«Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումով, դիրքային առավելությունով շահեց հանրային կարծիքը՝ համեմատած այսօրվա իշխանության հետ». Երվանդ Բոզոյան

Երեկ Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի ժամանակ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր խոսքում ներկայացնելով՝ ինչպես ներհայաստանյան իրողությունների իր գնահատականը, այնպես էլ՝ թերևս, ուղերձներ հղելով միջազգային հանրությանը:

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին,  երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ինքը հեռացավ, որպեսզի իր ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ:

ՀՀ 3-րդ նախագահը նշել է նաև, որ Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում:

«Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից՝ ցանկացած, անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասաց, որ իր կարծիքով՝ դա 1.5 տարի անց ՀՀ երրորդ նախագահի առաջին լուրջ ելույթն էր:

«Ինքը սպասեց այդ ժամանակին, որպեսզի հասարակական տրամադրությունները փոխվեն և համահունչ լինեն այն իրավիճակին, որտեղ ինքն արդեն կկարողանա քննադատական ձևակերպումներ տալ գործող վարչապետի հասցեին, և դա էլ հենց արեց»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Նրա գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի գնահատականները համահունչ էին այսօրվա հանրության զգալի մասի տրամադրությունների հետ:

«Ինքը նաև խոստովանեց, որ իր մեղքի բաժինն ունի, որ այս մարդիկ եկել են իշխանության, և փաստացի դա բացատրեց նրանով, որ կային անվտանգության խնդիրներ: Բայց կար նաև մեկ այլ, ավելի գլոբալ պրոբլեմ, որ եթե այս իշխանությունը ձախողվի, ապա անուղղակիորեն այդ ձախողման պատասխանատվությունը կարող է ընկնել նաև Երրորդ նախագահի վրա, և նա սա ամբողջությամբ պետք է գիտակցի»,- նկատեց Երվանդ Բոզոյանը:

Հարցին, թե ովքե՞ր էին Երրորդ նախագահի հնչեցրած ուղերձների հասցեատերերը, քաղաքագետը պատասխանեց, թե իր կարծիքով՝ և՛ հասարակությունն է, և՛ միջազգային հանրությունը, այսինքն՝ Ս. Սարգսյանը փաստացի իր ուղերձներով դիմում էր միջազգային հանրությանը՝ նշելով, որ ըստ էության բանակցությունների կանգ առնելը վտանգավոր է, և ինքը կողմնակից է, որ բանակցությունները շարունակվեն, և ինքը խաղաղության կողմնակից է:

«Բացի այդ, այդ կոնտեքստի մեջ Սերժ Սարգսյանը հայ հանրությանը մեսիջ ուղարկեց, որ ինքը հստակ այն տեսակետն ունի, որ հայկական կողմը պետք է հստակ դնի այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լինի այնպես, որ վերջնարդյունքում լինի Ադրբեջանի կազմից դուրս, ինչ դիրքորոշումով մինչ այսօր մեր իշխանությունները հրաժարվում են հանդես գալ: Եվ փաստացի ինքն իր դիրքորոշումով, դիրքային առավելությունով շահեց հանրային կարծիքը՝ համեմատած այսօրվա իշխանության հետ»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Հարցին, թե հայտարարությունը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», կարո՞ղ էր արդյոք որոշակի ուղերձ լինել նաև ՀՀ  իշխանությունների համար, Երվանդ Բոզոյանը պատասխանեց, թե  ՀՀ ներկայիս իշխանություններն այդ ուղերձով չեն շարժվում:

«Իրենք ճիշտ հակառակն են անում: Տեսնում են, թե ինչ է արել նախկին իշխանությունը, և փորձում են հակառակն անել, որպեսզի ինքնահաստատվեն: Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հանդես գալով Բաքվի դեմ՝ իր խոսքն ուղղեց միջազգային հանրությանը, բայց իր ասելիքն այնպես ձևակերպեց, ասես դիմում էր Բաքվին»,- եզրափակեց քաղաքագետը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս