«Թուրքիան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցը լուծեց քաղաքական առևտրի արդյունքում». թուրքագետ

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի Արտաքին գործերի նախարարությանը կից Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության 2020 թվականի բյուջեն: Ըստ այդմ՝ 2020 թվականին այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30.000 դոլար), 2019-ին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն դոլար):

Թուրքական լրատվամիջոցները նկատել են, թե «այս որոշմամբ նվազեցվում է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն, այն դեպքում, երբ շատ երկրների խորհրդարաններ, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը 168.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ թուրքական արտաքին գերատեսչությանը կից Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության գործառույթը միայն Հայոց ցեղասպանության դեմ պայքարը չէ:

«Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքարում են Թուրքիայի արտաքին գերատեսչության բոլոր կառույցները: Այսինքն՝ մտածել, որ մի կառույցում գումարը պակասել է, այն էլ՝ աննշան, և դա նշանակում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում ձեռքերը լվանում է, սխալ է: Կրկնում եմ՝ այս խնդրով  շատ կառույցներ են զբաղվում: Երրորդ՝ բավականին շատ նախապատվություն է տրվում մասնավոր միջոցներին և հիմնադրամներին:

Այսինքն՝ ԱՄՆ-ում կամ աշխարհի այլ երկրներում, որոնք Թուրքիայի հետ կապված խնդիրներ ունեն, կամ պետք է, որ Թուրքիան դրական ներկայացվի, ինչ-որ հիմնադրամների, գործարարների գումարներով ֆինանսավորում են այդտեղի լոբբիստական կազմակերպություններին և անհատներին: ԱՄՆ-ի դեպքում հաստատ այդպես է. ոչ թե պետական մակարդակով են ֆինանսավորում, այլ թուրք գործարարների կամ հոլդինգների միջոցներով են հովանավորում լոբբիստներին»,- նշեց թուրքագետը:

Միաժամանակ Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց՝ Թուրքիան հասկացել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝  բուն խնդիրը, որն իր համար գլխացավանք էր, անցավ, ուստի հիմա կարիք չկա ընդհանուր հակահայկական լոբբինգի մեջ պետական ռեսուրսներ օգտագործել:

«Իրենք ներկա պահին հասկացել են, որ ամեն ինչ քաղաքական առևտուր է, այդ թվում՝ վերջին դեպքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված: Մենք տեսանք, որ հարցը լուծվեց մեկ քաղաքական հանդիպման արդյունքում. Էրդողանը հանդիպեց Թրամփին, ու այդ հարցը կարգավորվեց: Այսինքն՝ միլիոնավոր գումարներ ծախսելու իմաստ չկար, միևնույն է՝ անխուսափելի էր Թրամփ-Էրդողան  հանդիպումը: Հիմա Թուրքիան այս հարցում շեշտը դնում է քաղաքական հարթության վրա, քանի որ տեսնում է՝ Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների խորհրդարաններում ունի քաղաքական ուղղություն. քաղաքական հարցեր կան Թուրքիայի հետ, որոնք, բնականաբար, պիտի լուծվեն միայն քաղաքական ճանապարհով»,- ընդգծեց թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիան հակահայ քայլեր մշտապես անում է և՛ ԵՄ տարբեր գագաթաժողովներում՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ, և՛ տարբեր երկրներում մշակութային  միջոցառումների ժամանակ, և՛ քաղաքական հայտարարությունների տեսքով, որոնք կշարունակվեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել էր, որ արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության  մասին բանաձևն այն բանից հետո, երբ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

Նա օգտվել է այն կանոնից, որի համաձայն` մեկ սենատորը կարող է արգելափակել ամբողջ պալատի բանաձևի ընդունումը։

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս