«Ե՛վ իշխող, և՛ ընդդիմադիր ուժը հետ է նայում՝ ինչը ձանձրալի է». Քաղտեխնոլոգ
Նոյեմբերի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ և անդրադարձել Արցախի հիմնախնդրին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։
Վերջին իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից:
Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:
Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:
Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:
Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի ելույթին՝ նկատեց՝ Հայաստանում քաղաքական ուժերն իրենց հայացքն անընդհատ հետ են գցում, ինչն արդեն սկսել է հոգնեցնել հասարակությանը, ինչը հետաքրքիր չէ և դարձել է ձանձրալի։
«Այս համատեքստում նաև կարող ենք մեկնաբանել Սերժ Սարգսյանի ելույթը, քանի որ այնպիսի տպավորություն է, որ Զագրեբում՝ ԵԺԿ համագումարին մասնակցելու էր գնացել՝ քննադատելու Հայաստանի իշխանության կողմից տարվող քաղաքականությունը։ Խնդիրն այստեղ գլոբալ է, որ նման համագումարների մասնակցելու ժամանակ քաղաքական ուժի ղեկավարը ներկայացնում է զարգացում ունեցող հիմնահարցեր, մասնավորապես՝ պետք է տար իր պատկերացումներն այդ կուսակցության զարգացման տեսլականին և հավելեր, թե իր կուսակցությունն այդտեղ ինչ հեռանկարներ ունի։ Սակայն Երրորդ նախագահի ելույթը հետ նայող էր, ինչպես և՝ Միլանում գտնվող վարչապետի ելույթը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նա նաև նկատեց, որ Վատիկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձում էր փնտրել ու գտնել նախկին իշխանության կոռուպցիոներներին, այսինքն՝ կրկին ելույթն ամբողջովին հետ նայողի ելույթ էր։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այս ամենն արդեն ընդհանուր վտանգավորության աստիճանի է հասնում, քանի որ և՛ իշխող, և՛ ընդդիմադիր ուժը հետ է նայում, ինչը ձանձրալի է։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի հետ կապված՝ Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգություններին, Արմեն Բադալյանը նշեց, որ դրանով ՀՀ երրորդ նախագահը փորձում էր ակնարկել, որ օրվա իշխանությունները բանակցային գործընթացում ձախողել են, և այս պահին բանակցություններ չեն ընթանում։
«Այս ամենն անուղղակի հիշեցում էր և քննադատություն ներկա իշխանություններին։
Նրա ելույթն ամբողջովին սխալ էր և թույլ, ինչը մեկ պատճառ ուներ, որ այդ ելույթը դեպի ապագա նայող չէր։ Մարդիկ ապագայի հետ կապված ծրագրերի մասին են ուզում իմանալ։ Այդ պատճառով էլ այս ելույթի մասին շատ շուտ կմոռանան»,- ընդգծեց նա։
Քաղտեխնոլոգը նաև ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ելույթում որևէ մեսիջ չկար ուղղված հայ հասարակությանը, քանի որ ԵԺԿ համաժողովն այն ձևաչափը չէր, որտեղից կարելի էր մեսիջ ուղարկել հայ հանրությանը։
«Մեսիջների ժամանակներն անցել են, հիմա հստակ ծրագրային ելույթներ են պետք, այլ ոչ թե ինչ-որ մեսիջներ, դրա կարիքն այլևս չկա»,- եզրափակեց Ա. Բադալյանը։
Զվարթ Խաչատրյան