«Բուլղար ժողովրդի 80 տոկոսը չի ընդունում Ստամբուլյան կոնվենցիան». Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմով
Հայաստանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին», ինչպես ընդունված է ասել՝ Ստամբուլյան կոնվենցիային շատերը դեմ են: Մարդիկ փաստարկում են՝ կոնվենցիայի վավերացումը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա օրինականացնել իրենց ամուսնությունը, երեխա որդեգրել:
Բուլղարիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սիմովը, որի կուսակցությունը կտրականապես դեմ էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ասում է, թե Հայաստանում ներկայիս իրավիճակը շատ նման է նրան, ինչ առկա էր Բուլղարիայում 2018 թվականին:
Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ Բուլղարիայի նախարարների խորհուրդը Խորհրդարանին առաջարկել էր վավերացնել կոնվենցիան։ Որոշումը դատապարտել էին կառավարության որոշ նախարարներ, խորհրդարանի անդամներ, մեդիա խմբեր և հասարակական կազմակերպություններ, որոնք պնդում էին, որ կոնվենցիան, ի վերջո, կհանգեցնի երրորդ սեռի և նույնասեռ ամուսնությունների պաշտոնապես ճանաչմանը։
Լայնածավալ բողոքներից հետո Բուլղարիայի 93-րդ կառավարությունը հետաձգել էր կոնվենցիայի վավերացումը և որոշումը վերապահել Սահմանադրական դատարանին:
2018 թվականի հուլիսի 27-ին Սահմանադրական դատարանի ընդունած որոշմամբ «Ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպական խորհրդի կոնվենցիան չի համապատասխանում Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրությանը»։
Ըստ Սահմանադրական դատարանի՝ կոնվենցիան հնարավորություն է տալիս «գենդեր» եզրը երկակի մեկնաբանել՝ միաժամանակ և՛ որպես սոցիալական, և՛ որպես կենսաբանական կատեգորիա, ինչը հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության՝ կենսաբանորեն տղամարդը կամ կինը հավասար քաղաքացիական իրավունքներ ունեն։
168.am-ն օրեր առաջ զրուցել էր Եվրոպայի խորհրդի փորձագետ Իլիանա Բալաբանովայի հետ, որը Բուլղարիայում իր հասարակական գործունեությամբ փորձում է հասնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
Նա 168.am-ին ասել էր, թե Սահմանադրական դատարանի՝ կոնվենցիան հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո Բուլղարիայում շատերն իրենց թշնամի են անվանում, բայց ինքն ամեն ինչ անելու է, որ կոնվենցիան վավերացվի:
«Բուլղարական շատ ՀԿ-ներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ շատ ակտիվ դիրքորոշում ունեն: Բայց կարծում եմ, որ իրենց քաղաքական դիսկուրսը մի քիչ սխալ է, որովհետև նրանք իրենց դիրքորոշումը չեն բացատրում: Շատ հասարակական կազմակերպություններ ժողովրդին ասում են, որ նրանք, ովքեր չեն ընդունում Ստամբուլյան կոնվենցիան, գեղցիներ են, հետամնացներ են, պահպանողականներ են, չեն ընդունում եվրոպական արժեքները: Բայց դա բանավեճի հիմք չէ»,- Բուլղարիայում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պահանջող ՀԿ-ների նկատմամբ ստեղծված մթնոլորտի մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավոր Ալեքսանդր Սիմովը, հավելելով, որ ներկայումս Բուլղարիայում կոնվենցիայի շուրջ բանավեճ տեղի չի ունենում:
«Այդ հասարակական կազմակերպությունները փորձում են օրակարգի քննարկման հարց դարձնել կոնվենցիայի վավերացումը, բայց բուլղարական հասարակության համար դա անգամ քննարկելու թեմա չէ»,- ասաց բուլղարացի պատգամավորը:
Ա. Սիմովը վստահեցնում է, որ իրենց տղամարդիկ չեն ցանկանում ծեծել կանանց, ապա ավելացնում է, որ ունեն ընտանեկան բռնությունը կարգավորող օրենքներ, և 6 ամիս առաջ էլ ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին նոր օրենք են ընդունել:
«Դրանով ակնհայտ դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն ընտանեկան բռնության կանխարգելումը չէ: Դրա նպատակը գենդերային գաղափարախոսության ներդնումն է դպրոցներում»,- ասաց Սիմովը:
Պատգամավորը վստահեցնում է՝ սոցիալիստները գեյերին դեմ չեն, տրանսգենդեր մարդկանց դեմ չեն, միևնույն ժամանակ, կարծում է, որ ունեն շատ լավ օրենքներ նրանց իրավունքները պաշտպանելու համար, հետևաբար՝ Ստամբուլյան կոնվենցիայի կարիքը չկա: Ըստ Սիմովի՝ անցկացված հարցումների համաձայն՝ բուլղար ժողովրդի 80 տոկոսը չի ընդունում Ստամբուլյան կոնվենցիան:
Եվրոպայում ընթացող գործընթացների մասին խոսելիս մի հետաքրքիր օրինակ է բերում:
«Գործընկերս հիմա ապրում է Շվեդիայում: Այնտեղ 3-րդ դասարանում շաբաթվա մեջ մեկ անգամ տղաներին ստիպում են դպրոց գնալ աղջկա հագուստով՝ ճկուն, հեղհեղուկ սեքսուալություն ապահովելու համար: Կարծում եք՝ դա նորմա՞լ է»,- հարցնում է պատգամավորը, ապա ինքն էլ հարցին պատասխանելով՝ լրացնում՝ սոցիալիստները վստահ են, այդ երևույթն իրենց դպրոցներում նորմալ ու ընդունելի չէ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ