Բաժիններ՝

Ռեմբրանդտ Վան Ռեն «Անառակ որդու վերադարձը» կտավի խորհուրդը

Քրիստոսի պատմած ամենագեղեցիկ պատմություններից մեկը, եթե ոչ ամենագեղեցիկը, վստահաբար, «Անառակ որդու վերադարձը» առակն է: «Ավետարան Ավետարանի մեջ». ահա այսպես են բնորոշել եկեղեցական հայրերը «Անառակ որդու վերադարձը» առակը, որը գտնում ենք Ղուկասի Ավետարանի ԺԵ գլխում: Մեկնիչների կողմից այս առակն անվանվել է նաև «Բարի հոր առակը», «Երկու եղբայրների առակը» և այլն:

Առակում անմիջապես աչքի են զարնում անառակ որդու և մեծահոգի հոր կերպարները (թեև հենց սկզբից ակնառու է նաև հոր մեծահոգությունը): Հայրն ընդառաջում է կրտսեր որդու՝ ժառանգության իր բաժինն ունենալու ցանկությանը և բաժանում ունեցվածքը՝ ազատություն շնորհելով նրան: Լավագույնս իմանալով, թե ինչ ճակատագիր կարող է բաժին հասնել կրտսեր որդուն, այնուհանդերձ, նրան թողնում է գնալ սեփական ճանապարհով: Իսկ որդին, ամբողջությամբ վատնելով իր ունեցվածքը, հայտնվում է անելանելի իրավիճակում և որոշում վերադառնալ հոր տուն, քանի որ «(բազում) վարձու աշխատողներ կան իր հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ» (Ղուկաս ԺԵ 17):

Ավետարանական այս դրվագին անդրադարձել է ԺԷ դարի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռենը, որը, լինելով հոգևորականի զավակ, յուրօրինակ կերպով և մոտեցումներով պատկերել է դրվագի վերջնամասը, որտեղ կրտսեր որդին արդեն վերադարձել է տուն և հոր ոտքերի առաջ ծնկած՝ հայցում է նրա ներողամտությունը: Կտավում պատկերված են վեց անձիք, որոնցից երեքը կենտրոնական դերում են, ինչի մասին վկայում է նրանց վրա ընկած լույսի շողը, իսկ մնացյալ երեքը՝ ստվերի տակ (նրանք թերևս տան ծառայողներն են): Կտավում առավել կենտրոնական տեղ են զբաղեցնում հայրը և կրտսեր (անառակ) որդին: Հոր մոտ վերադարձած որդին տնից հեռանալու այդ ամբողջ ընթացքում տառապել, չարչարվել է, ինչի ակնհայտ վկայությունը կտավում նրա ոտքից դուրս եկած կոշիկն ու մաշված և հնացած զգեստներն են: Կրտսեր որդու ոտքն ամբողջությամբ կոշտացած է, ինչը չարքաշ և տաժանակիր աշխատանքի հետևանք է: Ռեմբրանդտը կտավում գեղեցկորեն պատկերել է որդու՝ հոր նկատմամբ մնացած հավատարմությունը՝ նրա կողքից կախված դաշույնը: Նա իր ամբողջ ունեցվածքը մսխել էր, սակայն, որպես հավատարմության նշան, պահել էր հորից տրված այդ դաշույնը:

Եթե ուշադիր ընթերցենք ավետարանական դրվագը, կտեսնենք, որ այս ընտանիքի մոր մասին ընդհանրապես խոսք չի գնում, իսկ ահա կտավն ուշադիր դիտելիս կտեսնենք, որ հոր ձեռքերը տարբերվում են. մեկը՝տղամարդու, իսկ մյուսը կնոջ ձեռք է, ինչից կարելի է ենթադրել հոր՝ նաև մայրական սիրո մասին, կամ հոր կերպարի մեջ կարելի է խտացնել ծնողական ընդհանուր սերը: Մայրական զգացմունքը ակնառու է դառնում հոր՝ որդուն ընդառաջ գնալու դրվագում: Հրեական հասարակարգում դժվար է պատկերացնել, որ մեծահամբավ հայրը, հանկարծ տեսնելով որդուն, վազեր կամ շուտափույթ ընդառաջ գնար, քանի որ ծառաների կամ տան աշխատողների մոտ հրեան իրեն նման բան թույլ չէր տա:

Կտավում և առակում տեսնում ենք որդիներին, վարձու աշխատողներին և ծառաներին: Այս երեք կարգերը ակներև համապատասխանում են հոգևոր կյանքի երեք աստիճաններին՝ մաքրություն, լուսավորություն, կատարելություն, և ցանկանում է մեզ ասել, որ ինչ կյանքով էլ ապրենք՝ տիրոջ, ծառայի կամ ստրուկի, միևնույնն է, մեզ համար ճանապարհ կա առ Աստված, որ լինում է այդ երեքի՝ մաքրության, լուսավորության և կատարելության միջոցով:

Հոր կերպարում խորհրդաբանորեն տեսնում ենք նաև սերը, ավագ որդու կերպարում՝ հավատարմությունը, իսկ կրտսեր որդու միջոցով՝ զղջման խորհուրդը. արդյունքում տեսնում ենք մարդկային կյանքում առկա սխալ արարքներից ազատագրվելու և դրանցից ձերբազատվելու ճանապարհները՝ գիտակցում, զղջում, ապաշխարություն և հավատարմություն:

Հետաքրքրական են նաև կտավի ամենալուսավոր դրվագները՝ հոր ճակատը և դեմքի հանգստությունը: Հայրը գտել է մեկին, որին շատ երկար էր սպասում: Հոր ներողամտությունը որդու նկատմամբ կարելի է համեմատել Աստծո ներողամտության հետ, և հենց այդ ներողամտությունից և սիրուց է, որ հոր դեմքը լուսավորել է աստվածային լույսով՝ խորհրդաբանորեն նմանեցվելով Հայր Աստծո հետ:

Ամբողջ առակի և կտավի խորհուրդը մարդու վերադարձն է, մարդկային կյանքի գոյության խավարը, որ լուսավորվում է քնքշությամբ՝ հոգնած և մեղավոր մարդկանց, որոնք ապաստան են գտնում Աստծո ողորմության ապաստարանում:

Պատրաստեց Մելինե Գրիգորյանը

«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս