
Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները 1,5 միլիարդ դոլար են հատկացրել ամերիկյան զենք ձեռք բերելու համար

Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Այս պահի դրությամբ մենք ունենք 1,5 միլիարդ դոլար: «Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկը» (PURL) ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին թույլ է տալիս համատեղ աշխատել՝ Ուկրաինայի համար ԱՄՆ-ում արտադրված զենք ձեռք բերելու համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ հավելելով, որ այս մեխանիզմն ամրապնդում է Ուկրաինայի պաշտպանությունը:
Նիդեռլանդներն այս նախաձեռնության համար հատկացրել է 500 միլիոն դոլար, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան նույնպես ներդրել են 500 միլիոն դոլար: Եվս 500 միլիոն դոլար ներդնելու մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գերմանիան:
Զելենսկին շնորհակալությւոն է հայտնել Գերմանիային, ինչպես նաև բոլոր մյուս դաշնակիցներին Կիևին ցուցաբերած աջակցության համար:
Օգոստոսի 15-ին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին մի շարք հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել իր եվրոպացի գործընկերների հետ: Օգոստոսի 13-ին նա Գերմանիայում էր, որտեղ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի և եվրոպական այլ առաջնորդների հետ տեսակոնֆերանսի: Օգոստոսի 14-ին Զելենսկին Լոնդոնում հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: