Մեր հասարակությունը փոքր-ինչ հիասթափություն ունի փողոցային պայքարից. Նարեկ Կարապետյան

Մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման անդամները մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն իրենց նպատակներն ու անելիքները։ Այսօր դատարանի բակում այդ մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Տաշիր Կապիտալ»-ի գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է մարդկանց ներկայացնել ոչ միայն քաղաքական մարտահրավերները, այլև խոսել նրանց առօրյա խնդիրների ու դրանց լուծումների մասին, որոնք առաջարկում է շարժումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանը մեկուսարանից նամակ էր գրել և տեղեկացրել, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։

«Տասնյակ տարիներ կուսակցությունները խոսում են քաղաքական պրոցեսներից, բայց տեղային առաջարկներ չեն արվում։ Մենք տեսել ենք, որ մարդկանց պետք է ծրագիր ներկայացվի, որպեսզի հասկանան, թե ինչ ծրագրի հետևից են գնում, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ հայտարարություններ արվեն։ Վերջնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է, բայց մենք պետք է ցույց տանք այն գործիքները, որպեսզի տարանջատվի՝ այդ ուժն ունի՞ պոտենցիալ, գործիքակազմ ունի՞ իրականացնելու համար։ Մենք պետք է ներկայացնենք ոչ միայն մեր տնտեսական, այլև սոցիալական, առողջապահական ծրագրերը։ Այդ ամենը ներկայացնելուց հետո նոր Սամվել Կարապետյանը հանդես կգա քաղաքական օրակարգով»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ «Մեր ձևով» շարժումը լինելու է ապաքաղաքական, որպեսզի բոլոր մասնագետները կարողանան ներկայացնել իրենց տեսակետները տարբեր ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ։

«Եթե դա քաղաքական շարժում լինի, մարդիկ նախնական մտավախություն կունենան, որ քաղաքական գործընթացի են մասնակցում։ Որպեսզի մեր ազգի արհեստավարժ մասնագետների կարծիքներն ու առաջարկները ստանանք, թե ինչ բարեփոխումներ պետք է արվեն մեր երկրում, մենք պետք է ստեղծենք ապաքաղաքական շարժում»,– ավելացրեց Նարեկ Կարապետյանը։

Նա կարծում է, որ իշխանափոխության իրատեսական ճանապարհն ընտրություններն են։

«Կարծում եմ՝ մեր հասարակությունը փողոցային պայքարից մի փոքր հիասթափված է, քանի որ նախկին փողոցային պայքարները բավականին տխուր հետևանքների են հանգեցրել»,– շարունակեց Կարապետյանը։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը (դատավոր՝ Տիգրան Դավթյան)։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի աջակիցները։

Տեսանյութեր

Լրահոս