«Զրպարտանքը, այս ցեխ շպրտելու, սևացնելու, նախկիններին հանրության համար թշնամու կերպար ստեղծելու վարքագիծը պետք է դատապարտվի». Խոսրով Հարությունյան

«Դատավորն ինձ համար շատ անսպասելի, անակնկալ որոշում կայացրեց: Դատավորն օրենքով իրավունք ունի կողմերին պարտադրել անվճար հաշտարարի ծառայություն: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է, կողմերը հայտարարում, ասում են, որ՝ մենք չենք ուզում հաշտվել, ինքն ասում է՝ ոչ, գնացեք հաշտարարի մոտ, փորձեք նորից հաշտության եզրեր գտնել: Այդ որոշումն ինձ համար նույնիսկ անմեկնաբանելի էր»,- 168.amի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով դատական նիստում դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած որոշմանը, հավելելով, որ միակ մեկնաբանությունն այն է, որ անհասկանալի պատճառներով հարցը ձգձգվում է:

Գործով նախորդ դատական նիստի ավարտին դատավորը կողմերին հորդորել էր՝ եթե հնարավոր է՝ փորձել հաշտության եզրեր գտնել: Այսօրվա դատական նիստն էլ սկսել էր այդ հարցին անդրադառնալով:

Նիստում Խոսրով Հարությունյանը հայտնել էր, որ հաշտության եզրեր չի տեսնում, ու  հնարավոր չէ հաշտության գալ: Արման Բաբաջանյանի փաստաբանը ևս նույն տեսակետն էր հայտնել: Այդուհանդերձ, դատավորը որոշել է կողմերին 4 ժամ հաշտարարի ծառայություններից օգտվելու պարտադրանք ներկայացնել: Կողմերին դեռ հայտնի չէ, թե որ օրը դատարանի որոշմամբ ստիպված կլինեն այցելել հաշտարարի:

Անգամ հաշտարարի մոտ գնալու պարտադրանքը Հարությունյանին չի ստիպում հաշտության մասին մտածել: Նրա համար խնդիրը պարզ է. ԱԺ պատգամավորն իր հասցեին պաշտոնական հայտարարություն է արել, զրպարտել է իրեն:

«Ոչ թե փողոցում, ոչ թե սրճարանում սուրճ խմելիս, այլ Ազգային ժողովի լիագումար նիստում: Որևէ տառաճանաչ հայ, հոդաբաշխ 2 միտք իրարից տարանջատող հայ չի կարող այլ կերպ մեկնաբանել, քան զրպարտանք կամ կոնկրետ փաստ: Դրա համար ես ենթադրում էի, որ մի՞գուցե այս մարդը փաստեր ունի, որին ես տեղյակ չեմ: Միգուցե իրո՞ք ես թույլտվություններ ունեմ, բայց ես տեղյակ չեմ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ նախկին վարչապետը Բաբաջանյանի հայտարարությունից հետո փորձել էր կապ հաստատել պատգամավորի հետ. զանգերն անպատասխան էին մնացել: Դիմել էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, քանի որ Բաբաջանյանն այդ օրերին դեռ ԼՀԿ պատգամավոր էր, և ասել, որ, եթե արձագանք չլինի իրենց կողմից, դիմելու է դատարան: Արձագանք մինչ այսօր չկա:

Խ. Հարությունյանի համար մի բան է ակնհայտ. Արման Բաբաջանյանի հայտարարությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Այդ հայտարարությունն արվել է բացառապես քաղաքական նկատառումներով, բացառապես օգտվել է առիթից այս պատգամավորը՝ նախկինների վրա ցեխ շպրտելու ավանդույթն արմատավորելու նկատառումով, «ձեռքի հետ, ցեխ ա՝ շպրտենք, ոնց էլ լինի, մի բան արած կլինեն» ենթադրությամբ՝ առանց հասկանալու, որ իմ կենսագրությունն այս պետության ու պետականության հետ է կապված, ու ես թույլ չեմ տա որևէ կենսագրություն չունեցող, էլ չեմ ասում՝ կասկածելի անցյալի տեր մարդու, ցեխ շպրտի իմ անցած ուղու վրա: Դա հնարավոր չէ»,- 168.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանը վստահ է, որ Բաբաջանյանի ԱԺ-ում արած հայտարարության մեջ որևէ կառուցողական բան չկա, հետևաբար՝ անկախ պատգամավորը պետք է օրենքի առաջ պատասխան տա իր խոսքերի համար:

«Ցանկացած քաղաքական գործիչ, եթե նա իրեն համարում է քաղաքական գործիչ, պետք է պատրաստ լինի իր խոսքերի համար պատասխան տալ: Զրպարտանքը, այս ցեխ շպրտելու, սևացնելու, նախկիններին հանրության համար թշնամու կերպար ստեղծելու վարքագիծը պետք է դատապարտվի»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Նա պնդում է՝ հետևողական է լինելու, և հույս ունի, որ դատաքննության գործընթացն արդար կլինի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Ազգային ժողովում Արման Բաբաջանյանը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էր՝ արդյո՞ք որևէ ձևով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր նախկին տարբեր պաշտոնյաների, ու տվել էր նաև Խոսրով Հարությունյանի անունը։

Եվ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, այդ հայտարարությունից հետո Հարությունյանը փորձել էր կապ հաստատել՝ ինչպես ԱԺ այն օրերին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման  Բաբաջանյանի, այնպես էլ՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արձագանք չէր եղել, և Խոսրով Հարությունյանը 2019 թվականի մայիսի 17-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց էր  ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։

Խոսրով Հարությունյանը մտադիր է 2 միլիոն դրամ փոխհատուցումը փոխանցել զինծառայողների ֆոնդին, որպեսզի «այդ դասալիքից գոնե մի օգուտ զինծառայողները ստանան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս