
«Թրամփի «միջանցքային պատերազմները» Կովկասում. Ռուսաստանն ու Իրանը չեն պատրաստվում ենթարկվել «Թրամփի խաղերին». Պիետրո Շաքարյան

Պատմական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնի հետդոկտորական գիտայցելու Պիետրո Շաքարյանն իր «Թրամփի «միջանցքային պատերազմները» Կովկասում» վերնագրով հոդվածում նշում է, որ չնայած Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ առաջադրվում է որպես խաղաղության նախագահ, նա շատ արագ անտեսեց սեփական ընտրազանգվածին՝ անսալով Վաշինգտոնի նեոկոնսերվատիվ պատերազմամետ էսթաբլիշմենթի խորհրդին և շարունակելով այն, ինչ սկսել էր իր նախորդը՝ Բայդենը:
«Արդյունքը եղավ 12-օրյա պատերազմ, որի նպատակն էր ռեժիմի փոփոխություն (կամ վերացում) Թեհրանում։ Այժմ, երբ Թրամփի վարկանիշային թվերը նվազում են, իսկ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, նա հուսահատ փորձ է անում կրկին անցնել խաղաղության թեմային՝ առնվազն խոսքային մակարդակում, և վերակերտել իրեն որպես «գործարքների վարպետ», արժանի՝ ոչ պակաս, քան Նոբելյան խաղաղության մրցանակի։
ԱՄՆ նախագահի նպատակը հասարակական ուշադրությունը շեղելն է՝ դիվանագիտական ճակատում արագ հաջողություններ գրանցելով, այնպես, որ դրանք միաժամանակ համապատասխանեն Վաշինգտոնի դոնորական վերնախավի աշխարհաքաղաքական շահերին։ Այն փաստը, որ Թրամփի գործարքներն ուղղորդվում են նրա գերծանր հաշվարկային մոտեցմամբ՝ միջազգային քաղաքականության մեջ, միայն վատթարացնում է իրավիճակը։ Սակայն դա չի խանգարում նրան մեկի հետևից մյուս գործարք կնքել՝ առանց լուրջ մտածելու, թե ինչ երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ այդ համաձայնությունները որևէ տարածաշրջանի կայունության համար։ Կովկասն այս առումով կատարյալ օրինակ է»,- գրում է պատմաբան Պիետրո Շաքարյանն իր հոդվածում:
Կովկասի տարածաշրջանին, ըստ հոդվածագրի՝ ամերիկացիներն այդքան էլ ծանոթ չեն, և հոդվածում նա ներկայացնում է տարածաշրջանի բարդ խճանկարը՝ շեշտելով, որ այն դարեր շարունակ եղել է երեք խոշոր ուժերի՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ազդեցության գոտի, որտեղ Ռուսաստանը պահպանել է իր գերիշխող դիրքը:
«Հենց այս տարածաշրջան է Թրամփը ձգտում ներթափանցել իր «գործարքների քաղաքականության» շրջանակում։ Նրա հայտարարած նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունն» է։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ իրական նպատակը Մոսկվայի և Թեհրանի ավանդական ազդեցության տարածքների մեջ ճեղք բացելն է՝ ամրապնդելու ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը և ապահովելու Վաշինգտոնի համար արագ, բայց թերևս թերի հաշվարկված «հաղթանակ»՝ իր նվազող միջազգային հեղինակության ֆոնին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփի մեծամիտ գաղափարն այն է, որ Հայաստանին ստիպի հրաժարվել ինքնիշխանությունից իր հարավային Սյունիքի մարզի (Զանգեզուրի) միջանցքի նկատմամբ, որն ունի սահման Իրանի հետ։
Ինչպես Թրամփի հայտնի՝ Գրենլանդիան ձեռք բերելու գաղափարը, այստեղ էլ Հայաստանին առաջարկվում է Սյունիքի մի հատված «հանձնել» ԱՄՆ-ին մինչև 99 տարով։ Ստացված միջանցքը պիտի կրի Թրամփի անունը: Քարտեզին նայելը բավարար է՝ հասկանալու համար Թրամփի քայլի աշխարհաքաղաքական նշանակությունը։
Չնայած վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ հայտարարություններին՝ Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն անդամակցում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այդպիսով, Սյունիքով ամերիկյան միջանցքը կտրելու է Ռուսաստանի կապը Իրանի հետ, որն ընդամենը այս տարվա մայիսին ազատ առևտրի համաձայնագիր կնքեց ԵԱՏՄ-ի հետ։
Բացի այդ, միջանցքը կապելու է Իսրայելի դաշնակից Ադրբեջանը Նախիջևանի անկլավի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ այդպիսով ՆԱՏՕ-ին ուղղակի ելք տալով դեպի Կասպից ծով։ Այս նախագծի հետևում կանգնած են արևմտյան խոշոր նավթային կորպորացիաները և նրանց նպատակը՝ տարիներով ցանկալի Տրանսկասպյան գազատարի իրականացումը՝ Ռուսաստանին և Չինաստանին հակակշռելու համար։ Իսրայելի շահերն էլ ակնհայտ են՝ օգտագործել Ադրբեջանը՝ որպես առաջատար հենակետ Իրանի դեմ»,- գրում է պատմաբան Շաքարյանը:
Հոդվածագիրը շեշտում է, որ տարածաշրջանի երկու խոշոր խաղացողները՝ Մոսկվան և Թեհրանը, ուշադիր հետևում են իրավիճակին.
«Չափազանցություն չէր լինի ասել, որ Կովկասում նրանց անվտանգության շահերը կարմիր գիծ են։ Այս դիրքորոշումը հստակ արտահայտվեց այս տարվա հունվարին ստորագրված ռուս-իրանական գործընկերության պայմանագրում, որը կողմերին պարտավորեցնում է կանխել «միջամտությունն» ու «կայունությունը խաթարող երրորդ երկրների ներկայությունը» տարածաշրջանում։
Արձանագրենք պարզ ճշմարտությունը՝ Ռուսաստանը և Իրանը չեն պատրաստվում «Թրամփի խաղերին» ենթարկվել Կովկասում։ Նրանց ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ հատկապես մեծացավ վերջին 12-օրյա պատերազմից հետո, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանին՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը։ Ընդհանրապես, և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը վերջին շրջանում վարում են Արևմուտքի ռազմական շահերին համապատասխանող քաղաքականություն, ինչը նրանց ուղղակի հակադրության մեջ է դնում Իրանի և Ռուսաստանի հետ։ Վերջին հանդիպումը Թրամփի հետ ավարտվեց միայն եռակողմ շրջանակային հռչակագրի ստորագրմամբ։ Սակայն, եթե Փաշինյանը և Ալիևը որոշեն լիովին իրականացնել նախագահի «խաղաղության առաջարկները», նրանք կարող են ակնկալել կտրուկ բացասական արձագանք Մոսկվայից և Թեհրանից։
Դժվար է կանխատեսել, թե որքան հեռու կգնա Թրամփի վարչակազմը՝ «հակակշռելու» Ռուսաստանին և Իրանին Կովկասում, հատկապես, երբ Արևմուտքի ռեսուրսների մեծ մասն այսօր ուղղված է Իսրայելին և Ուկրաինային։ Սակայն պարզ է, որ Թրամփի հնարավոր գործարքը Կովկասում ոչ թե խաղաղություն կբերի, այլ նոր պատերազմի սերմեր կցանի»:
Թարգմանությունը՝ 168.am-ի