ՌԴ-ում քաղաքացիություն սկսել են տալ 1.5 անգամ հաճախ
Այս տարի Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունն օտարներին 1.5 անգամ ավելի շատ է քաղաքացիություն տվել, քան նախկինում: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:
ՌԴ ՆԳՆ-ի թերթին տրամադրած վիճակագրության համաձայն՝ նոր անձնագրերի տերերի մեծ մասն ուկրաինացիներ են: Գերակշռող մասը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների բնակիչներ՝ 146 000 մարդ:
Ռուսական անձնագրեր ստացել են նաև Ղազախստանից (35 000 մարդ), Տաջիկստանից (30 000 մարդ), Հայաստանից (17 000 մարդ), Ուզբեկստանից (14 000 մարդ) և Մոլդովայից (11.500 մարդ) դիմողները: Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիություն է ստացել 285 000 մարդ: Դա 48 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում քաղաքացիություն ստացածների թիվը՝ 192 000 մարդ:
Նկատվող աճը, համաձայն Ռուսաստանի ՆԳՆ-ի, պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որն ուղղված է ռուսական քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցմանը:
Ինչպես նշում են փորձագետները, քաղաքացիության ընդունումը փոխհատուցել է Ռուսաստանի բնակչության թվի բնական նվազումը: Քաղաքացիների նոր հոսքի հաշվին հաջողվում է հարթել երկրում դեմոգրաֆիայի նվազումը:
Պատրաստեց 168.am-ը