Համերգներ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Համերգների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը, որին կմասնակցեն Արցախի պետական ջազ-նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:
Կհնչեն ամիրխանյանական սիրված մեղեդիներ, այդ թվում՝ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:
Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ կհնչեն առաջին անգամ:
Նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» երեկոն, որին կմասնակցի նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):