերություն չկա, ու այսպես թե այնպես հարկ չի վճարում։
«Հիմա մենք նստել ենք, հոգ ենք տանում, թե այդ ընկերությանը ճի՞շտ է հարկային արտոնություն տալը, թե՞ ճիշտ չէ»,- վարչապետի այս հայտարարությունը բավարար էր արտոնությունը տրամադրելու համար։
Ու չնայած այդ ընկերությունն այսօր չկա, այնուհանդերձ վաղը կարող է լինել։ Այդ պարագայում արտոնությունների տեսքով բյուջեի կորուստները կշարունակեն ավելանալ։
Հարկային արտոնությունների տրամադրումը, անշուշտ, լրացուցիչ խթան է տնտեսության ու տնտեսական գործունեության իրականացման համար։ Բայց անգամ բյուջեի ֆինանսական կորուստները հաշվի չառնելու պարագայում՝ այն նաև լուրջ վնասներ է պարունակում տնտեսության և, հատկապես, տնտեսության մրցակցային միջավայրի համար։
Արտոնություններից ոչ բոլորն են օգտվում։ Արդյունքում՝ առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ, խեղաթյուրվում է ամբողջ մրցակցային միջավայրը։
Թերևս դա է պատճառը, որ բազմաթիվ տնտեսագետներ կտրականապես դեմ են արտոնությունների տրամադրմանը։ Իսկ եթե դրանք, այնուհանդերձ, անհրաժեշտ են, ապա պետք է հասանելի լինեն բոլորին։
Հայաստանում, իհարկե, ոչ միշտ է այդպես, և ոչ բոլորն են կարողանում օգտվել կառավարության ցուցաբերած առատաձեռնությունից։ Մի բան, ինչն արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս. երբ նույն դաշտում գործող 2 ընկերություններից մեկն օգտվում է արտոնությունից, իսկ մյուսը` ոչ, բնական է, որ նրանք չեն կարող մրցակցել իրար հետ։ Արտոնություն չունեցողը հայտնվելու է ավելի վատ պայմաններում և ստիպված է լինելու զարտուղի ճանապարհներ փնտրել կամ դուրս մղվել շուկայից։
Սա խնդիր է տնտեսության համար։ Բայց միայն այդ չէ։ Միշտ էլ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք կփորձեն այս կամ այն կերպ մտնել արտոնությունների տակ, օգտվել դրանից և խուսափել իրենց պարտավորությունների կատարումից։ Այս խնդիրը հարկային դաշտում միշտ էլ առկա է եղել, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Պարզ է, որ, ասենք` շրջանառության հարկով աշխատողը երբեք հակված չի լինելու տեղափոխվել ԱԱՀ դաշտ։ Ու դրա համար նա ամեն ինչ անելու է, որպեսզի մնա ու շարունակի գործել ավելի արտոնյալ հարկային բեռի պայմաններում։
Ակնհայտ է, որ հարկային արտոնություններն ունեն և՛ լավ, և՛ վատ կողմեր։ Ու հիմա կառավարությունը կանգնած է ընտրության առջև. մինչ մի կողմից՝ արտոնություններ է շռայլում, մյուս կողմից՝ մտադիր է դրանք կրճատել։ Այդ մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը։ Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար պակասեցնել արտոնությունները, քանի որ այդ մոտեցումն ամենաքիչ արդյունավետն է։ Բայց մինչ այդ կուսումնասիրվեն և կվերլուծվեն նախկինում տրամադրված հարկային և այլ արտոնությունների արդյունքները։
«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանո՞վ են ստացված արդյունքները բավարար, և համադրելի՞ են արդյոք այն արտոնություններին, որոնք ավելի վաղ տրամադրվել են պետության կողմից»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։
Թե ինչպիսի՞ ինտենսիվությամբ է կառավարությունը պատրաստվում կրճատել արտոնություններ, դեռ վաղ է ասել։ Բայց փաստ է, որ այս հատվածում բյուջեն լուրջ կորուստներ է ունենում։ Ու ոչ միայն՝ այս հատվածում։
Հարկային արտոնություններից զատ, պետական բյուջեն մեծ գումարներ չի ստանում նաև ստվերային տնտեսության հետևանքով։ Տարբեր գնահատումներով՝ խոսքն արտոնություններին գրեթե համարժեք գումարի մասին է։
Հայաստանում ստվերը գնահատվում է առնվազն 20-25 տոկոս։ Առանձին ոլորտներում այն հասնում է ընդհուպ մինչև 45-50 տոկոսի։ Ու չնայած արտաքուստ կառավարությունը միշտ էլ քայլեր ձեռնարկել է ստվերը կրճատելու ուղղությամբ, այնուհանդերձ արդյունքները շարունակում են խիստ անբավարար լինել։ Պատահական չէ, որ համախառն ներքին արդյունքի հարաբերությամբ հարկերի տեսակարար կշիռը Հայաստանում շատ ցածր է։ Արդեն տևական ժամանակ այն տատանվում է հիմնականում 21-22 տոկոսի սահմաններում։
Մեծ փոփոխությունների ակնկալիքներ չկան նաև առաջիկայում։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ստվերը կրճատել ընդամենը 0,3 տոկոսով։ Ու եթե հաջողվի հասնել դրան, ապա հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի ընդամենը 22,6 տոկոս։
Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպով գնալու դեպքում դեռ ինչքան ժամանակ պետք կլինի, որպեսզի նվազագույնի հասցնենք ստվերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ