«Երբ Բուլղարիայի ՍԴ-ն Ստամբուլյան կոնվենցիան ճանաչեց հակասահմանադրական, Բուլղարիայում շատերը մեզ թշնամի էին անվանում». Իլիանա Բալաբանովա

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես ավարտեցի Սոֆիայի համալսարանը՝ հոգեբանություն մասնագիտությամբ։ Հետո մասնագիտացա լրագրության ու միջազգային հարաբերությունների ոլորտում։ Ես գնացի Նիդեռլանդներ Մարդու իրավունքների կուրս ստանալու համար։ 1990-ականների սկիզբն էր, ու այդ օրերին Բուլղարիայում ոչ ոք չէր խոսում մարդու իրավունքների մասին։ Ես այն քչերից մեկն էի, ով սկսել էր խոսել այդ մասին։ Բուլղարիայում ոչ ոք չէր խոսում կանանց դեմ բռնության մասին, ու երբ մենք այդ մասին խոսում էինք, ասում էին, թե այս մարդիկ խելագար են, ինչի՞ մասին են խոսում»,- 168.am-ի հետ զրույցում պատմելով իր առաջին քայլերի մասին՝ ասաց Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Իլիանա Բալաբանովան:

Այսօր Բալաբանովայի աշխատանքային հիմնական ոլորտը կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պաշտպանությունն է, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլեր իրականացումը:

«Երբ սկսում էին աշխատել, ոչ մի վիճակագրություն, ոչ մի օրենսդրություն, ոչինչ չկար։ Մենք սկսեցինք հավաքել պատմություններ այն կանանցից, ովքեր ընտանեկան բռնության զոհ էին դարձել։ Դա հեշտ չէր, որովհետև այս զոհերը շատ էին ամաչում իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելիս։ Նախ՝ նրանք անհանգստանում, մտածում էին, արդյո՞ք իրենք զոհ են, թե՞ ոչ։ Անգամ այն դեպքերում, երբ տղամարդը հարվածել էր նրանց ամեն երկրորդ օրը, այդ կինը վստահ չէր, որ ինքը զոհ է, որովհետև մտածում էր, թե դա նորմալ է»,- ասաց Բալաբանովան:

Փորձագետի խոսքով, այժմ էլ հեշտ չէ աշխատել բռնությունից տուժած մարդկանց հետ: Որպես պատճառ՝ նա նշում է այն հանգամանքը, որ շփվում են մարդկային պատմությունների հետ, այնպիսի մարդկանց հետ, ովքեր անցել են տրավմայի միջով ու գոյատևել են:

«20 տարի առաջ ոչ ոք այս ամենի մասին չէր խոսում, ու գրեթե բոլորը հավատացած էին, որ մեր հասարակության մեջ բռնություն տեղի չի ունենում, նման բան գոյություն չունի, դա գալիս է արտասահմանից, բուլղարացի հասարակությունը շատ առողջ է, ու տղամարդիկ երբեք իրենց կանանց բռնության չեն ենթարկում։ Ասում էին, թե այս մարդիկ արտասահմանից գումար են ստանում ու մեր հասարակության համար շատ վտանգավոր բաներ են անում»,- 168.am-ին ասաց Իլիանա Բալաբանովան՝ հավելելով, որ հիմա շատ վիճակագրություններ կան, ու հասարակությունն արդեն տեղեկացված է շատ դեպքերի մասին:

«Այլ հարց կա: Կա Ստամբուլյան կոնվենցիա, որը շատ քննարկվող է, ու Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով ասվեց, թե Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը, ինչի արդյունքում Բուլղարիայի կատավարությունը չվավերացրեց Կոնվենցիան, այդ որոշումից հետո միտում կար, ու մեր հասարակական կազմակերպության նման կազմակերպություններին հասարակության թշնամի էին անվանում, որովհետև մենք խոսում ու գործում էինք ի նպաստ Ստամբուլյան կոնվենցիայի։ Հասարակության որոշ անդամներ մեզ մեղադրում էին՝ ասելով, որ մենք ուզում ենք կոտրել նահապետական հասարակությունը, բուլղարական ընտանիքների արժեքները, և այլն։ Դա, իհարկե, ճիշտ չէ։ Բայց այդ միտումը շրջադարձային էր։ Միայն Բուլղարիայի հասարակությունն այդպես չէր մտածում. որոշ շատ ուժեղ, աջ ծայրահեղական քաղաքական շարժումներ ողջ աշխարհում: Այս մոտեցումը՝ կանանց իրավունքների մասին, որը մենք արդեն ունենք, կոտրվել է: Այսօր այդ աջ ծայրահեղական քաղաքական շարժումները փորձում են կանանց թողնել խոհանոցում, նրանց փոխարեն էլ որոշել, թե երբ ու քանի երեխա ունենան, որ պաշտոններում աշխատեն, անգամ՝ ինչ մասնագիտությունն ընտրեն: Դա միայն բուլղարական հասարակությունում չէ»,- ասաց Իլիանա Բալաբանովան:

Տեղեկացնենք, որ 2018 թվականի հունվարին Բուլղարիայի նախարարների խորհուրդը Խորհրդարանին առաջարկել է վավերացնել կոնվենցիան։ Որոշումը դատապարտել էին կառավարության որոշ նախարարներ, խորհրդարանի անդամներ, մեդիա խմբեր և քաղաքացիական կազմակերպություններ, որոնք պնդում էին, որ կոնվենցիան, ի վերջո, կտանի երրորդ սեռի և նույնասեռ ամուսնությունների պաշտոնապես ճանաչմանը։

Լայնածաված բողոքներից հետո Բուլղարիայի 93-րդ կառավարությունը հետաձգել էր կոնվենցիայի վավերացումը և որոշումը վերապահել Սահմանադրական դատարանին, որը պետք է որոշեր կոնվենցիայի օրինականությունը։

Նախագահ Ռումեն Ռադևը, որը դեմ էր վավերացմանը, կոնվենցիայի հետաձգման որոշումը կոչել է «առողջ բանականության հաղթանակ»՝ նշելով, որ կոնվենցիան բազմիմաստ է, և, որ ընտանեկան բռնության հարցը կարող է լուծվել միայն Բուլղարիայի համապատասխան օրենքներով և իրավապահ մարմինների կատարելագործմամբ։

2018 թվականի հուլիսի 27-ին Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կոնվենցիայի վերաբերյալ, որտեղ նշվում է. «Ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպական խորհրդի կոնվենցիան չի համապատասխանում Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրությանը»։

Որոշման մեջ Դատարանը կապ է տեսնում ընտանեկան բռնության վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախորդ փաստաթղթի և տրանսգենդերների իրավունքների տարածման միջև։ Ըստ Սահմանադրական դատարանի՝ կոնվենցիան հնարավորություն է տալիս «գենդեր» եզրը երկակի մեկնաբանել՝ միաժամանակ և՛ որպես սոցիալական, և՛ որպես կենսաբանական կատեգորիա, ինչը հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության՝ մարդիկ սահմանվում են՝ որպես կենսաբանորեն տղամարդ կամ կին՝ հավասար քաղաքացիական իրավունքներով։

Հետևաբար, դատարանի որոշման համաձայն՝ կոնվենցիան իրավական հիմք է ստեղծում գենդերի նոր կենսաբանական սահմանման տարածման համար, ինչն էլ համարվում է հակասահմանադրական:

168.am-ը Ի. Բալաբանովայից, ում չի վախեցնում ու չի անհանգստացնում «գենդեր» բառը, հետաքրքրվեց, թե արդյո՞ք առանց Ստամբուլյան կոնվենցիայի չեն կարողանում պայքարել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ: Ի պատասխան՝ նա ասաց. «Քանի որ Բուլղարիան չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, ու քաղաքացիական հասարակությունը 2 մասի է բաժանվել՝ մարդիկ կա՛մ կողմ են Ստամբուլյան կոնվենցիային, կա՛մ դեմ են, ու այդ մասին շատ քննարկումներ են տեղի ունենում, հիմա բուլղարական կառավարությունը սկսում է բարեփոխել մեր ազգային օրենսդրությունը: Մենք ունենք ընտանեկան բռնության փաստաթուղթ, որն ընդունվել է 2005-ին, և հիմա նրանք փորձում են բարելավել այդ փաստաթուղթը, որպեսզի մի քիչ պատասխանատվության ինստիտուտ ստեղծեն»:

Բալաբանովնան միաժամանակ տեղեկացրեց, որ չնայած դրան, փորձելու է ամեն կերպ ստիպել, հորդորել բուլղարական կառավարությանը, որպեսզի վավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան:

«Ես Եվրոպայի խորհրդի փորձագետ եմ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, ու հիմա Ռուսաստանում թրեյնինգներ եմ իրականացնում։ Ես նաև լրատվամիջոցների հետ աշխատելու պարտականություն ունեմ՝ նրանց հուշելու, թե ինչպես պետք է պահպանեն գենդերային հավասարությունը։ Աշխարհում ո՞վ գիտի, որ մեր ներքին օրենսդրությունը լավն է, միայն բուլղարացիները, բայց դրա հետ մեկտեղ՝ Բուլղարիան դիտում են՝ որպես մի երկիր, որը չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան։ Եթե մենք այն վավերացնենք, մենք՝ որպես կառավարություն, որպես երկիր, աշխարհին ու մարդկանց կասենք, որ ամբողջությամբ դեմ ենք կանանց դեմ բռնությանը, զրո հանդուրժողականություն ունենք ընտանեկան բռնության նկատմամբ, և դա կլինի հաղորդագրություն, որը կգա իմ կառավարության ամենաբարձր մակարդակից»,- վստահ է Բալաբանովան:

Սակայն նա այդպես էլ չի կարողանում տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պատրա՞ստ են բուլղարացիները վավերացնելը Ստամբուլյան կոնվենցիան:

«Եթե դուք ինձ այս հարցը տայիք 1,5 տարի առաջ, ես կասեի՝ այո՛, որովհետև բուլղարացիները շատ բաց են ընտանեկան բռնության դեմ, բայց մեր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ես չգիտեմ՝ ի՞նչ ասեմ։ Թվում է, թե հասարակությունն ամեն ինչ թյուրիմացությամբ է ընկալում, թյուրիմացաբար է ընկալում «գենդեր» բառը, դրա սահմանումը։ Կոնվենցիան ոչինչ չի ասում ԼԳԲՏ  համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին, այնտեղ ոչ մի նման բան գրված չէ։ Շատերը մտածում են, թե այս Կոնվենցիան այդ համայնքի մասին է, բայց՝ ոչ։ Շատերը մտածում են, թե սրանով միասեռականների ամուսնությունների համար դռներ են բացվում, դա ճիշտ չէ։ Կոնվենցիայում ընտանիքի օրենքների մասին ոչինչ գրված չէ»,- վստահեցնում է Իլիանա Բալաբանովան:

Նրա գնահատմամբ՝ թյուրըմբռնման պատճառը քաղաքականությունն է: Նա վստահ է, որ Բուլղարիայում քաղաքական կուսակցություններն օգտագործում են կոնվենցիան ու հրապուրում են մարդկանց՝ իրենց օգտին քվեարկելու հարցում։ Ըստ նրա՝ հենց այս պատճառով են մարդկանց բաժանում խմբերի։

«Նայեք այս կուսակցությանը, նրանք աշխատում են ի նպաստ կոնվենցիայի, ու ինչո՞ւ, որովհետև այդ կուսակցության անդամներն ուզում են միասեռականների ամուսնությունների համար դռներ բացել»,- ասում է Բալաբանովան՝ նկատելով, որ իրենց հենց այսպես են հաճախ վերաբերվում:

Սակայն նա վստահեցնում է՝ իրենք նման բան չեն անում, իրենք ազգային արժեքների կողմնակիցն են ու հավատում են, որ ընտանիքը պետք է լինի ընտանիք, ու կարիք չկա երեխաներին իրենց սեռը փոխելու իրավունք տալ:

Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկված եվրոպական շատ երկրներ ևս Ստամբուլյան կոնվենցիան չեն վավերացրել: Այս առնչությամբ փորձագետը նշում է՝ կոնվենցիան չվավերացրած եվրոպական երկրներում պատճառը կրկին քաղաքական է:

Մեր հարցին, թե որոնք են իր ու կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ լոբբինգ իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները, Բալաբանովան պատասխանեց.

«Պետք է ասեմ, որ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն անդամավճար են վճարում, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի անդամ բոլոր երկրներն էլ են անդամավճարներ վճարում։ Ես չէի ասի, որ Եվրոպայի խորհուրդը կամ այլ վերազգային կազմակերպություն մեզ գումար է տալիս ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Եթե Հայաստանը որոշի չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, միևնույն է՝ կշարունակի լինել Եվրոպայի խորհրդի անդամ։ Մեր գումարը գալիս է այն դոնորներից, որոնք օգնում են բռնության զոհերին աջակցություն ցույց տալ։ Մեզ ֆինանսավորում են նրանք, որովհետև կառավարությունը սրա համար գումար չի նախատեսում»:

Այնուհետև՝ առանց անուններ հրապարակելու, նա ավելացրեց՝ եթե կառավարությունը բռնության զոհերին օգնելու համար գումար տրամադրեր, ապա այդ հասարակական կազմակերպությունները կանեին նույնը՝ պետության փողերով, ու հարց չէր առաջանա, թե ո՞վ է գումար տալիս այս կազմակերպություններին միասեռական ամուսնությունների համար դռներ բացելու համար։

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս