
«Կանայք ու երեխաները մեր ժամանակներում հատկապես խոցելի են, ենթարկվում են շահագործման բոլոր ձևերին, բռնության, դաժանության դրսևորումների, ստրկացման». Հռոմի պապ

Կանայք ու երեխաները, որոնք առավել շատ են ենթարկվում շահագործման, բռնության եւ անարգանքի տարբեր ձեւերի, հատուկ պաշտպանության կարիք ունեն: Այդ մասին Թաիլանդի ղեկավարության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Կանայք ու երեխաները մեր ժամանակներում հատկապես խոցելի են, ենթարկվում են շահագործման բոլոր ձեւերին, բռնության, դաժանության դրսւորումների, ստրկացման»,-ասել է քահանայապետը, հավելելով, որ երախտապարտ է երկրի իշխանություններին «այդ չարիքն արմատախիլ անելուն» ուղղված ջանքերի համար: Արծարծելով միգրացիայի թեման՝ Ֆրանցիսկոսը նշել է, որ «զանգվածային միգրացիոն հոսքերի ֆենոմենը գլխավոր բարոյական խնդիրներից մեկն է»:
«Չի կարելի անտեսել միգրացիոն ճգնաժամը: Յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի պաշտպանել փախստականների եւ միգրանտների արժանապատվությունը: Չէ որ խոսքը ոչ միայն միգրանտների, այլեւ մեր հասարակության նկարագրի մասին է»,-նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Կաթոլիկները կազմում են Թաիլանդի գրեթե 70-միլիոնանոց բնակչության մեկ տոկոսից պակաս մասը, որն առավելապես բուդդիզմ է դավանում: Պապի ուղեւորությունը Թաիլանդ նվիրված է ասիական այս երկրում առաջին առաքելական միսիայի 350-ամյա հոբելյանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: