Պատահակա՞ն, թե՞ կանխատեսելի զուգադիպություններ

Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։

Ինչպես և կանխատեսելի էր, ՀՀ քաղաքական դաշտում տիրող աննախադեպ ակտիվությունը, որը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ելույթով հանդես գալուց հետո, ցույց է տալիս, որ իրականում հայ քաղաքական դաշտում կատարյալ գաղափարական ամլություն է տիրում։ Քննադատության առիթներից մեկը, որն օգտագործում են Երրորդ նախագահին «քլնգողները», հիմնականում ունի ընգծված մի քանի շեշտադրումներ (անգամ այնպիսի տպավորություն էր, որ հստակ ֆիքսված ու նախապես մշակված գործողությունների պլան է, որտեղ ամեն քննադատող գիտի հատկապես, թե որ պարբերության վրա կենտրոնանա, ինչ «ռակուրսով» հասցնի քննադատության հակափաստարկը)։

Ինչևէ, դաշտում ուսումնասիրություն անցկացնելուց հետո առերևույթ է դառնում, որ քննադատողների մոտ անհասկանալի է մնացել, թե ինչու է հենց այս փուլում որոշել խոսել Սերժ Սարգսյանը, և, որ ամենակարևորն է, խոսում է երկրի սահմաններից դուրս, քանի որ Սերժ Սարգսյանն իր ժողովրդին ուղերձներ է հղում երկրի սահմաններից դուրս։ Հաջորդ «պնդումը» կապված էր խոսքի լակոնիկության ու ելույթում գրեթե ոչինչ չասելու հետ, երբ նշվում էր, թե ասելիքում գրեթե ոչ մի նորություն չկար, այլ ուղղակի «Եվրոպային բողոքում էր երկրում կատարվածի մասին»։

Այն փաստը, որ Սարգսյանի ելույթը վերջին տասնօրյակի ամենաքննարկված ու քննադատված թեման էր՝ անվիճելի է, սակայն այդ թիրախավորման ֆոնին հետաքրքիր մեկնաբանություններ են հնչում նաև մեր արևելյան հարևանից։ Զարմանալի տրամաբանությամբ՝ ադրբեջանական լրատվականներն ու քարոզչամեքենան Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին քննադատում են այն նույն թեզերով, որոնցով տարիուկես քննադատում է Փաշինյանն ու իշխանական ողջ ագիտպրոպը։

Օրերս ադրբեջանական կայքերից մեկն անդրադառնալով Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթին՝ առաջ քաշեց այն թեզը, որ «Սարգսյանը խոսում է տևական լռությունից հետո, և դա անում է ոչ թե ՀՀ սահմաններից ներս, որտեղ կարող են «վզից բռնել», «պատերին ծեփել» կամ ասֆալտին պառկեցնել», այլ հեռավոր Խորվաթիայում»։ Ինչպես և կանխատեսելի էր և սպասելի, ադրբեջանական մամուլում առավել մանրամասն շեշտվում են Սերժ Սարգսյանի՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ բարձրաձայնած թեզերն ու առաջ քաշած մոտեցումները։

«Հավանաբար հիշելով իր նախագահական անցյալը՝ միանգամից հիշեց ղարաբաղյան հակամարտությունը՝ կեղծավորությամբ խոսելով բանակցությունների հետ կապված իր մտահոգություններից»,- գրել է ադրբեջանական մամուլը։ Այնուհետև, դարձյալ «կասկածելի զուգադիպությամբ», ադրբեջանական կայքը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ հնչեցրած այն միտքը, որ «որոշ կոռուպցիոներներ շարունակում են թաքնվել Վատիկանի նկուղներում (պադվալներում), բայց ոչ ոք թող չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից»։

Փաստ է, որ հայկական քաղաքական դաշտում տեղի ունեցող ցանկացած զարգացում ու հայտարարություն ֆիքսվում է ադրբեջանական քարոզչական բլոկի կողմից և հետագայում, համապատասխան փաթեթավորում ստանալուց հետո, մատուցվում է հանրության դատին՝ փորձելով ապացուցել, թե ինչ «հրեշավոր ու ագրեսիվ քաղաքականություն են տարել հայկական իշխանությունները»։

Այս ամենը հատկապես կարևոր է դիտարկել վերջին շրջանում շրջանառվող խաղաղության գաղափարի ֆոնին, երբ անընդհատ առաջ է քաշվում երկու ազգերին խաղաղության նախապատրաստելու հարցը։

Եթե վերոնշյալին հավելում ենք ԱՄՆ-ում արված իր հայտարարություններից մեկում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե «հայ զինվորները մահացել և մահանում են հանուն ոչինչի», բավականին հետաքրքիր համայնապատկեր ենք ստանում։

Ակնհայտ է, որ ադրբեջանական շրջանակներին ձեռնտու է, որ ՀՀ քաղաքական-իշխանական շրջանակներն այդ աստիճան ատելության քարոզ են տանում ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ։ Նրանք իրենց կայքերում հատկապես մի առանձնակի ոգևորությամբ են անդրադառնում «Մարտի 1»-ի գործընթացներին՝ առանձին ոգևորությամբ  խոսելով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման փաստի մասին։ Այս ենթատեքստում առաջ է քաշվում այն թեզը, որ «Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելուց հետո, հնարավոր է, հայերի սպանության համար պատասխանատվության ենթարկվի նաև Սարգսյանը»։ Եվ այս թեմայի վերաբերյալ ադրբեջանցիներն առաջ են տանում նաև այն պնդումը, թե «ՀՀ նախկին նախագահի (Սերժ Սարգսյանի) անունը վաղուց ասոցիացվում է Խոջալուի ցեղասպանության հետ»։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական քարոզչամեքենան բավական գրագետ կերպով օգտագործում է հայկական քաղաքական դաշտի քաոսային իրավիճակը և իրեն ձեռնտու սոուսով օգտագործում իր քարոզի համար, քանի որ ցանկացած մեղադրանք ու մեղադրական հայտարարություն նրանք դասավորում են իրենց քաղաքական օրակարգին համապատասխան և, բնականաբար, ծառայեցնում հակահայ տոտալ տեղեկատվական գրոհներ կազմակերպելու համար։ Անդրադառնանք նաև ՀՀ իշխանությունների և ադրբեջանական ագիտատուրայի ևս մի թիրախավորման փաստի․ ինչպես փաշինյանական շրջանակները, այնպես էլ ադրբեջանականները հստակ գրոհներ են կազմակերպում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև նրա մերձավոր շրջապատի նկատմամբ՝ ամեն կերպ փորձելով նրանց ներկայացնել՝ որպես «կոռումպացված և հասարակությանը կեղեքող»։

Փաստենք մի առանցքային դրվագ․ ներկայումս ՀՀ քաղաքական դաշտում տիրող ատելության մթնոլորտը հիշեցնում է նախորդ դարի 90-ականներին Ադրբեջանում տիրող քաղաքական մթնոլորտը։ 1990-ականների սկզբին Ադրբեջանում առանձնանում էին երկու քաղաքական ուժեր. ռուսամետ նախկին կոմունիստները` նախագահ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը (հիմնադիրներ` Աբուլֆազ Էլչիբեյ, Իսա Ղամբար և ուրիշներ), որն ուներ ընդգծված հակառուսական, թուրքամետ դիրքորոշում:

Արցախյան պատերազմն ամբողջությամբ և դրա առանձին ռազմագործողությունները հենց սկզբից Ադրբեջանում դարձան քաղաքական շահարկումների առարկա: Էլչիբեյն ու կողմնակիցներն առիթը բաց չէին թողնում Ադրբեջանական բանակի հերթական պարտությունից հետո քննադատության ալիք ուղղել Մութալիբովի վրա, ով ի պաշտոնե պատասխանատու էր իր ժողովրդի անվտանգության համար: Նման կերպ ընդդիմադիրները շահում էին ավելի ու ավելի մեծ ժողովրդական զանգվածների համակրանքն ու, փաստորեն, աստիճանաբար մոտենում իշխանական գահին:

Տեղին է հիշել Խոջալուի դեպքերի ականատես, չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի վկայությունը. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, և բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակվել են հետո»։ Մազալովան հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտորեն լուսաբանել է միայն հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը, երբ DPA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Խոջալուի ողբերգության» մասին 92-ի փետրվարի 28-29-ին նկարահանած իր և հետագայում իրեն վերագրվող ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից աշխարհով մեկ սփռվող կադրերի տարբերությունն ահռելի է` փոխվել են դիակների տեղերն ու դիրքերը, շատ դիակներ պղծվել են, մի քանիսը` գլխատվել»:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս