
100-ից ավելի միջազգային կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են Գազա հումանիտար մատակարարումներին խոչընդոտելու մեջ

Ավելի քան 100 միջազգային կազմակերպություններ հրապարակել են համատեղ նամակ, որում Իսրայելը մեղադրվում է Գազա հումանիտար օգնություն հասցնելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Նամակի տեքստը ստորագրել և իրենց կայքերում հրապարակել են 108 միջազգային կազմակերպություններ։
«Ապրանք փոխադրող մեծ բեռնատարների աճող գերբեռնվածության հետ կապված խնդիրը լուծելու փոխարեն, Իսրայելի իշխանությունները մերժել են տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունների՝ կենսականորեն կարևոր ապրանքներ ներմուծելու խնդրանքները` վկայակոչելով այն, թե այդ կազմակերպությունները «լիազորված չեն օգնություն մատակարարել»։ Միայն հուլիսին ավելի քան 60 նման խնդրանք է մերժվել այս պատճառով», – ասվում է նամակում։
Կազմակերպությունները նշում են, որ «այդ խոչընդոտները հանգեցրել են այն բանին, որ Հորդանանի և Եգիպտոսի պահեստներում մնում է միլիոնավոր դոլար արժողությամբ պարենամթերք, դեղորայք, ջուր և կենցաղային իրեր, մինչդեռ պաղեստինցիները տառապում են սովից»։
Նամակի հեղինակները աշխարհի պետություններին կոչ են արել «ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պահանջելով դադարեցնել հումանիտար օգնությունը որպես զենք օգտագործելը, այդ թվում՝ այնպիսի բյուրոկրատական խոչընդոտների միջոցով, ինչպիսիք են գրանցման ընթացակարգերը»։
Իսրայելական կողմը մերժում է այս մեղադրանքները։
«Մենք մերժում ենք ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների կողմից արված ստահոդ պնդումները, որոնք մեղադրում են Իսրայելին Գազայի համար մարդասիրական օգնությունն արգելափակելու մեջ», – ասվում է Իսրայելի կառավարության տարածքների գործերի համակարգման վարչության՝ (COGAT) X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ։
Վարչությունն ընդգծում է, որ «Իսրայելը գործում է՝ նպատակ ունենալով ապահովել և դյուրացնել Գազայի հատված մարդասիրական օգնության ուղարկումը, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը ձգտում է այս օգնությունն օգտագործել իր ռազմական կարողությունները մեծացնելու և բնակչության նկատմամբ հսկողությունն ամրապնդելու համար»։
«Սա երբեմն տեղի է ունենում առանձին միջազգային հումանիտար կազմակերպությունների քողի տակ՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար», – ընդգծում է COGAT-ը։