«Դա ուղղակի նախկիններին սևացնելու անթաքույց ձգտում է». Խոսրով Հարությունյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարության մասին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը թեկնածու Գարեգին Բաղրամյանին հարց էր ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նրա 14 տարվա աշխատանքային գործունեության մասին, նշել, թե բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է հէկ-երի, ջրային ռեսուրսների կառավարման թույլտվություն։
Խոսրով Հարությունյանը, ում անունն Արման Բաբաջանյանը նախկին պաշտոնյաների շարքում հիշել էր, անդրադարձել էր սույն թեմային՝ մասնավորապես նշելով.
«…Նշված պատգամավորը հրապարակավ մեղադրել է ինձ ապօրինությունների և հանցագործության մեջ: Այդ հայտարարությունից անմիջապես հետո ես կապվեցի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանի հետ և, տեղեկացնելով, որ իր խմբակցության անդամի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, առաջարկեցի հորդորել պատգամավորին hրապարակավ հերքել իմ հասցեին հնչեցրած զրպարտությունը: Ի դեպ, այդ օրը նույն առաջարկով պատգամավորի հետ կապվելու իմ բոլոր փորձերն անցել են ապարդյուն: Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ս.թ. ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից՝ զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար:
Ի դեպ, այդ գրությանը կցել եմ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական տեղեկանքն այն մասին, որ ոչ ես, ոչ էլ իմ միջնորդությամբ որևէ ընկերություն որևէ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր երբևէ չի ստացել: Այս մասին ես գրավոր տեղեկացրել եմ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հուսով եմ, պարոն Բաբաջանյանը կդրսևորի պատգամավորին հարիր կեցվածք և կհետևի քաղաքական ողջամտության և բարոյականության իմ այս հորդորին»։
168.am-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ՝ ճշտելու՝ թե արդյոք նրա գրություններն արձագանքներ ունեցե՞լ են։
«Ես ճշտել եմ, որ գրությունները հասցվել են հասցեատերերին՝ թե՛ Արման Բաբաջանյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը, և թե՛ Արարատ Միրզոյանը ստացել են գրությունները։ Որևէ արձագանք կամ ինձ հետ շփվելու որևէ փորձ չկա այս պահի դրությամբ»,- ասաց Հարությունյանը։
ԱԺ նախկին պատգամավորը չբացառեց անգամ դատարան դիմելը՝ նկատելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով նրանք կանսան իր հորդորին։
«Ես նույնիսկ իրեն հնարավորություն եմ տալիս ներկայանալ, որ անտեղյակությամբ պայմանավորված դիպված էր դա։ Հնարավորութունն եմ առաջարկում պատգամավորին, որպեսզի նա կարողանա իր դեմքը պահել, համաձայնե՛ք, որ ես ավելին չեմ կարող առաջարկել նրան, թեպետ խորապես համոզված եմ՝ դա անտեղյակությամբ չի պայմանավորված. դա ուղղակի նախկիններին սևացնելու անթաքույց ձգտումն է։ Ուշադրություն դարձրեք՝ իր խոսքում նա անդրադառնում է գեներալներին և նախկին մեկ-երկու պաշտոնյայի անուն է տալիս՝ այդ թվում՝ նաև իմ, …ձեռքի հետ, կարծես թե իմիջիայլոց խոսում է գեներալիտետի մասին, այսինքն՝ վարկաբեկում է բանակը. դա պատահական չի՛ արվում»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ կսպասի առաջիկա լիագումար նիստին՝ տեսնելու, թե կլինի՞ հայտարարություն։
«Եթե լինի, բարի, կընդունեմ այդ ներողությունը, և կավարտենք, եթե չլինի, ապա անկասկած կմտածեմ, թե հետագայում ինչպիսի՞ քայլերի կարելի է դիմել»,- ամփոփեց նա։
Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք պատրաստվում է լսել Խոսրով Հարությունյանի հորդորը և հերքել ասվածը։
«Չեմ պատրաստվում։ Ոչինչ չեմ պատրաստվում անել այս պահին. դեռևս ժամանակ ունեմ և իմ դիրքորոշումը կհայտնեմ, դուք կիմանաք»,- տեղեկացրեց Բաբաջանյանը։
Զարուհի Դիլանյան