«Իրանում իրավիճակը հանդարտվում է». զարգացումներն Իրանում հարվածի տակ  են դնում հայ-իրանական հարաբերությունները

«Վերջին օրերին Իրանի մեծ քաղաքներում մեկնարկած լայնածավալ բողոքի գործողությունները բենզինի կրկնակի թանկացման դեմ վերջին ժամերի ընթացքում պակասել են, իրավիճակն ավելի կառավարելի է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մովսես Քեշիշյանը:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտել կառավարական որոշումը բենզինի կրկնակի թանկացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ բենզինի գինը մեկ լիտրի համար դարձել է 30.000 ռիալ (0.2 դոլար)` նախկին 15.000 ռիալի (0.009) փոխարեն, բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք՝ ամսական 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրը, որը պետք է վաճառվի նախկին՝ 15.000 ռիալով։ Ըստ պաշտանական տեսակետի՝ այս որոշումն ընդունվել է աղքատ քաղաքացիների համար. խոստանում են, որ խնայված գումարներն ուղղվելու են կարիքավորների աջակցմանը: Իրանի նախագահ Ռուհանին նշել է, որ աղքատներին աջակցելու համար կար ևս երեք տարբերակ՝ ավելացնել հարկերը, շատացնել նավթի արտահանումը, կամ վերացնել սուբսիդավորումները: Որոշման ընդունումից հետո բողոքի ալիք է բարձրացել տասնյակ քաղաքներում, որոնց ընթացքում գրանցվել են անկարգություններ, ձերբակալություններ, որոշ ակտիվիստներ վնասվածքներ են ստացել: Սակայն թվային մանրամասները ձերբակալվածների, ցույցերի մարդաշատության վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբերվում են:

Մովսես Քեշիշյանն ասաց, որ Իրանի մեծ քաղաքներում հասարակական տրամադրությունները փոքր-ինչ հանդարտվել են, ճանապարհներն ազատ են և նախորդ օրերի նման մարդաշատ չեն: Նա հույս հայտնեց, որ իշխանությունը հետևողական քայլեր կձեռնարկի այս տրամադրությունները չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ նա նշեց, որ ներկայումս որոշակի աշխատանքներ իրականացվում են, և հենց այդ պատճառով էլ ավելի հանդարտ իրավիճակ է:

Մովսես Քեշիշյանը հիշեցրեց, որ վերջերս Իրանում արժույթը թանկացավ՝ իր հետ բերելով գնաճ մի շարք ոլորտներում, որին հաջորդեց բենզինը, ինչն իր հերթին՝ գնաճի նոր ալիքի պատճառ պետք է դառնար:

«Այսինքն՝ կա սոցիալ-տնտեսական խնդիրների մի ամբողջ շղթա, ամեն ինչ փոխկապակցված է, ընդհանուր վիճակը ժողովրդին հանում է փողոց: Հատկապես ցածր խավի համար, երբ բենզինի գինը մի քանի անգամ բարձրանում է, ծանր վիճակ է ստեղծվում, հասարակությունը պոռթկում է, և չի կարելի ասել, որ ժողովուրդը խաղաղ պայմաններում ապրում է և հանկարծ որոշում է բողոքել, կան հստակ պատճառներ: Այդ որոշումը բարդացրել է իսկապես կյանքը: Իշխանությունները չէին պատկերացնում, որ նման զարգացումներ կլինեն, ժողովուրդն իր արդար պահանջն է ներկայացնում: Ժամանակի ընթացքում արևմտյան պատժամիջոցներն իրենց բացասական գործն արել են, և տնտեսությունը որոշ խնդիրներ ունի: Թեև մեծ քաղաքներում ուժեղ ցույցեր չկան, այնուամենայնիվ բողոքները դեռ պահպանվում են, հանրությունը չի կարող չարձագանքել գնաճին, տնտեսական իրավիճակին, իսկ իշխանությունը դեռ համակարգային լուծումներ չունի: Ներկայումս իշխանությունը քայլեր է ձեռնարկում, փորձում է սննդամթերքների թանկացումը, որը պայմանավորված կլինի բենզինի թանկացմամբ, չեզոքացնել: Սա կարևոր է ոչ միայն ներքին, այլև արտաքին հնարավոր սպառնալիքները կառավարելու տեսանկյունից»,- ասաց Մովսես Քեշիշյանը: Նրա կարծիքով՝ իշխանության կողմից իրավիճակի համարժեք գնահատման դեպքում այս ալիքը կմարի և շատ ավելի լուրջ քաղաքական գործընթացների պատճառ չի դառնա:

Անդրադառնալով տարածաշրջանին և հայ-իրանական հարաբերություններին՝ Մովսես Քեշիշյանն ասաց, որ սա բացասական է Հայաստանի Հանրապետության համար այն տեսանկյունից, որ Հայաստանի հարևանությունում իրավիճակը խաղաղ չէ: Բնականաբար, նրա խոսքով, Հայաստանը պետք է շարժվի հարևանների ներքին գործերին չմիջամտելու ոգով: «Այս իրավիճակը պետք է շուտափույթ հաղթահարվի նաև երկկողմ հարաբերություններում առկա պրոյեկտներն իրագործելու համար, այլապես ստեղծված իրավիճակը կհարվածի նաև երկկողմ հարաբերություններին»,- ասաց Քեշիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս