«Այս գործի կարմիր թելը միգուցե Կարեն Խաչատրյանի Խաչատրյան ազգանո՞ւնն է». Փաստաբան Ամրամ Մակինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգել էր ևս 2 ամսով:

168.am-ի հարցին ի պատասխան՝ Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ որոշումը սպասելի էր թե իր, թե իր վստահորդի համար: Հենց այդ պատճառով Կարեն Խաչատրյանը չէր ցանկացել ներկա լինել որոշման հրապարակմանը:

«Գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս քրեական գործի նկատմամբ, ու շատ մեծ համարձակություն  է պետք այսօրվա դատական իշխանությանն այս գործով համարձակ և արդար որոշում կայացնելու համար»,- ասաց Մակինյանը:

Կարեն Խաչատրյանը, որն աշխատել է ՊԵԿ-ում՝ որպես Ներքին անվտանգության վարչության պետ, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ: Խոսքը 200 միլիոն դոլարից ավելի գումարի մասին է, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, ամբողջությամբ փոխանցել են Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին:

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետի փաստաբանների համար զարմանալի են վարույթն իրականացնող մարմնի հիմնավորումները, թե Կարեն Խաչատրյանը կարող է խոչընդոտել քննությանը կամ խուսափել քննությունից: Ասում են՝ բոլոր այդ ռիսկերը չեզոքացված են:

Փաստաբան Ամրամ Մակինյանի  համար ռիսկերի չեզոքացման ապացույց է այն, որ այս գործը քննվում էր դեռ 2019 թվականի փետրվարից, ինչի մասին իր վստահորդը գիտեր: Մեկ այլ ապացույց է, որ  առաջին անգամ Կարեն Խաչատրյանի տունը խուզարկելիս   Խաչատրյանը տանը չի եղել, և իմանալով դրա մասին՝ գնացել է տուն:

«Խաչատրյանների գործով տարբերակված մոտեցում են ցույց տալիս և՛ իրավապահ մարմինները, և՛ դատարանները: Այս գործի կարմիր թելը  միգուցե Կարեն Խաչատրյանի Խաչատրյան ազգանո՞ւնն է»,- բոլորին ուղղված հռետորական հարց տվեց Մակինյանը:

Պաշտպանի համար նաև անհասկանալի է այն, որ Կարեն Խաչատրյանի գործով բոլոր նիստերը վարել է միևնույն դատավոր՝ Ռոբերտ Պապոյանը:

«Դիմել եմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել: Խնդրել ենք պարզաբանումներ, թե ինչով են առաջնորդվում, որ մակագրում են նույն դատավորին: Հարցման պատասխանը դեռ չեմ ստացել»,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ որոշմանը ծանոթանալուց հետո այն բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս